«Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը «ուժեղների» ֆրակցիայի քարտուղարի շուրթերով պատասխան հնչեց, թե «Ուժեղ Հայաստան»-ը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության հանրաքվեին, որ կուսակցությունը դեմ է Սահմանադրությունն «Ալիեւի պահանջով» փոխելուն եւ պատրաստ է արտահերթ ընտրությունների։
Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը:
Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով», - նշված է հրապարակման մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։
Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։
Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։
Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Փաշինյանը, ինչպես կարծում են իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, կարող է բավական կտրուկ որոշում կայացնել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր թիմի մի մասը նման զարգացումներին պատրաստ չէ»։