Մամուլ. "Իմ քայլում" գիտեն՝ եթե Փաշինյանը գնա, իրենք կորած են
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իմքայլական պատգամավորներն ԱԺ իրենց աշխատասենյակներում նստած՝ առցանց հետեւում էին Հանրապետության հրապարակում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին, իսկ երբ մինչեւ 18.00-ն նրանց ժամանակ տվեցին՝ ցանկացած ֆորմատով հանդիպել եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակի դռան առջեւ հերթ էր գոյացել, պատգամավորները փորձել էին հասկանալ իրենց անելիքը։ Մեզ պատմեցին, որ «Իմ քայլում», ինչպես ՀՀԿ-ում, այնքան են կտրվել իրականությունից, որ համարում են, թե գործ ունեն կուսակցական շարժման, լոկալ հանրահավաքների հետ, ու եթե մի փոքր էլ համբերեն, շարժումը կմարի։ Նրանք կարծում են, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ոչ թե հայրենիքի ապագայով մտահոգ մարդիկ են, այլ «լիսկաները, թոխմախները, շմայսները», որոնք ցանկանում են վերադառնալ «լափամանի» մոտ, քանի որ «լափամանից» զրկվել ոչ ոք չի ուզում, այդ թվում՝ նրանք։ Իմքայլականները դեմ են, որ Փաշինյանը հրաժարական տա՝ անգամ այն պայմանով, որ թիմից մեկ ուրիշը դառնա վարչապետ, իսկ 6 ամիս հետո արտահերթ ընտրություններ անցկացնեն։ Կարծում են, որ եթե Փաշինյանը գնա, իրենք կորած են»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թեև չի միացել նախկին պաշտոնյաների կողմից տարածված հայտարարություններին, որոնցով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց համակարծիք է նրանց հետ: «Ես ներգրավված չեմ այդ պրոցեսներում, բայց նրանց լրիվ հասկանում եմ։ Նրանք էլ հայ մարդ են, այս երկրի կյանքով ապրող։ Ինչի մասին է խոսքը։ Եվ բնավ կապ չունի՝ գեներալ են, թե շարքային։ Բոլորն էլ տեսնում են, թե երկրում ինչ է կատարվում։ Ես նրանց որևէ կերպ չեմ մեղադրում, թեև իմ ստորագրությունը չկա այդ հայտարարությունների տակ, որովհետև ինձ որևէ կերպ չեն դիմել»,- ասաց նախկին ոստիկանապետը։ Իսկ որ դիմեին, միանալո՞ւ էիք՝ հարցրինք. «Ինչի՞ մասին է խոսքը։ Ձեզ թվում է՝ ես ճապոնացի՞ եմ, թե՞ Չինաստանում եմ ապրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ երեկոյան հինգին, ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցություններն արտահերթ նիստ կհրավիրեն՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով: Բանն այն է, որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե հաջողվի չեղարկել ռազմական դրությունը, քանի որ դրա համար իմքայլականները պետք է առնվազն 25 ձայնով աջակցեն, հաջորդ քայլը կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու անգամ փորձել է, սակայն առաջին անգամ իմքայլականները չեն ներկայացել նիստին, իսկ երկրորդ անգամ դեմ են քվեարկել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ներսն ու դուրսը մի քանի օր է՝ ուժեղացված հսկողության տակ են։ Բացի ԱԺ հիմնական անվտանգության աշխատակիցներից՝ խորհրդարանի շենքը նաեւ ԱԱԾ աշխատակիցներ են հսկում։ Նրանք, պարզվում է, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ գալու ժամանակ են հայտնվում շենքում՝ ապահովելով նրա անվտանգությունը, այլեւ մյուս օրերին։ Երեկ ԱԺ ճաշարանում ԱԱԾ մի խումբ աշխատակիցների նկատեցինք՝ ԱԱԾ-ի հատուկ սեւ համազգեստով եւ զինված։ Մեզ ասացին, որ մի քանի օր է՝ այս վիճակն է, շենքը լի է ԱԱԾ աշխատակիցներով։ Դրսում էլ ոստիկանական ուժերն են հսկողություն իրականացնում։ Հերթափոխով ԱԺ բոլոր մուտքերի մոտ խումբ-խումբ ոստիկաններ են ծառայություն իրականացնում՝ իրենք էլ չգիտեն, թե ինչու, ինչի համար են իրենց այսպես չարչարում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ինքնակամ մեկուսացել են հասարակությունից՝ բլոկ անելով իրենց մերժողներին եւ չշփվելով իրենց քննադատողների հետ։ Նրանք հայտնվել են վակուումի մեջ եւ լսում են միայն իրենց քծնողներին ու իրենցով հիացածներին։ Դա է պատճառը, որ իրականությունից կտրվել են եւ համարում են, որ երկրում ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, բողոքողներն էլ շատ չեն, մի խումբ «պիցցայակերներ» են, որոնք կա՛մ կհոգնեն-կգնան, կա՛մ ուժայինների միջոցով նրանց մի օր կցրեն եւ կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրում էին պատերազմից առաջ։ Եվ ցավալին այն է, որ ոչ միայն իմքայլական պատգամավորներն ու ՔՊ-ականներն են այս կապսուլայի մեջ ապրում, այլեւ Նիկոլ Փաշինյանն է հայտնվել էյֆորիկ անտեղյակության մեջ․ նրան միայն դրական լուրեր են հաղորդում եւ լավատեսություն ներշնչում։ Եվ դա անում են ոչ միայն թիմակիցները, այլեւ տարբեր դեսպանատներ։ Մեզ ասացին, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցումների արդյունքներ է տրամադրել վարչապետին, որտեղ նշել են, որ «Իմ քայլի» վարկանիշը 40 տոկոս է, իսկ վարչապետինը՝ 60, ինչից նրա տրամադրությունը շատ բարձրացել է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում պատերազմի մեկնարկից միայն երեք ամիս անց Երեւանի քաղաքապետարանը որոշեց քննարկել ապաստարաններ եւ թաքստոցներ հիմնելու հարցը: Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստում այդ հարցի մասին խոսեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ 12 վարչական շրջաններում պետք է ապաստարաններ եւ թաքստոցներ հիմնվեն, սակայն, նրա խոսքով, այդ աշխատանքները հեշտ է կազմակերպել Կենտրոնում, որտեղ որպես ապաստարան կծառայեն ավտոկայանատեղիներ, բազմահարկ շենքերի նկուղները: Նկատենք՝ Արցախում պատերազմի օրերին Հայաստանի կառավարությունն օդային տագնապի դեպքում խորհուրդ էր տալիս թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 8-ին էր հետաքննություն իրականացրել եւ պարզել, որ Երեւանի բոլոր վարչական շենքերի բազմաբնակարան շենքերում կա՛մ նկուղներ չկան, որպես այդպիսին, կա՛մ էլ եթե կան, ապա գտնվում են շատ վատ վիճակում. նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով:
Բայց, չնայած սրան, քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, հորդորում էր բնակիչներին ապաստանել իրենց շենքերի թաքստոցներում, նկուղներում: Անգամ այդ օրերին որոշ շենքերի մուտքերում փակցված կարող էինք տեսնել պաստառներ, որտեղ նշված է, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Ինչպես ասում են, ուղեցույցը կա, բայց նկուղները՝ ոչ: Ընդ որում, նկուղների այս ցավոտ հարցն ակտուալ դարձավ նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս մասին խոսվեց նաեւ 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, անգամ խնդիր դրվեց մաքրել շենքերի նկուղները: Բայց այդ օրից անցել է արդեն երկու տարի, ու այդպես էլ ոչինչ չի արվել: Եվ, չնայած դրան, երեկ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչա Սարգսյանը թվեր ներկայացրեց, քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հայտարարեց, թե շատ մեծ աշխատանքներ են կատարել, որոնց մասին մի օր կբարձրաձայնեն: Այնպիսի տպավորություն է՝ նոր նկուղների մասով արված աշխատանքը քաղաքապետը հույժ գաղտնի տվյալ է համարում՝ առայժմ թաքցնելով հանրությունից դրանց մասին տեղեկությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արտակ Բեգլարյանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարվելու մասին՝ տեղեկացնելով, որ այլ աշխատանքի է անցնելու: Մենք տեղեկացանք, որ Բեգլարյանը կտեղափոխվի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմ, չի բացառվում, որ զբաղեցնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռեւս թեկնածուի փնտրտուքի մեջ են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1244.0 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. տարեկան հաստատված ցուցանիշի 77.6 %-ը, իսկ տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 94.2 տոկոս։ Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 70.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշին գերազանցում է 12.7 %-ով կամ 139.9 մլրդ դրամով: Ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 421.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 3.2 %-ով, սակայն 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 7.1 %-ով, Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 130.2 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 16.1 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշին զիջում է 4.4 %-ով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղեւոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղեւորների թիվը պակասել է: Երկու օդանավակայաններով մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի նվազումը որոշ փորձագետներ պայմանավորում են կորոնավիրուսի հետ: Ի դեպ, մասնագետները հույսեր ունեն, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները եւ ոտքի կկանգնեցնեն ոլորտը։ Իսկ որոշ տուրօպերատորներ կանխատեսում են, որ մինչեւ 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Եթե իրանական շուկան ակտիվանա, ապա Հայաստանը մարտ ամսից կկարողանա զբոսաշրջիկների հոսք ունենալ հարեւան երկրից։ Հայաստանյան տուրօպերատորները հույս ունեն, որ գոնե տոնական օրերին Հայաստանում զբոսաշրջիկների հոսք կգրանցվի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. հաստատված ծրագրով 2020թ. 500 զինծառայողներ կարող էին օգտվել արտոնյալ վարկավորմամբ հիփոթեքային ծրագրով բնակարան գնելու իրավունքից: Բայց տարվա սկզբին կորոնավիրուսային համավարակով, իսկ հետո նաև պատերազմով պայմանավորված այս պահին այդ ծրագրից կարողացել են օգտվել և հիպոթեքային պայմանագրեր կնքել միայն 124 զինծառայողներ: Կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել և ծրագրից օգտվելու հնարավորություն չստացած զինծառայողներին հնարավորություն տալ ծրագրից օգտվելու և բնակարան գնելու մինչև 2021թ. մարտի 31-ը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում: Դավթյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը թույլատրում է վիճակախաղի կամ տոտալիզատորի կազմակերպման լիցենզիա ունեցողին վիճակախաղի կամ գրասենյակի միջոցով տոտալիզատոր կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, մարզկենտրոններում և Երևանի վարչական շրջաններում։ Օրենքն արգելում է կազմակերպությանը մեկից ավելի գրասենյակ ունենալ, և հիմա Դավթյանն առաջարկում է հանել այս արգելքը՝ թույլ տալով, որ վիճակախաղի կամ տոտալիզատորի կազմակերպիչները որտեղ ուզենան, որքան ուզենան՝ տոտալիզատորի ու վիճակախաղի գրասենյակ բացեն, իր առաջարկը հիմնավորելով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված այս կազմակերպությունների կրած վնասներով»: