Մամուլ. Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ վերջինս 44-օրյա պատերազմից հետո կարծես թե իրեն դուրս է դնում գործընթացներից, որեւէ կարծիք չի արտահայտում, թիմի շահերից հանդես չի գալիս։ Նշենք, որ ԱԺ նախագահի թիմը խորհրդարանում դժգոհ է նրա պահվածքից, ավելին՝ այսպիսի տեսակետ կա, որ Միրզոյանը կողպել է բերանը ու որեւէ ձեւով չի ցանկանում խոսել: Միրզոյանը իր մտերիմ թիմի հետ ո՛չ հանդիպում է, ո՛չ քննարկում առաջիկա անելիքները, ու բոլորն անորոշ են, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կլինեն, թե ոչ: Մենք տեղեկացանք, որ մոտ մեկուկես ամիս է՝ Միրզոյանն անգամ խորհրդարանի աշխատանքներն իր թիմի հետ չի քննարկում: Մի խոսքով, ԱԺ նախագահը խռոված է անգամ ինքն իրենից ու որեւէ բան չի խոսում, չի անկեղծանում, թե ինչ պլաններ ունի: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի թիմի անդամ են համարվում խորհրդարանում Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Տաթեւ Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Դավթյանը, Վիկտոր Ենգիբարյանը: Ի դեպ, նկատենք, որ պատերազմի ավարտից հետո մի բառ Միրզոյանը չի խոսել լրագրողների հետ, անգամ Թուրքիայի գործակալ լինելու բարձրաձայնումներից հետո ԱԺ նախագահը հրապարակավ չի խոսել լրագրողների հետ»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իմ քայլը» դաշինքով Սյունիքից ընտրված, սակայն մանդատ ստանալուն պես խմբակցությունից հեռացած պատգամավոր Աննա Գրիգորյանը, ըստ լուրերի, կհանգրվանի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում՝ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» քվոտայով։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Գրիգորյանը կհայտարարի, թե որ ուժի հետ է շարունակելու քաղաքական պայքարը, նա հրապարակավ իր աջակցությունն է հայտնելու նախկին մարզպետ Վահե Հակոբյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ հատուկ նիստում վարչապետի չընտրության քվեարկության բավականին ուշագրավ պատկեր գրանցվեց։ Թեեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» որոշել է ձեռնպահ քվեարկել, որպեսզի Փաշինյանը չընտրվի վարչապետի պաշտոնում, որը խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ նախապայմանն է, սակայն քվեարկության արդյունքն այսպիսին էր․ 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ։ Պարզվեց՝ «Իմ քայլից» Նարեկ Ղահրամանյանը, որը մինչ պատգամավոր դառնալը Սյունիքի փոխմարզպետն էր, կա՛մ լավ չէր ընկալել պարզ հանձնարարականը, կա՛մ չի ուզում խորհրդարանն արձակվի, կա՛մ էլ Փաշինյանին իր անհուն սերն է ուզում ցուցադրել։ «Դեմ»-երն էլ Արման Բաբաջանյանը, Բաբկեն Թունյանն ու «Առաքելությունից» Եղիշե Սողոմոնյանն էին։ Սակայն ուշագրավն այն է, որ թեեւ ԱԺ նախագահը արձանագրված ցուցանիշների մասին ամբիոնից հայտարարեց, ապա փակեց նիստը, սակայն խորհրդարանի պաշտոնական կայքում չընտրության արդյունքները սխալ էին՝ 78 ձեռնպահ, 2 դեմ, իսկ լրացումների բաժնում խմբագրել էին, որ Ղահրամանյանն ու Թունյանը ձեռնպահ են։ Իմքայլականների պես քվեարկեց նաեւ ԲՀԿ-ից պոկված Սերգեյ Բագրատյանը, ով հնարավոր է հայտնվի իշխանության ցուցակում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի եւ Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչեւ անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։ Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջեւ չկանգնելով։ Թերեւս իշխող թիմին եւ հենց վարչապետին անհանգստացնում է անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, եւ տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սեւացնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանն առաջիկա արտահերթ նիստում կքննարկի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթը, որն օրերս է Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկվել։ Ապա ԸՕ նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա հունվարից եւ չեն տարածվի առաջիկա ընտրությունների վրա։ Սակայն ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, իմքայլական Համազասպ Դանիելյանը չբացառեց, որ որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն մինչեւ հունիսի 20-ը։ «Որեւէ դրույթի ուժի մեջ մտնելու հավանականությունը մեծապես կախված է լինելու, թե երբ կստորագրվի նախագահի կողմից»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ դրույթների մասին է խոսքը։ Հիշեցնենք․ փաթեթում է ներառված ընտրությունների անցողիկ շեմի իջեցումը, կուսակցությունների համար 1%-ով` կդառնա 4%, դաշինքների համար՝ բարձրացում․ 2 կուսակցության դաշինքի դեպքում անցողիկ շեմը կդառնա 8%, 3 կուսակցությունների դաշինքի դեպքում` 9%, 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի դեպքում`10%։ Հարցրինք՝ կա՞ն դրույթներ, որոնք Վենետիկի հանձնաժողովի բացասական կարծիքին են արժանացել։ «Այո, դրա ամենացայտուն օրինակներից մեկը ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն է։ Ընտրության գաղտնիության սկզբունքի հետ է կապված»։ Հիշեցնենք, որ 2016-ին, երբ ՀՀԿ-ն ընդունեց ԸՕ-ն, ընդդիմությունը բողոքի ալիք բարձրացրեց, եւ իշխանությունը ստիպված եղավ զիջումների գնալ ու համաձայնել ընդդիմության առաջարկի հետ՝ հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները, հիմա, փաստորեն, այդ դրույթը հանվում է։ «2017-ին, երբ այդ փոփոխությունը մտցվեց, քանի որ ընդդիմությունն էր պահանջում, եւ ՀՀԿ-ն զիջեց, մինչեւ հիմա էլ եվրոպական կառույցների բոլոր կարծիքներում ասվում է, որ լավ լուծում չէ՝ գաղտնիության առումով», սակայն այն, ըստ ամենայնի, չի հանվի նախագծից․ «Մենք չենք հրաժարվել, որովհետեւ ստորագրված ցուցակներն էապես նպաստել են ընտրությունների նկատմամբ վստահության ավելացմանը։ Այլ հարց է, երբ ժամանակի ընթացքում հնարավոր լինի ընտրացուցակները մաքրել, կարելի է հետեւել եվրոպական ստանդարտներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտահերթ ընտրությունների հնարավոր ելքի մասին խոսում են ամեն օր: Նույնիսկ նորաբաց ու անհասկանալի նպատակներ ունեցող կուսակցությունները իրենց թիմակիցներին վստահեցնում են իրենց թիմի հաղթանակի մեծ հավանականության մասին, եւ ամեն մեկը փորձում է ինչ-որ կերպ աչքի ընկնել ու ցույց տալ, թե ինչքան հայրենասեր է, որքան խելացի ու բանիմաց են իրենց թիմերը: Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող հայտնի ընկերություններից մեզ փոխանցեցին, որ իրականում գրեթե կրկնվում է 2018թ.-ի սցենարը. որքան շատ են երեւում նախկինները կամ նախկինների հետ ասոցացվող մարդիկ, այդքան ուժեղանում է Փաշինյանի շուրջ մոբիլիզացիան: Մեզ փոխանցեցին, որ մինչեւ այս ամսվա վերջ կհրապարակվեն ավելի կոնկրետ թվեր, բայց այս պահին Փաշինյանի վարկանիշը բարձր է։ Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր էր ունենալ այլ արդյունք, եթե ընդդիմադիր դաշտում գործեին նոր ուժեր ու կուսակցություններ, մեզ փոխանցեցին, որ նման դեպքում, ամենայն հավանականության, Փաշինյանի հաղթանակի շանսերը առնվազն կնվազեին, քանի որ հարցվածների մի զգալի մասը, հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, պատասխանում են՝ որ նախկինները հետ չգան։ Եվ հենց սրանով է պայմանավորված մյուս թեկնածուների համեմատությամբ Փաշինյանի վարկանիշը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մամուլում հրապարակում եղավ, թե, ուսումնասիրությունների համաձայն, ընտրության գնացողների 60 տոկոսից ավելին պատրաստ է քվեարկել Փաշինյանի օգտին։ Ցավալին այն է, որ ամբողջ մի ազգի գաղափարախոսությունն ու երազանքը դարձել է նախկինների հետ չգալը, իսկ թե ինչ է լինելու տնտեսության հետ, ինչ է լինելու Արցախում, ինչ է լինելու արտաքին քաղաքական հարցերում, կարծես թե, լայն զանգվածներին չի էլ հուզում»:
«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «168 ժամ»-ում գրել է․ «Որքան էլ անսուրբ հնչի, բայց մեր ամենամեծ կորուստը հազարավոր ջահելների, ըստ էության՝ մի ամբողջ սերնդի կորուստը չէ։ Նաև Հայրենիքի մի մեծ հատվածի կորուստը չէ։ Ամենամեծ կորուստը մի հսկայական զանգվածի մոտ կյանքի զգացման կորուստն է, ինչի պատճառով մեր պարտությունը չի ավարտվել. Նիկոլը շարունակում է մարդկանց զոհել և Հայրենիքը հանձնել։ 5000 զոհերն ու 10000 քառ. կմ հանձնելը նրանց համար դաս չէ, այս մարդկանց համար կարևորն այն է, որ նախկինները չգան։ Սրանք պարզապես ինքնասպաններ չեն, որոնք տեսնում են, թե ինչպես է Նիկոլն իրենց տարել, տանում և տանելու մահվան, դա իրենց համար երկրորդական է։ Այս մարդիկ մարդասպաններ են, քանի որ ունեն քվեի իրավունք, և այդ իրավունքով պնդելու են, որ Նիկոլը մեզ էլ տանի կործանման։ Նիկոլի ընտրազանգվածը համասեռ չէ, այն կազմված է երկու անհավասար խմբից։ Առաջին, առավել ագրեսիվ, բայց փոքր խումբը կազմում են ուսապարկերը և նրանց կից ցելոֆանե տոպրակները։ Այս մարդիկ շատ լավ են հասկանում, թե ինչքան հանցանքներ են գործել, և երկիրը նիկոլաթափելու դեպքում իրենք հայտնվելու են բանտում։ Նրանց շահերից է բխում երկրի կործանումը, քանի որ, եթե չլինի Հայաստանը, նրանց դատապարտող էլ չի լինի։ Նրանք գիտակցաբար են տանում երկիրը փլուզման, որպեսզի պատասխան չտան իրենց գործած ավերի ու հանցանքների համար։
Ավելի զանգվածային է երկրորդ խումբը՝ Հայաստանի այն բնակիչները, որոնք քնում են, արթնանում են և ապրում են «Նիկոլը լավ է արել, որ Շուշին հանձնել է, բա որ նախկինները դղյակներ են կառուցե՞լ» մանթրայի տակ։ Նրանք մտածելու կարիք էլ չունեն, դա իրենց փոխարեն անում է Հովիկ Աղազարյանը, իսկ յութուբյան իշխանամերձ աղբանոցային TV կոչվածի ռեժիսորն էլ ամեն ինչ անում է, որ սրանք չզգան իրենց շուրջ իրենց մահվան շունչը, բայց փոխարենը՝ ցանկանան սատկացնել նախկիններին։ Շատ դժվար է պատկերացնել, թե նախընտրական քարոզչության ժամանակ ինչ կարելի է անել սրանց հետ։ Հիմնական լրատվամիջոցներից, որից սրանք օգտվում են, Հ1-ն է, պետական վերահսկողության տակ գտնվող այլ մեդիաները, որտեղ ոչ նիկոլական մտքերն արգելված են։ Բայց նաև չի կարելի սրանց անտեսել, քանի որ մեզ մահվան տանողներն իրենք են։ Բայց մի բան հաստատ կարելի է ասել՝ ապագային ուղղված նիկոլական մեսիջները սրանց համար չեն։ Սրանք թքած ունեն ՝ ապագա կա՞, թե՞ չկա, իրենց լիովին բավարարում է սեփական ժեխական ներկան, հպարտ են յութուբյան աղբանոցային TV կոչվածների լրատվությամբ, թե ինչպես Նիկոլը գոռաց Բայդենի վրա ու սատկացրեց Ալիևին… Սրանք սարսափած հետևում են, որ հանկարծ հարևանը 87թ. Opel-ը չփոխանակի 91թ. Toyota-ի հետ, քանի որ ինչ-որ մեկի կյանքի բարելավումն իրենց համար համարժեք է նախկինների վերադարձի կատաստրոֆային»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջացրել է իրավապահ համակարգի դժգոհությունը: Այն այսօր պետք է քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում: Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ օրենքը կարող է տարածվել 5131 քաղաքացու նկատմամբ։ Սակայն դեռ խորհրդարան չհասած՝ արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ համակարգում արդեն իսկ դժգոհում են, թե պետք է համաներում կիրառվի ոչ թե երկիրը լքած տղաների, այլ 44-օրյա պատերազմի ժամանակ անհավասար մարտից մազապուրծ եղածների նկատմամբ, որոնք մեղադրվում են մարտական դիրքը լքելու համար։ Նշենք, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2020 թվականի տարեկան զեկույցի, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով հարուցվել է 1445 քրեական գործ: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվը ավելի մեծ է, այն հասնում է մոտ 8 հազարի: Եվ, ահա, իրավապահ համակարգն ավելի կողմ է, որ համաներվեն այս մարդիկ, ոչ թե հայրենիքից փախածները, որոնք հիմա իշխանություններին պետք են ընտրական գործընթացներին մասնակցելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ապրիլի 1-ին գրել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։ Նախաձեռնությունն արդեն գրանցված է, կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Այն նաեւ գրասենյակ ունի։ Հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանը եւ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Խորհրդի անդամներից է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Մայիսի 7-ին նրանք ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու գործունեության նպատակները։ Շաբաթ օրը ՀԿ անդամները նիստ են արել եւ խորհրդի նախագահ ընտրել Հրանտ Եպիսկոպոսյանին։ Թե ինչու հենց Եպիսկոպոսյանին, Միքայել Համբարձումյանը բացատրեց․ «Մենք զինվորական աստիճանակարգությունը հարգող մարդիկ ենք, Եպիսկոպոսյան Հրանտը գեներալ-լեյտենանտ է, եւ, բնականաբար, ինքն էլ պետք է խորհրդի կազմը ղեկավարեր»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական գործընթացներին ընդառաջ իշխանությունում նախապատրաստում են այն գործիքակազմերը, որոնցով պետք է կարողանան հանրության առաջ հերթական իմիտացիան ստեղծել և ապացուցել, որ իրենք «գործ են անում»։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է, որ կառավարության ծրագրերի ծախսային հատվածը հիմնականում ուղղորդված է եղել ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։ Ասֆալտապատումն այն առաջնային «գործն» է, որով «աշխատող կառավարության» բլեֆը հստակ աշխատում է։ Թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանությունները նախաձեռնել են Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված հերթական «բլեֆը» կազմակերպել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս համապատասխան հարցերով զբաղվող ԾԻԳ-երի պետերին և կապալառու կազմակերպություններին հրավիրել են կառավարություն և հստակ հանձնարարական տվել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր բոլոր տարբերակներով մայրուղում ընթացող հատվածներում ակտիվացնել, իսկ դադարեցված հատվածներում՝ վերականգնել շինաշխատանքները, որպեսզի նախընտրական գործընթացներին ընդառաջ «թմբկահարելու» թեմաներ ունենան»:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով գնաճի ցուցանիշի հետ, ապա այն մեզ մոտ առնվազն երկու անգամ ավելի բարձր է: Զարգացած երկրներում 1,1-1,4 տոկոսանոց գնաճ է արձանագրվել նշված ամսում, հարևան Վրաստանում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ, մինչդեռ Հայաստանում 5,8 տոկոս է: Հետևաբար, թե՛ միջազգային համեմատությունները, թե՛ նախորդ ժամանակաշրջանում Հայաստանում գրանցված գնաճի ցուցանիշները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գնաճային ալիք կա, ինչն էլ ավելի է մեծացնելու երկրում առկա սոցիալական խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ գնաճի տեմպերն անընդհատ մեծանում են: «Եթե դիտարկենք միտումները, գնաճը գնալով ահագնանում է, որովհետև 2020 թ. հունվարից սկսած՝ մենք ամեն ամիս ունեցել ենք մինչև 1,5-1,8 տոկոսանոց գնաճ: Իսկ դեկտեմբերին գնաճի ցուցանիշը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 3,7 տոկոսի: Արդեն 2021 թ. հունվարին ունեցանք 4,3, հետո՝ 4,8 տոկոս, ու գնալով այդ ցուցանիշն աճեց: Ակնհայտ է, որ, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածների, մենք հիմա ամեն ամիս ավելի բարձր տեմպերով գնաճ ունենք: Հետևաբար, սա վկայում է, որ տնտեսությունում գնաճի առումով դրական միտումներ դեռ չկան»,-ասաց տնտեսագետը: