Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե խորհրդարանական ընդդիմությունը շարունակի մերժել նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությունը։ Հիմնական օրենքի նախագիծը, որի շուրջ քննարկումները Երևանը համարում է բացառապես ներքին օրակարգ, կհրապարակվի առաջիկայում։
Հոկտեմբերի 22-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները վճռորոշ նշանակություն ունեն պետության հարատևության համար։ Հունիսյան ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 105 տեղանոց խորհրդարանում ունի 64 մանդատ, ինչը վեց ձայնով պակաս է նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ երկու երրորդից։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, որոնք տնօրինում են մնացած 41 մանդատները, դեմ են արտահայտվել գործընթացին։ «Մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը հատուկ անդրադարձել է նաև գործընթացի արտաքին քաղաքական ասպեկտին՝ հաշվի առնելով, որ պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրումը պարբերաբար պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ։ Փաշինյանը վերահաստատել է, որ այդ հարցն Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա չէ։
«Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է»,- շեշտել է նա։
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն ընդունում է այլ պետության ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը, սակայն պարզաբանում է, որ պարզապես իրազեկում է հայկական կողմին իր քաղաքական դիրքորոշման մասին խաղաղության գործընթացի համատեքստում։ Այս նրբերանգը Փաշինյանը սկզբունքային է համարում։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հիշեցրել է, որ նոր Սահմանադրության ընդունումն ի սկզբանե ամրագրված է եղել կառավարության և իշխող ուժի նախընտրական ծրագրերում։ Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ Բաքուն նույնպես խոսում է այդ մասին, չպետք է ստիպի Երևանին հրաժարվել սեփական սահմանադրական օրակարգից։
«Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով և պետք է նոր Սահմանադրություն ունենանք»,- եզրափակել է նա։