22.12.2024
Ինչո՞ւ է Բաքվին հարկավոր գերմանացի քաղաքական գործիչների լոբբինգը
17.03.2021
Ինչո՞ւ է Բաքվին հարկավոր գերմանացի քաղաքական գործիչների լոբբինգը

Վերջերս տեղի ունեցած սկանդալից հետո, որում ներգրավված են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից Բունդեսթագի պատգամավորներ Նիկոլաս Լեբելը եւ Գեորգ Նյուսլայնը, որոնք ֆինանսական շահի համար պաշտպանիչ դիմակներ գնելիս միջնորդական ծառայություններ են մատուցել, Գերմանիայում նոր կոռուպցիոն սկանդալ է ծավալվում: Ինչպես դիմակների գնման պատմության դեպքում, սկանդալի կենտրոնում կրկին հայտնվել են Գերմանիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամները մեղադրվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխող ռեժիմից կաշառք ստանալու մեջ։ Գերմանիայի դատախազության ուշադրությունը վերջին մի քանի շաբաթների ընթացքում սևեռվել է ՔԴՄ-ի երկու հայտնի անդամների՝ Մարկ Հաուփթմանի և Ակսել Ֆիշերի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բավական կասկածելի շփումների բացահայտված փաստերին։ Ադրբեջանի կառավարությունից կաշառք ստանալու կասկածների, ինչպես նաեւ «դիմակների սկանդալում» Հաուփթմանի անուղղակի մասնակցության ապացույցների ֆոնին մարտի 11-ին գերմանացի քաղաքական գործիչը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից: Մեկ այլ քրիստոնյա դեմոկրատ Ակսել Ֆիշերը, որը Բունդեսթագում խուզարկություններ իրականացնելու նպատակով միաձայն զրկվել է անձեռնմխելիությունից, կարող է գումար ստանաց լինել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում իր աշխատանքի ժամանակ։ Դատախազները հայտարարել են, որ պատգամավորներին «մեղադրում են Ադրբեջանից 2006-2018 թվականներին կեղծ ընկերությունների միջոցով գումար ստանալու մեջ, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայում, Բալթյան Բանկերի բանկային հաշիվներին»: Der Spiegel պարբերականի հաղորդմամբ՝ Մարկ Հաուփթմանը մոտ 16 հազար եվրո է ստացել իրեն պատկանող Südthüringen Kurier թերթում Ադրբեջան տուրիստական այցերի գովազդային հայտարարությունների, ինչպես նաև ադրբեջանական արտադրության նռան հյութի տեղադրման համար: Գովազդային հաղորդագրություններն ուղեկցվել են հանրապետության քաղաքական իմիջի բարելավմանն ուղղված հոդվածներով եւ այլ նյութերով: Հատկանշական է, որ այս սկանդալը գերմանացի քաղաքական գործիչների կողմից Ադրբեջանից կաշառք ստանալու առաջին նախադեպը չէ։ 2017 թվականի գարնանը հրապարակված անկախ փորձագետների խմբի զեկույցում, որն ստացել է «Խավիարային դիվանագիտություն» անվանումը եւ նշել այն քաղաքական գործիչների անունները, որոնք ֆինանսական վարձատրություն են ստացել Եվրոպայում Բաքվի շահերի լոբբինգի համար, նշված է ՔԴՄ-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը: Զեկույցում, մասնավորապես, խոսվում էր Շտրենցին կաշառելու մասին, որը հանդես է եկել ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի զեկուցող, որը վերահսկողություն է իրականացրել կազմակերպության անդամակցելիս Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: Ալիեւների կլանից ստացվող եկամուտները թաքցնելու մեղադրանքները Շտրենցին թույլ չեն տվել կրկին առաջադրվել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով։ Ինչ դրդապատճառներ է հետապնդում համեմատաբար փոքր երկիրը, որի բնակչության թիվը հազիվ 10 մլն է հասնում՝ փորձելով ձեւավորել «ադրբեջանամետ» լոբբի եւ ֆինանսավորել գերմանացի քաղաքական գործիչներին։ «Տվյալ դեպքում խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով երկրի բարենպաստ իմիջ ձևավորելու փորձի մասին է, որը կլեգիտիմացնի Ադրբեջանի քաղաքականությունը»: Ադրբեջանի քաղաքականությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին հերթին որոշվում է իշխանության ղեկին գտնվող Ալիևների կլանի գործունեությամբ։ Երկիրը մշտապես հայտնվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններում, որոնք քննադատում են պաշտոնական Բաքվին մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների և Մամուլի ազատության անբավարար ապահովման համար։ Նման գործունեություն իրականացնելու մեկ այլ ծանրակշիռ նախադրյալ, փորձագետի կարծիքով, Ադրբեջանի ցանկությունն է «ստանալ, այլ ավելի շուտ ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հարցով Բունդեսթագում աջակցություն»: Հարցը, թե արդյոք Բունդեսթագի պատգամավորների նկատմամբ հետաքննությունները կհանգեցնեն Ադրբեջանի կողմից Բաքվի շահերի լոբբինգին գերմանացի քաղաքական գործիչներին ներգրավելու գործունեության դադարեցման, մնում է բաց: Ակնհայտ է մի բան, տվյալ դեպքում, որ նոր սկանդալն ընտրությունների շեմին դժվար թե դրական ազդեցություն ունենա Քրիստոնեա-դեմոկրատական միության վրա։