22.10.2026
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարել է Հայաստանում աշխատատեղերի «ռեկորդային աճի» մասին

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն աշխատաշուկայում նոր պատմական առավելագույն ցուցանիշ է արձանագրել. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում ստեղծվել է շուրջ 15 հազար նոր աշխատատեղ, իսկ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն աճել է գրեթե 40 հազարով։


Տնտեսական դրական միտումների մասին հոկտեմբերի 22-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճը կազմել է մոտ 4,9 տոկոս կամ 39 751 աշխատատեղ։ Միաժամանակ դրական դինամիկա է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ ավելանալով 28 418 դրամով (շուրջ 7 տոկոս)։ Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական բարեփոխումների երկարաժամկետ ազդեցությունը՝ նշելով, որ 2017 թվականի նախահեղափոխական սեպտեմբերի համեմատ երկրում ի հայտ է եկել 311 480 նոր աշխատատեղ։


Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտնել էր 2026 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերի թվաքանակի 4.9% (կամ 39 751) աճի մասին` նշելով, որ այն հասել է 845 438-ի։


«Վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա: Իհարկե, ինչպես միշտ, մարտահրավերներ էլ մենք ունենք, և ընթացիկ շրջանի երևացող մարտահրավերը ԵԱՏՄ շրջանակում մեր հարաբերություններն են, որի շուրջ առաջիկայում, իհարկե, կաշխատենք»,- հայտարարել է Փաշինյանը։


Վարչապետը շեշտել է, որ պետական քաղաքականությունը շարունակելու է միտված լինել տնտեսական դինամիկայի ապահովմանը՝ Հայաստանի ինքնիշխանության և պետականության ամրապնդմանը զուգահեռ։ Նրա գնահատմամբ՝ երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան հաջողությամբ է ընթանում, և առկա տվյալները հույս են ներշնչում, որ դրանք առաջիկայում ավելի կխորանան։


Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ 2018-ի համեմատ 2025 թվականի արդյունքներով Համախառն ներքին արդյունքի աճը կազմել է շուրջ 53 տոկոս։ Չնայած գնաճային որոշակի միտումներին, որոնք գլոբալ գործընթացների մաս են, կառավարությունը մտադիր է հավատարիմ մնալ ընտրված կուրսին։


«Մենք ընդհանուր առմամբ աշխատանքով բարեկեցության հասնելու ռազմավարությունից պիտի չշեղվենք և պետք է շարունակենք այս ճանապարհը։ Այդ ճանապարհին մարտահրավերներ պետք է լինեն, և մենք պետք է դրանք կառավարենք այնպես, ինչպես նախկինում՝ մեր տնտեսության և տնտեսվարողների համար հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծելով, որպեսզի նրանք աշխատեն, արդյունք ստեղծեն և օրենքով սահմանված հարկերը վճարեն»,- եզրափակել է գործադիրի ղեկավարը։

 Լուսանկարը` primeminister.am
22.10.2026
Երևանը շարունակում է Թուրքիայի հետ սահմանը բացելու բանակցությունները. Նիկոլ Փաշինյան