22.12.2024
Մամուլ. Փաշինյանը հայհոյում է Մարությանին. նրանց հարաբերությունները սառեցվել են
14.01.2021
Մամուլ. Փաշինյանը հայհոյում է Մարությանին. նրանց հարաբերությունները սառեցվել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, եւ նա հրաժարվել է կատարել։ Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։ Ուղղակի բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին եւ համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը։ Սա կառավարման ճգնաժամի եւս մեկ ապացույց է, որից ելքն առանց իշխանափոխության հնարավոր չէ գտնել»: «Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկովյան այցից առաջ ոչ միայն Փաշինյանը, այլեւ ողջ պատվիրակությունը մեկ շաբաթ կարանտինում է գտնվել՝ ռուսական կողմի պահանջով։ Մեր աղբյուրներն ասացին, որ Պուտինը նման նախազգուշական միջոցառումներ է կիրառում արդեն ամիսներ շարունակ եւ անգամ իր նախարարներին ընդունելուց առաջ ստիպում է, որ նրանք թեստ հանձնեն եւ կարանտինում գտնվեն։ Ինչ վերաբերում է Փաշինյանի այցին, ապա չնայած ՌԴ-ից բժշկական խումբ էր ժամանել Հայաստան, որ հետազոտի ՀՀ վարչապետին, մասնավորապես պարզի քովիդի առկայությունը, սակայն Նիկոլ Փաշինյանն իր պատվիրակության կազմում է ընդգրկել նաեւ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի, որ Մոսկվայում արագ թեստ անցնելու ժամանակ իրենից քսուքը ոչ թե ռուս բժիշկները վերցնեն, այլ նախարարության չինովնիկը, որը մեկնելուց առաջ հատուկ ուսուցման կուրս է անցել»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, եւ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը։ Իսկ, ահա, դատավորները ասում են, որ Ջհանգիրյանը ԲԴԽ կարող է գալ միայն օրենքի փոփոխության արդյունքում, եւ, ըստ էության, չեն ընդունի ավագ անդամին: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում երեկ կայացած հանդիպմանը, ապա, մեր տեղեկություններով, երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Ջհանգիրյանի փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Իմքայլականները հիացած են եղել Ջհանգիրյանով, հանդիպումից դուրս են եկել ապշած, որ, ի վերջո, իրենց հաջողվել է գտնել մի մարդու, որը կարողանում է խոսել «դուխով», ավելին՝ իրենց «դուխ» է տվել: Ջհանգիրյանը շատ մանրամասն խոսել է Մատաղիսի դեպքերի մասին ու ներկայացրել է մանրամասներ գործից: Հարց է հնչել նաեւ Հոկտեմբերի 27-ի հետ կապված, որին Ջհանգիրյանը պատասխանել է, թե դրա մասին ինքը բազմիցս է իր դիրքորոշումը ներկայացրել: Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ նրան այդ պաշտոնին առաջարկել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ միասին, իհարկե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Հավելենք, որ իմքայլականները երեկ 7-րդ երկնքում էին այն բանի համար, որ Ջհանգիրյանը արդեն կգնա ԲԴԽ ու բոլոր հարցերը իրենց տեղը կգցի»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։  Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ եւ ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»։ Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, եւ, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը։ Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցյալ վտանգավորներին չեզոքացնելու համար»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան քաղաքական շոկը արտահերթ ընտրություններով հաղթահարելու՝ իշխանությունների ցանկությունը կարծես ավելի է խորացնում առկա քաղաքական ճգնաժամը: Հասարակության զգալի մասը կարիք ունի նոր քաղաքական դեմքերի, ովքեր չեն ասոցացվում նախկին եւ ներկա իշխանությունների հետ, ինչը առաջ է բերում նոր, երրորդ բեւեռի ձեւավորման անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են արվում։ «Փաստի» տեղեկություններով, օրեր առաջ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հասարակական կառույցների ղեկավարների եւ այլ, հեղինակավոր անձանց հավաք, ովքեր անդամագրված չեն որեւէ քաղաքական ուժի: Հավաքին մասնակցած հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր պլատֆորմը ստեղծվում է ազգային եւ հոգեւոր արժեքներ կրող մարդկանց հենքի վրա։ Մեր հարցին՝ անակնկալ միավորումներ սպասվո՞ւմ են, թերթի զրուցակիցը դրական պատասխան է տվել՝ հավելելով` պլատֆորմը ընդգրկուն է եւ միավորելու է բարձր հեղինակություն վայելող բազմաթիվ անձանց, եւ այդ մասին տեղեկատվություն կլինի գործընթացը ավարտին հասցնելուց հետո»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պաշտոնից ազատվելուց հետո Երեւանում է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս Նիկոլ Փաշինյանի հորդորով ձեռնամուխ է եղել քաղաքական թիմ հավաքագրելուն։ Ճիշտ է, վերջինս դեռ վերջնական որոշում չունի քաղաքական ուժ ստեղծելու առումով, սակայն փորձում է գոնե հասարակական-քաղաքական հարթակ ստեղծել, որի նպատակը ՀՀ իշխանություններին սատարելն է։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը, որը վերջին 2,5 տարիներին անթաքույց աջակցում էր Բաբայանի արցախյան միսիային, հիմա էլ նպատակ ունի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում ԱԺ-ում իր համար անհրաժեշտ եւ կառավարելի «ընդդիմություն» ապահովել: Բաբայանն իր առաքելությունն Արցախում ավարտված է համարում եւ փորձում է ներգրավվել փաշինյանական նոր կոմբինացիաներում։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ Արցախում Բաբայանի վարկանիշի լուրջ անկման պայմաններում բնական էր, որ վերջինս ինքնադրսեւորման նոր հարթակ է փնտրելու, այս անգամ՝ Հայաստանում»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց։ Բացի այն, որ ստորագրված հայտարարությունում հայկական շահերից բխող ոչ մի դրույթ չկար, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցն իրեն չի հաջողվել լուծել։ Այսինքն, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի շահերը ներկայացնող անձը պրոհայկական ոչ մի կետ չի կարողացել իրականացնել, սակայն դրա հետ մեկտեղ բավականին հանգամանալից քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարցը, ստեղծվել է դրանց ժամանակագրությունը։ Զավեշտալին այն է, որ տեղի ունեցածից հետո իշխանական քարոզչական մեքենան ակտիվորեն շրջանառում է այն թեզը, թե հայ գերիների հարցը բաց է մնացել, քանի որ, կոպիտ ասած, «Պուտինը չի ցանկացել»: Այլ կերպ ասած՝ տեղի ունեցած եւ շարունակվող խայտառակության մեջ դարձյալ մեղավոր են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից: Այս դեպքում գլխավոր մեղավորը ռուսներն են։ Ընդհանրապես, նկատելի է, որ հետկապիտուլ յացիոն շրջանում իշխանական ու մերձիշխանական որոշակի շրջանակներ նորից սկսել են իրականացնել ակտիվ հակառուսական քարոզչություն: Եվ արշավը, բնականաբար, չի սահմանափակվում միայն այս մեկ հարցով. նկատելի է հստակ միտում՝ հնարավոր ու անհնար շատ մեղքեր բարդել ռուսների վրա»: «Հրապարակ» թերթը գրում է. «Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։ Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։ Վերադարձի առաջին օրը նա իրեն բավականին առույգ է զգացել, մտերիմներին հայտնել է, որ ամբողջությամբ առողջացել է, սակայն 2 օր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ նախօրեից գտնվում է Իզմիրլյան կենտրոնում։ Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ի ռեանիմացիայի բաժնում է գտնվում նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ կորոնավիրուսի բարդացած ընթացքով»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Արցախյան պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում: Նախ, Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, եւ միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու: Այդ գումարից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան .5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։ Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Այսինքն՝ նոր քննչական մարմինը, որը պետք է զբաղվի կոռուպցիոն գործերի բացահայտմամբ, արժենալու է 8մլրդ դրամ։ Բացի այս, ինչպես հաղորդում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ «Երեւան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։  Ինչպես ավագանու անդամն է բնութագրել, 24 միլիոն դրամ՝ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար: Իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «քրոնիկ» արձակուրդում է, եւ չկա բացատրություն, թե ինչու հենց այդ անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվեց կլորիկ գումարը։ Մեկ այլ փաստ եւս. միայն դեկտեմբեր ամսին ՀՀ Քննչական կոմիտեի բացված գրի աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար, իսկ 2020թ.-ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Այնինչ այս իրավիճակում գումարները պետք է ուղղվեին Արցախում անօթեւան մնացած քաղաքացիների կարիքները հոգալուն»: «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, եւ չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։ Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր հետո, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է ԱԺ հերթական նիստում։ Ուշագրավ է, որ եկող շաբաթ կմեկնարկի հերթական քառօրյան, սակայն ԱԺ կայքի որեւէ բաժնում զեկույցը դեռ չի ներկայացվել՝ ո՛չ օրակարգային հարցերում, ո՛չ էլ օրակարգ չմտած նախագծերի ցանկում։ Հանձնաժողովի անդամի խոսքով, չի բացառվում, որ պատերազմից հետո այն օրակարգ առհասարակ չբերվի․ «Հատկապես, որ ոչ աշխարհացունց բացահայտում ենք արել, իսկ վերջին պատերազմի համեմատ ապրիլյանի «մեղքերն» ուղղակի հյուլե են»։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թ․ մայիսին: Մեկ տարուց ավելի հանձնաժողովը հարցաքննել է նախկին եւ ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին։ Միայն 2016-ին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե խայտառակ բացահայտումներ են սպասվում նախկիններին»: «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Պատգամավորներն առաջարկում են հիմնադրամին մուծումները կազմակերպել պրոգրեսիվ սկզբունքով՝ կախված ստացած աշխատավարձի չափից: Այսպես՝ մինչև 100 հազար դրամ բազային աշխատավարձ ստացողը կվճարի 1500 դրամ, մինչև 150 հազար ստացողը՝ 2 հազար, մինչև 150-300 հազար ստացողը՝ 3 հազար, մինչև 500 հազար ստացողը՝ 5 հազար, մինչև 750 հազար ստացողը՝ 7500, մինչև 1 մլն 500 հազար ստացողը՝ 15 հազար, 1 մլն 500 հազարից ավել ստացողը՝ 20 հազար դրամ: Պատգամավորների առաջարկած մեխանիզմը բավական արդար է, քան ներկայում գործողը, երբ անկախ եկամտի չափից՝ յուրաքանչյուր աշխատող մուծում է հազար դրամ»: «Ժամանակ» թերթը գրում է. «2021թ. Արցախից Հայաստան ներկրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը կփոխհատուցվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հայաստանյան ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է, քան Արցախից ներկրված էլեկտրաէներգիան: Հայաստանի Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքով՝ բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել, քանի որ Արցախից էլեկտրաէներգիա չի մատակարարվում, Հրազդանի 5-րդ բլոկը կանգնած է, ատոմակայանը շուտով 140 օրով կանգնելու է վերազինման նպատակով. «Ատոմակայանը միայն վերազինվելուց հետո կարող է իր հզորություններով մտնել, որ հնարավոր լինի հասնել մինչ այս եղած վիճակին։ Մենք 1 միլիարդ կՎտ հոսանք էինք ստանում Արցախի հիդրոկայաններից։ Հիմա դա չկա։ Ինչը նշանակում է դա լրացնել ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին»»։ «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղատնտեսությունը հարկել շահութահարկով: Հայաստանում գյուղատնտեսությունը վնասաբեր ոլորտ է, և հայտնի է, որ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների մեծ մասը ոչ միայն շահույթով չի աշխատում, այլև նրանց զգալի մասը կորցրել է իր սեփականությունը բանկերին ու վարկային կազմակերպություններին ունեցած պարտավորությունների դիմաց: Միակ հուսադրող հանգամանքն այն է, որ այս փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2025թ. հունվարի 1-ից»: