24.11.2024
Ինչո՞ւ է Նիկոլին պետք ընդդիմությանը բռնությամբ տանել խորհրդարան. Նաիրա Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է շտապում Բրյուսելը, ինչ է ուզում ՌԴ-ն և ինչ է սպասվում տարածաշրջանին. քննարկում

Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր տարածաշրջանում և ինչ սպասել, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները: Այս հարցերի շուրջ իրենց կարծիքը հնչեցրեցին հայաստանյան փորձագետները «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կազմակերպած՝ «Ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում և հնարավոր զարգացման սցենարները» կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի խոսքով, այսօր ամենից մտահոգիչը հայ-ադրբեջանական բանակցություններն են, որոնք ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և երկու հարց են առաջ քաշում՝ ո՞րն է լինելու Արցախի ապագան, ինչպե՞ս է ապահովվելու հայության անվտանգությունն ու ինչպես է լուծվելու ՀՀ-Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը ու ինչ է դա տալու ՀՀ անվտանգության առումով:

«Իմ խորին համոզմամբ, բովանդակային հակասությունը Արևմուտքի և ՌԴ միջև չկա, կա տեղի համար պայքար՝ Հարավային Կովկասում ներկայության մեծացման կռիվ է: Տաս տարուց ավելի է գծված են այն ուղենիշները, որի տրամաբանությամբ էլ տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Հայաստանը պետք է կարողանա համատեղել, չփնտրել ներքին հակասություններ ու չխաղալ դրանց վրա, այլ որպես թափանցիկ ու վստահելի գործընկեր ընկալելի լինել: Մեր ժողովուրդն իրավունք ունի ավելի մանրամասն իմանալու այն բանակցությունների մասին, որոնք վարվում են Պուտինի և Միշելի գլխավորությամբ Մոսկվայում ու Բրյուսելում»,- ասաց նա:

Հաջորդը, որ քաղաքական վերլուծաբանը համարում է կարևոր, դա այն հաջողությունն է, որ ունեցավ ՀՀ իշխանությունը Վլադիվոստոկում անցկացված տնտեսական համաժողովին: Ըստ Սաֆարյանի՝ այդ ներկայությունը շատ կարևոր էր մեր նման փոքր երկրի համար.

«Այն շեշտերը, որ Հայաստանը ուզում էր դնել, դրանք Վլադիվոստոկում դրվեցին: Այդպես, Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները կրում են ռազմավարական դաշնակցային բնույթ, ինչը չափազանց կարևոր էր վերջին շրջանում հայաստանյան տիրույթում այս հարցի շուրջ մանիպուլյացիաների ու զանազան շահարկումների լռեցման տեսանկյունից: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է՝ Հայաստանը պետք է զարգացնի տնտեսական, քաղաքական հարաբերությունները ՌԴ հետ”,- հավելեց Սաֆարյանը:

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ իր խոսքում անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը: Նրա խոսքով, միջազգային հարաբերությունները ամեն րոպե փոխվում են և կարևոր է, որ ՀՀ դիվանագիտությունը կարողանա հստակեցնել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ ոչ մի պարագայում չի պատրաստվում անցնել:
“Հայաստանը պետք է լինի ընկալելի ու վստահելի գործընկեր բոլորի համար՝ կարմիր գծերի պարտադիր շեշտադրումով”,- ասաց նա:

Եթե մենք խոսում ենք ԼՂ կարգավորումից ու խաղաղության պայմանագրից, շարունակեց Բալասանյանը, ՀՀ-ն պետք է հստակ նշի այն գծերը, որոնցից հետ չի քաշվելու: Դա, առաջին հերթին, հայության ֆիզիկական անվտանգության խնդիրն է ու Արցախի վերջնական կարգավիճակի հարցը: Բացի այս, ասաց նա, անհրաժեշտ է հասնել ԼՂԻՄ սահմանների վերականգնմանը ռուս խաղաղապահների ու ՌԴ միջոցով:

Անդրադառնալով բանակցային գործընթացի, ըստ էության, տապալմանը, նա ասաց. “Այն սկզբունքները, որոնք 2003-ից դրվել էին բանակցային գործընթացի հիմքում, դրանցից երկուսը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը, իրար հակասում էին, այդ իսկ պատճառով բանակցությունները մտան փակուղի: Այս հարցը պետք է լիներ ՀՀ իշխանությունների կողմից տարվող բանակցությունների հիմքում, բայց այդպես չեղավ և Ադրբեջանը շատ լավ դրանից օգտվեց”,- ասաց Բալասանյանը:

Նա նաև անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանը վերջապես հրաժարվի կոմպլեմենտար քաղաքականությունից ու անցում կատարի հստակության քաղաքականության: “Հայաստանը հստակ պետք է հայտարարի իր դիրքորոշումը: Բացի այս, մեր բնական դաշնակից Իրանի հետ բանակցությունները պետք է ակտիվացվեն, այդ թվում և հաշվի առնելով Իրան-ՌԴ հարաբերությունների խորացումն ու նոր շեշտադրումները: Սա չափազանց կարևոր է ու անհրաժեշտ Հայաստանի համար: Օրինակ, որպես հակակշիռ թուրք-ադրբեջանական համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում, ՀՀ-ն պետք է համագործակցությունը խորացնի Իրանի հետ»,- հավելեց նա:

Լույս տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով, ԱՄՆ նպատակն է ՌԴ սահմանների մոտ պատերազմ հրահրելը՝ դա Վաշինգտոնին օդ ու ջրի պես պետք է: Այդ տեսանկյունից դիտարկվում է նաև Հարավային Կովկասը: Ըստ բանախոսի՝ ԱՄՆ նպատակն է պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մինչդեռ ՌԴ-ին դա պետք չի, քանի որ դրանով Մոսկվան ժամանակ է ձգում, որպեսզի տարածաշրջանում մեծ պատերազմ չլինի: Իսկ ահա Բրյուսելում ասում են՝ արագ ստորագրեք, Արևմուտքը ուզում է, որ գործընթացը արագացվի:

“Իրանն ու Ռուսաստանը դեմ են պատերազմին, իսկ խաղաղության պայմանագրի կնքմամբ կհայտարարվի, որ ՀՀ-ն այլևս խնդիր չունի Ադրբեջանի հետ ու այդ դեպքում կստացվի, որ եթե ամեն ինչ լավ է, ապա ՌԴ-ի կարիք այլևս չկա: Նույնն էլ Թուրքիայի պարագայում՝ եթե ամեն ինչ լավ է, ապա ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի կարիք չի լինի: Սա է ԱՄՆ գլխավոր նպատակը, սա է Բրյուսելի նպատակը, որն արագացնում է խաղաղության պայմանագրի կնքումը”,-շեշտեց Այվազյանը:

“Օրբելի” կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանն էլ նկատեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման երկու հարթակներն էլ՝ և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը նույն հարցերի շուրջ են խոսում: Հարց է՝ ի՞նչ ենք ստանում այս արդյունքում: Կան կարծիքներ, որ տարբեր գործընթացներում ներառվելով Հայաստանը ևս փորձում է ժամանակ շահել: Բայց քանի որ մեր հարևանները բավականին ոչ կառուցողական են և դա տեսանելի է սահմանին տեղի ունեցող իրադարձություններից, ուղղակի սպասել նրանք չեն կարողանում.

“Խաղաղության պայմանագիր ստորագրելը մեծ ռիսկ է պարունակում: Երբ Հայաստանը Արցախից առանձին նման փաստաթուղթ է ստորագրում, ապա ստացվում է, որ ՀՀ-ն ընդունում է Բաքվի տարիներ շարունակ շահարկվող այն թեզը, թե Արցախի հարցն ընդամենը տարածքի խնդիր էր Հայաստանի հետ”,- շեշտեց Մելիքյանը:

Փորձագետը հարց է հնչեցնում՝ եթե Ադրբեջանի հետ ապաշրջափակումը ապահովում ենք, դելիմիտացիան ապահովում ենք, տնտեսական հարաբերությունները, տեսականորեն, ձևավորվում, ապա ի՞նչ է մնում տակը, միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմը:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը, ամփոփելով քննարկումը նշեց, որ այսօր կարևոր է հասկանալ ու ընկալել, թե ինչպիսի ընթացք են ստանում միջազգային հարաբերությունները, ինչպես նաև կարևոր է հասկանալ, որ աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին , օրինակ, դեռ մեկ տարի առաջ էր:
«Կարևոր հարց է, թե ինչպիսի դեր կունենա ՀՀ-ը տարածաշրջանում և աշխարհում ՝ սա է գլխավորը: Կան շատ հարցեր, որոնք մտահոգիչ են, որոնք մտորելու տեղիք են տալիս, և փորձագիտական շրջանակները ևս ունեն իրենց անելիքն այս գործընթացում: Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել մեր երկրին այս վճռական պահին”,-հավելեց նա:

Նշենք, որ քննարկմանը մասնակցեցին հայաստանյան բուհերի շուրջ հինգ տասնյակ ուսանողներ: