22.12.2024
Մամուլ. Ով է Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն
23.02.2021
Մամուլ. Ով է Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, պարզվում է, քաղաքական այլ պլաններ ունի, իսկ իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը՝ այլ տրամաբանություն: Սերժ Սարգսյանի մտերմիկ շրջապատի եւ ընտանեկան միջավայրի մարդիկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ պետք է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ պաշտոնում փոխարինի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը կամ այլ մեկը:  Հիշեցնենք, որ 2008-2014 թվականներին Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ 2014 թվականի ապրիլին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել, ու նրան այդ պաշտոնում փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը, իսկ արդեն 2014 – 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը։ 2016-2020 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ 2020 թվականից դարձել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ։ Այս ընթացքում Սերժ Սարգսյանն աշխատում է Տ. Սարգսյանին Հայաստան վերադարձնել ու վարչապետի էստաֆետը նրան փոխանցել: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր թիմից մեկին վարչապետի «աթոռին» վերադարձնելու համար, քանի որ այլ նպատակներ ունի: Ու ընդդիմադիր լիդերների առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի սրտով չէ, ավելին՝ վերջինս ներսում լուրջ քննադատում է նրան ու վարչապետի պաշտոնում նրան չի էլ տեսնում»: «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում եւ նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։ Սակայն Արայիկ Հարությունյանը չի ընդառաջել՝ վախենալով, որ դա կվերածվի իր եւ իշխանության դեմ ակցիայի։ Նա անցած շաբաթ նաեւ որոշում ընդունեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի վերջը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։ Արցախյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ այդ որոշման միակ պատճառն այն է, որ Հարությունյանը մերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ պատճառաբանելով, որ եթե հնարավոր լիներ ընտրություն անել, ապա ՏԻՄ ընտրություններ կկազմակերպեր»: «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։ ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաեւ Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը եւ խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «իմքայլական» Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է. «Եվ եթե մտածում են, որ պետք է շենքեր գրավեն, ապա պետք է մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, այլ՝ պետականությունն է պահում, եւ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Երեկ ողջ օրվա ընթացքում մեդիատիրույթում եւ սոցցանցերում բուռն քննարկման եւ քննադատության առարկա դարձավ այս հայտարարությունը։ Մասնավորաբար, թե փորձագիտական շրջանակները, թե այլ քաղաքացիներ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքին, որ պետության՝ կրակելու իրավունք ունենալու մասին բարձրաձայնում է 2018-ի ապրիլի 13ին Ռադիոտան շենքն օրը ցերեկով գրաված ուժի ներկայացուցիչը, ՊՊԾ գունդը զենքով գրավածներին կառավարությունում պաշտոնապես ընդունած, դատարանների շրջափակում կազմակերպած անձի թիմակիցը: Ինչ վերաբերում է «ժողովրդի իշխանության» ներկայացուցչի՝ ժողովրդի դեմ զենք կիրառելու հնարավորության մասին բարձրաձայնման պատճառներին, ապա կան կարծիքներ, որ Անդրանիկ Քոչարյանի բերանով իշխանությունը սպառնում է, սակայն քիչ չեն կարծիքները, որ սրանով իշխանությունը ի ցույց է դնում սեփական վախերը... Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ «քայլողների» մեջ քիչ չեն եղել այնպիսիք, որոնք ապշել են Ա. Քոչարյանի հերթական անհավասարակշիռ հայտարարությունից. ոմանք երեկ նեղ շրջապատում նաեւ կոշտ գնահատականներ են հնչեցրել վերջինիս հասցեին»: «Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հետ։ Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաեւ մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին մեզ ասաց նաեւ դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել։ Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը նրան ասել է՝ սա քո առաջին փորձությունն է, տեսնենք, թե ոնց կհաղթահարես։ Արդյունքը կարծես «վատ» չէ՝ 4-5 հոգուց երկուսին, Ջհանգիրյանի եւ Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ջանքերով, կալանք տվեցին։ Ի դեպ, Մկրտչյանը 2000-2006թթ․ եղել է Լոռվա դատախազը եւ ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաեւ բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը։  Հիշեցնենք, որ ֆեյքը հայհոյախառն գրառումներ է արել ԱԱԾ տնօրենի հասցեին։ Ինչ վերաբերում է վճռաբեկի նախագահին, ապա ուշագրավ է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Լ․ Թադեւոսյանը հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, նա նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով է դատախազ եղել։ Չնայած դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ջհանգիրյանի եւ Թադեւոսյանի հոր՝ Զելիմ Թադեւոսյանի միջեւ նախկինում ջերմ հարաբերություններ են եղել, հիմա էլ աղջկա հետ է դա շարունակվում»: «168 ժամ» թերթը գրում է. ««2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի Հանրապետության, պետության դեմ։ Թեև այդ պատերազմում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել նաև մինչև 44-օրյա պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիայի կնքումը, այդուհանդերձ պետության դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի քայլերը վերջնականացել են հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Պատերազմի ընթացքում ու պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց պետության առանցքային ինստիտուտներից մեկը՝ բանակը։ Բանակի հեղինակազրկումն ու պատվազրկումը սկսել էր շատ ավելի վաղ, պատերազմն ընդամենը դարձավ բանակի վերացման վերջակետը։  Նույնը Նիկոլ Փաշինյանն արել է նաև իրավապահ մարմինների հետ․ ոստիկանությունն այսօր վերածվել է անհաշվելի շարքերով Նիկոլ Փաշինյանի աշխատավայրն ու կեցավայրը պաշտպանողի: Ոստիկանության հեղինակությունը նույնպես հասցվել է անթույլատրելի ցածր կետի։ Դատական համակարգի դեմ պատերազմը Նիկոլ Փաշինյանը սկսել է իշխանության գալու առաջին իսկ օրվանից և շարունակում է մինչև այսօր։ Դատարանները դեռևս դիմադրում են, սակայն իշխանության պահպանման դեպքում նա ավարտին է հասցնելու նաև դատական համակարգի կազմաքանդումն ու ծառայեցումն իր իշխանության պահպանմանը։ Ահա այս համատեքստում՝ պետությանը, պետական ինստիտուտներին հայտարարված պատերազմի համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել նաև անվտանգության համակարգի մյուս կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդմանը։ Այն, ինչ վերջին օրերին այդ մարմինը անում էր «ֆեյք բռնելու գործով», ԱԱԾ-ի հեղինակությունը վերջնականապես հողին հավասարեցնելու օպերացիա էր, որում Նիկոլ Փաշինյանը կրկին շոշափելի հաջողություններ արձանագրեց։ Առանց այդ էլ նորմալ համբավ չունեցող ԱԱԾ-ն այլևս դարձել է մեմերի ու անեկդոտների առարկա։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իրար հետևից հաջողություններ է արձանագրում պետական ինստիտուտների, իմա՝ պետության դեմ հայտարարված պատերազմում։ Նրա հաջորդ թիրախը լինելու է հասարակությունը, որն առանց պետական ինստիտուտների առկայության՝ դառնալու է էլ ավելի խոցելի թիրախ։ Նիկոլ Փաշինյանն իրականում հակահամակարգային կերպար է․ նա գիտակից կյանքում, լրագրողական աշխատանքում կարիերա է արել՝ համակարգերի դեմ տարիների, տասնամյակների հետևողական պայքարի շնորհիվ։ Հիմա նա հնարավորություն է ստացել պայքարել համակարգերի դեմ՝ լինելով համակարգի գագաթում»: «Ժամանակ» թերթը գրում է. «17-ի ներսում հարաբերությունները շատ ծանր են և այն աստիճան, որ որոշ գործիչներ իրար նույնիսկ չեն բարևում: Մասնավորապես սրված են «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և ՀՀԿ-ականների հարաբերությունները: Պատճառն այն է, որ Բագրատյանը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին է մեղադրում 2018թ. առանց դիմադրության իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու մեջ: ՀՀԿ-ականների համար Սարգսյանի անձը անքննելի է, և ցանկացած քննադատություն՝ անընդունելի»: «Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում շարունակվում են ակտիվորեն լուրեր շրջանառվել, որ ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ն լքել է, որպեսզի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին: Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, եւ նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով: Միեւույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ես երկրորդ նախագահի անձին վերաբերվում եմ մեծագույն հարգանքով: Ի վերջո, նա այն անձն է, ում օրոք երկրի տնտեսությունը վերելք է ապրել, ժողովուրդը կարողացել է ապրել եւ իրեն ապահով զգալ: Մեր սահմանները եղել են ապահով, եւ, որ ամենակարեւորն է` թշնամին գլխիկոր է եղել Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ, նրա պաշտոնավարման տարիներին: Այդ ամենը պետք է գնահատել: Ինչ մնում է իմ` անկախ պատգամավոր դառնալուն, ապա ես իմ հայտարարության մեջ մանրամասն անդրադարձել եմ պատճառներին»: - Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որեւէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ: - Ոչինչ չեմ բացառում, քաղաքական գործիչը եթե ինչ-որ բան բացառեց, ուրեմն նա պետք է այլ բանով զբաղվի, ոչ քաղաքականությամբ»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 20-ին ի վերջո կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հրավիրված հուժկու հանրահավաքը, որի ձեւն ու բովանդակությունը տեւական ժամանակ թեժ քննարկվում էր: Ընդդիմությունը պնդում է, որ հանրահավաքին մասնակցել է 40 հազար մարդ, իսկ իշխանությունն էլ դժկամորեն պնդում է՝ 12 հազար, եւ եւս 800 անձ ծածկերի տակ են եղել: Ամեն դեպքում, նույնիսկ վատ եղանակի պայմաններում, ցրտին եթե անգամ 12 հազար անձ է մասնակցել հանրահավաքին, ապա դա արդեն ազդակ է, ուրեմն պահանջ կա, ու այն որեւէ կերպ պետք է լսելի դառնա: Հիմա անդրադառնանք այն խնդրին, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում լայն զանգվածների կոնսոլիդացնել պայքարի իշխանությունների դեմ, եւ ինչու չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի օրինակով ապակենտրոն պայքար սկսել ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Բանն այն է, որ այսօրվա ընդդիմությունը կրկնում է 20-25 տարի բոլոր ընդդիմադիրների թույլ տված սխալները. նրանք հրավիրում են հանրահավաքներ, խոսում են կիրթ բառապաշարով , որը, բնականաբար, հասու չէ բոլոր քաղաքացիներին, որովհետեւ Հայաստանում, օրինակ, 2018/19 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 9 512, սովորել` 69 622, ավարտել` 15 540 մարդ: 2019/2020 ուստարվա ժամանակ ավարտել է 15 846 մարդ, ուսանողների ընդհանուր քանակն էլ եղել է 65 հազար 547-ը, իսկ, ահա, ընդունվել է արդեն 14 հազար 631-ը: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 959 հազար մարդ: Այսինքն՝ կրթական այս միջավայրի պայմաններում միտինգային լոզունգներով անհնարին է հասնել հաջողությունների: Իսկ ո՞րն էր 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հաջողությունը. Փաշինյանը գնաց, քայլեց ու այդ ընթացքում բակ-բակ, տուն-տուն հասցրեց իր մեսիջները, որոնք մարդկանց համար հոգեհարազատ էին, ու իրենք այդ վճռականությունն արդեն տեսան Ռադիոտան դուռը կոտրելուց, ոստիկանության հետ համառ պայքարուց եւ այլն։ Իսկ այս ընդդիմությունը վերեւից է խոսում ժողովրդի հետ, ոչ թե հավասարը հավասարի պես, ինչի համար էլ հաջողության չեն հասնում: Երբ իրենք կփոխեն իրենց մարտավարությունը, աշխատելաոճը, հայտարարությունները, կասեն, որ նախ իրենք են սխալվել, ներողություն կխնդրեն, ամեն մարդ էլ սխալվելու իրավունք ունի։ Հիմա հանրությանը մեղադրելով՝ իրենք հաջողության չեն կարողանալու հասնել: Հետեւաբար հարց է առաջանում՝ մի՞թե հանրությունը չի հասկանում, որ մենք մեր հայրենիքն ենք կորցրել, հիմա քաղաքականապես ուրիշ իրավիճակ է, նախկինի ու ներկայի թեմա է՛լ չկա»: «Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախատեսվում է մարտի կեսերին: Ընդդիմության լիդերները մտածում են, որ մարդկանց փողոց դուրս գալուն խանգարում է ոչ թե իրենց նկատմամբ անվստահությունը, այլ եղանակային վատ պայմանները, և դրանից ելնելով՝ որոշել են առաջիկա 20 օրերին սահմանափակվել լոկալ ակցիաներով»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան շրջանում հայաստանյան ներքաղաքական կյանքը ակտիվ խմորումների փուլ է թեւակոխել։ Ըստ այդմ, պատերազմում հայկական կողմի խայտառակ պարտությունը իշխանությունների հեռացման շուրջ քաղաքական օրակարգ է ձեւավորել։ Ավելի ստույգ՝ հստակ կոնսենսուս:  Պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունները, որոնք չնայած առանձին հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, կարողացել են համախմբվել կառավարության հրաժարականի պահանջի եւ իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ։ Տեւական ժամանակ է, որ մասնավորաբար 17 կուսակցությունների շուրջ համախմբված ընդդիմադիր հատվածը մեծ հույսեր էր գեներացնում փետրվարի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված, թե այս հավաքը վճռորոշ նշանակություն է ունենալու։ Թերեւս այն ուներ նաեւ խորհրդանշական իմաստ, քանի որ փետրվարի 20-ը ասոցացվում է Արցախյան շարժման փաստացի սկզբնավորման հետ։ Սակայն ընդիմության խոստացած մեծ հանրահավաքի անցկացումից հետո դրա շուրջ տարբեր կարծիքներ կան։ Որոշ տեսակետների համաձայն, ընդդիմությանը հաջողվեց իշխանություններին ցույց տալ, որ իրենք ի վիճակի են փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, այն էլ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։ Ընդդիմադիր հատվածից անգամ խոսվում էր մինչեւ 30-40 հազար մարդու ներկայության մասին։ Գոյություն ունի նաեւ հակադիր տեսակետը, թե ելնելով երկրում առկա իրավիճակից՝ ընդդիմության վճռական հանրահավաքն այնքան էլ մարդաշատ չէր, որքան սպասվում էր։ Իշխանությանը հարող շրջանակների գնահատականերով՝ ընդամենը 12 հազար մարդ է մասնակցել հավաքին։ Բայց սա ամենաէականը չէ... Ինչ վերաբերում է հավաքի բովանդակային կողմին, ապա դրա շուրջ կարծիքները եւս տարբեր են։ Ըստ որոշ գնահատականների, ընդդիմությունն էլի մարդկանց հավաքեց, ընդդիմադիր գործիչները ելույթ ունեցան, իսկ հետո հավաքի մասնակիցներին պարզապես տուն ուղարկեցին, կիրակի հանգստացան, իսկ երեկ իրականացրեցին հերթական անհնազանդության երթը։ Այսինքն, քիչ չեն նրանք, ովքեր ընդդիմությանը մեղադրում են անվճռականության մեջ: Բանն այն է, որ ըստ նշյալ տեսակետն ունեցողների, մարդկանց հավաքել-խոսել-տուն ճամփելու գործելակերպի կրկնությունը եւ քաղաքական առումով վճռորոշ գործողությունների բացակայությունը շատ արագ կարող է քաղաքացիների շրջանում հիասթափության ալիքի առաջացման պատճառ դառնալ, քանի որ նրանք իրական փոփոխությունների ու վճռական քայլերի ակնկալիքներ ունեն։ Միեւնույն ժամանակ, պետք է փաստել, որ այս անգամ առավել կոնկրետ ուղերձներ հնչեցին ապագայի հետ կապված։ Այսինքն, պահանջներից զատ հստակեցվեցին նաեւ տեսլականները որոշ հարցերի շուրջ: Հանրահավաքի ժամանակ մասնավորապես խոսվեց, թե ընդդիմության ապագայի պլանների մեջ է մտնում այն, որ բանակը շատ արագ պետք է վերակառուցվի, իսկ Զանգեզուրով անցնող տրանսպորտային ուղիները պետք է լինեն միայն հայկական կողմի զինված ուժերի վերահսկողության տակ։ Խոսք եղավ նաեւ դաշնակից Ռուսաստանի եւ այլ բարեկամ երկրների հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության եւ այլ խնդիրների մասին։ Փաստացի գոնե ընդդիմությունը ապագայի մասով որոշակի պատկերացում եւ ուղերձներ է հղում, իսկ իշխանություններն այս առումով ընդհանրապես անգործության են մատնված։ Նրանք միայն փորձում են լուծել իրենց՝ աթոռին մնալու հարցը։ Եվ դրա համար նրանք արդեն ամիսներ շարունակ պահպանում են ռազմական դրությունը եւ տարբեր մեխանիզմներով փորձում են պարզապես լռեցնել ընդդիմությանը։ Իսկ այս նպատակի համար ծառայեցնում են իրավապահ համակարգը՝ այն դարձնելով իրենց կամակատարը։ Արտաքին եւ ներքին սպառնալիքներից ելնելով՝ երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ են ծառացած, որոնց դիմագրավելու համար հապշտապ գործողություններ են պահանջվում, բայց երկրի ղեկավարությանն այդ ամենը այնքան էլ հետաքրքիր չէ, նրանք «ֆեյք» բռնելով են զբաղված։ Ստացվում է, որ այնպիսի պարադոքսալ իրավիճակում ենք հայտնվել, որ իշխանությունները մտադիր չեն հեռանալ, բայց միեւնույն ժամանակ մտադիր էլ չեն գործ կատարել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող հարցերի շուրջ։ Կարճ ասած՝ փակուղային իրավիճակում ենք»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձևավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս: Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, և, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, և առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, և ոչ միայն այս առնչությամբ: Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար: Այս հարցումը ևս արժանացել է այդ ճակատագրին: Սակայն, չնայած դրան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «ՌԻԱ»-ին և խոսել նաև հայկական բանակում կատարվելիք փոփոխությունների, ռուսական ռազմաբազայի ընդլայնման և այլ հարցերի մասին»: «168 ժամ» օրաթերթը գրում է․ «Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը: Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը: «Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը: Դա հակասում է մեր ազգային շահերին: Բայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը: Իր հերթին՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանի ղեկավարության կողմից Արցախին հասցվող էական օգնության բացակայության արդյունքն էր: «Բառերով ամեն բան գեղեցիկ էր հնչում՝ մարտակոչ, Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու կոչ, սակայն կամավորները ներկայանում էին զինկոմիսարիատներ, իսկ նրանց ասում էին՝ սպասեք: Արցախից ռումբեր, փամփուշտներ էին խնդրում, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չէր հասնում Արցախ»,- ասել է Լեոնկովը: Նա նաև հավելել է, որ զորքերի հյուսիսային պաշտպանական գիծը դիմադրում է ադրբեջանական հարձակումներին: Հյուսիսից զորքին դուրս չեն բերում, որովհետև ասում են, որ վտանգ կա նաև այդտեղից ճեղքման: Այդ ժամանակ Շուշի է մտնում երկրորդ խմբավորումը, տիրում Շուշիին, պարզվում է, որ հարավային ճակատն ընկել է, իսկ բուն Շուշին, փաստորեն, պատրաստ չէր պաշտպանության: «Այսինքն՝ հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կպաշտպանի Արցախը: Բայց այստեղ նաև շատ հետաքրքիր փաստեր են բացահայտվում, որոնք արդեն հրապարակվում են տելեգրամ ալիքներում, որ սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել: Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին: Ահա այսպիսի հետաքրքիր բաներ են բացահայտվում: Այսինքն՝ այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղին, ուր այդ զինամթերքը անհրաժեշտ էր, ոչինչ չէր հասնում»,- ասել է ռազմական փորձագետը: Հաջորդիվ Վլադիմիր Սոլովյովը ցույց է տալիս փաստաթղթեր ու ասում, որ հավանաբար Ալեքսեյ Լեոնկովը հենց այդ գործարքների մասին է խոսում: Վերջինս հաստատում է Սոլովյովի դիտարկումը: «Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»,- եզրափակել է Սոլովյովը»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն... բուկլետներով: Ճիշտ է, երեկ օրվա ընթացքում նախարարությունը պարզաբանեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, բայց սա առավել ցցուն է դարձնում նախարարության, մեղմ ասած, անպատասխանատու աշխատանքը: Բայց սա զարմանալի չէ մի քանի առումով. նախ՝ նման գործելաոճը բնորոշ է ընդհանրապես այս կառավարությանը, երկրորդ՝ ԲՏԱ նախարարը ավելի շատ զբաղված է այլ գործերով, քան իր ոլորտին վերաբերող: Մասնավորաբար, մենք արդեն նշել էինք, որ Արշակյանը «զբաղված» է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններով: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հասել: Ըստ մեր աղբյուրների, առաջադրված վեց թեկնածուների մեջ ԲՏԱ նախարարն իր «սրտի» թեկնածուն ունի: Մեզ, իհարկե, փոխանցել են այդ թեկնածուի անունը, բայց ընտրական գործընթացին չմիջամտելու և ավելորդ գովազդ չանելու համար այս պահին խուսափում ենք հրապարակել անունը: Կրթական ոլորտում ներգրավվելու` Արշակյանի ձգտումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում. մասնավորաբար, մեզ տեղեկություններ են հասել, որ վերապատրաստման համար պետբյուջեի հաշվին տարբեր կրթական ծրագրեր են պատվիրվում, մեր աղբյուրի փոխանցմամբ, «ոչ պատահական» մասնավոր կազմակերպություններին, սակայն դրանց իրականացման, դասընթացների արդյունավետության առումով փաստացի վերահսկողություն չի իրականացվում: Ինչ վերաբերում է Աբու Դաբիի խայտառակությանը, դեռևս 2019 թվականին զենք արտադրելու ու ներդրումներ անելու խոստումով կոնկրետ կազմակերպությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալուն, այնուհետ նաև պետության միջոցներից նշյալ կազմակերպությանը գումարներ հատկացնելուն, ապա այս թեմաներին կանդրադառնանք առաջիկայում»: «Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել փետրվարի 1-ից մինչեւ մարտի վերջը Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու, երթեր մեկնարկելու վերաբերյալ, բացառությամբ մարտի 1-ի․ այդ օրը Օպերայի բակը բրոնյա է արվել ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից, ով միութենական պետության ջատագովներից է, ռուսամոլների հայտնի խմբակի անդամ։ Որոշ տեղեկություններով, փետրվարի 20-ի համար էլ էր Լուսինյանն իրազեկում ներկայացրել, սակայն Հայրենիքի փրկության շարժման անդամների հետ բանակցությունների արդյունքում տեղը զիջել են գործընկերներին։ Ուշագրավ է, որ այսօր փետրվարի 23-ն է, սակայն «ծռերն» այս ընթացքում հավաքներ գրեթե չեն իրականացրել»: «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրօրում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի, նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրենսդրական փաթեթն ամբողջությամբ մշակվել եւ արդարադատության նախարարին է փոխանցվել, այսպես կոչված, «սորոսական» ՀԿ-ների կողմից։ Սակայն այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ ստացվում է՝ իշխանության ներկայացուցչին կամ պետական ծառայողին վիրավորել չի կարելի, իսկ մնացած քաղաքացիների դեպքում դա նորմալ երեւույթ է։ Այս ֆոնին անհրաժեշտ է շեշտել, որ հատկապես վերջին օրերին իշխանությանը սատարող, իշխանության «տակ» աշխատող ոչ միայն «ֆեյքերը», այլեւ իրական անձինք բաց տեքստով ոչ միայն քննադատում, հեգնում կամ ծաղրում էին ընդդիմությանը, այլեւ բացահայտ անձնական վիրավորանքներ են հնչեցնում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հասցեին, սակայն ո՛չ «իրավապաշտպանները», ո՛չ իրավապահները ծպտուն չէին հանում։  Ի դեպ, խոսելով այս, ինչպես նաեւ «չնույնականացված աղբյուրներին» վերաբերող ու նման այլ նախաձեռնությունների մասին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար նշեց. «Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։ Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են. կառավարությունը որոշել է օրինագիծ ընդունել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021-ի մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ԱԱՀ-ով՝ 20 տոկոսի չափով։ Առաջիկայում կայանալիք այս փոփոխությունները մտահոգությունների եւ դժգոհության մեծ ալիք է բարձացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների պատասխանատուների շրջանում. մասնավոր դպրոցները ստիպված են լինելու 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։ Եւ շատ ծնողներ անհանգստացած են, որովհետեւ այս փոփոխություններից հետո ստիպված են լինելու իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից եւ տեղափոխել պետական դպրոց, մինչդեռ անկախ հայկական դպրոցների ասոցացիայի հաշվարկներով՝ ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում։ Ավելին, անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հարցում է անցկացրել աշակերտների ծնողների շրջանում։ Հարցման մասնակից ծնողներից շուրջ 50 տոկոսից ավելին հայտարարել է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Նույն պատկերն է նաեւ մասնավոր մանկապարտեզների դեպքում, ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։ Իսկ այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն, պետական մանկապարտեզներում ազատ տեղեր չկան։ Ահա ծնելիությունը խթանելու կառավարության «լուրջ» ջանքերը»: