VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ որոշել էր ժամանակավորապես կտրվել գյուղի տատիկ-պապիկների պաչ-պռոշտի շոուներից ու վերադառնալ դառը իրականություն՝ կառավարության նիստում փաստելով, որ սահմանին իրավիճակը լարված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»: Սակայն նա մինչեւ երեկ հարկ չի համարել թիմակիցների հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները։ ՔՊ-ականների շրջանում մեծ անհանգստություն է՝ նրանք շունչները պահած սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը եւ չգիտեն իրենց ինչպես պահել այս օրերին, ինչ հայտարարություններ անել, ինչ չանել։ Տեղեկացանք, որ այսօր խմբակցության նիստ է նախատեսված, որի օրակարգը, սակայն, երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրենսդրական նախագծերի քննարկումն է։ Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մի ստվար զանգվածի մոտ նաեւ անհանգստություն կա` Ռուսաստանի դեմ իրականացվող դեմարշի հետ կապված եւ Հռոմի ստատուտի վավերացման հեռանկարից: Նրանցից ողջամիտները հասկանում են, որ առանց վերապահման այդ ստատուտն ընդունելը փորձանք է դառնալու մեր գլխին: Ի դեպ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասում է, որ Հռոմի ստատուտը վերապահումներով ընդունել հնարավոր չէ` կոնվենցիան դա թույլ չի տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանականները տեւական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի: Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերը, սակայն, կրկին «կմիավորեն» ՔՊ-ականներին, եւ այսօր երեկոյան նրանք կհավաքվեն՝ խմբակցության նիստի: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, նիստին քննարկվելու են բացառապես առաջիկա ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության պահվածքի, ինչպես նաեւ քարոզարշավի հետ կապված հարցեր: Չնայած Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող լարված վիճակին՝ անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին: Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են: Նույն պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է, եւ Հայաստանի ու Արցախի սահմանին ուժեր են կուտակվում թշնամու կողմից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մասնակցել են պետնախարար, նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը, ուժային կառույցների, ինչպես նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները: Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը 1 տող է սահմանային իրավիճակի մասին. «Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի եւ Արցախի անվտանգության եւ պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը», սակայն սա եղել է քննարկման գլխավոր թեման։ Մեզ ասացին` արձանագրել են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո զորքերի ամենամեծ տեղաշարժն է գրանցվել Արցախի սահմաններին։ Վերջին օրերին ադրբեջանական մեդիատիրույթը ողողված է զորքի տեղաշարժի, զինտեխնիկա կուտակելու մասին լուրերով եւ տեսանյութերով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը՝ ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը: Վերջինս հայտնի է «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուից որպես փորձագետ, որը պարբերաբար մասնակցում է հաղորդումներին: Նարե Արամյանը նաեւ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հիմնադիրն է: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում բազմիցս անդրադարձել է կենտրոնի գործունեությանը: Դեռ 2021թ.-ին գրել էինք, որ աշխատակիցները շատ դժգոհ են այնտեղ ստեղծված իրավիճակից. նրանք պնդում էին, որ 10 տարի շարունակ Նարե Արամյանը պատշաճ չի վճարում իրենց աշխատավարձերը եւ զբաղվում է անօրինականություններով: Ինչպես աշխատակիցներն էին մեզ հետ զրույցում ահազանգել, կենտրոնի բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կեղծված են, իսկ տնօրեն Նարե Արամյանը մեծ կոռուպցիայի մեջ է ներքաշված:
Պարզվում է, որ Պատանեկության ստեղծագործական կենտրոնում կրկին բարձիթողի վիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է աշխատակիցներից ահազանգեր ստանալ, որ խնդիրը 2 տարի անց էլ դեռ չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Նարե Արամյանի հետ՝ ստանալու նրա պարզաբանումը, թե ինչու է այդ իրավիճակը կենտրոնում: Պարզվում է, որ վերջինս արդեն մեկ տարի է, ինչ չի զբաղեցնում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրենի պաշտոնը, իսկ թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում նա նշեց, որ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է. «Աշխատավարձի հետ կապված խնդիրները կազմակերպությունները չեն լուծում. դա Երեւանի քաղաքապետարանի խնդիրն է: Այստեղ էական չէ՝ ով է տնօրենը, կազմակերպությունը չի կարող պարտասխանատվություն կրել դրա համար, քանի որ քաղաքապետարանի տիրույթում է: Իսկ թե ինչու մինչ այսօր դժգոհություններ կան, այդ հարցով նոր տնօրենին պետք է դիմել, բայց եթե անգամ նրան էլ դիմեք, դուք գիտեք, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների դեպքում պատասխանատուն համայնքային գերատեսչություններն են», -ասաց նա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։ Խոսքն Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքների մասին է, որի համար Էջմիածնի համայնքապետարանը Դավիթ Սեդրակյանի ընկերությանը փոխանցել է 725 մլն դրամ, ինչը կազմում է մոտ 1 մլն 883 հազար դոլար։ Էջմիածնի համայնքապետարանն ընկերության հետ պայմանագիրը կնքել է օգոստոսի 18-ին, աշխատանքները պետք է ավարտվեն 2024 թվականի օգոստոսի 11-ին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 22-ին, մանդատը վայր դրեց, ինչից հետո Սեդրակյանների ընկերությունը սկսեց պետության կողմից հայտարարված խոշոր մրցույթներ շահել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Աժ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի նկատմամբ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպան Դավիթ Հունանյանը հայտնեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է իր բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Ստացվում է՝ եթե Գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը չբողոքարկի, ապա Լեւոն Սարգսյանի գործով նոր քննություն է սկսվում:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ազատազրկման: Լեւոն Սարգսյանը դատարանի այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ էլ կայացվել է որոշում, եւ բեկանել են առաջին ատյանի դատարանի այս որոշումը. գործի քննությունը սկսել են նորից: Այս ընթացքում Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից առաջ Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքում կոսմետիկ փոփոխություններ իրականացնելը, այս անգամ էլ պատրաստվում են Նոր Նորքում նման աշխատանքներ կատարել, որպեսզի Նոր Նորքի ընտրողներին եւս մատնացույց անելու բան ունենան։ Մասնավորապես, քաղաքապետարանը 249 մլն 179 հազար դրամ է հատկացրել Մասիվում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման համար: Դա կազմում է մոտ 650 հազար դոլար։ Շինարարությունը պետք է իրականացնի «Աս Շին Տրանս» ՍՊԸ-ն, պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 4-ին։ Ավելի վաղ՝ մարտ ամսին, Տիգրան Ավինյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչ տեսք պետք է ունենա արձանի հարակից տարածքը։ Զարմանալի է, որ շինարարությունը պլանավորել էին վաղուց, բայց ընկերության հետ պայմանագիրը կնքել են միայն նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում։ Նշենք նաեւ, որ, ըստ պայմանագրի, ընկերությունն աշխատանքները պետք է ավարտի մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեն սկսել է նախաքննական մարմին հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալներին եւ նրանց փաստաբաններին ծանուցել են ներկայանալ եւ բանավոր հայտնել քրեական գործով որոշ տվյալներ, կարճ ասած՝ զրուցել որոշ հարցերի շուրջ: Ասել է թե՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Մարտի 1-ի ողբերգական դեպքերով հարուցված քրեական գործով կոնկրետ գործողությունների է նախապատրաստվում. թե ինչ, մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործի քննության վեահսկողությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»: Նկատենք՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է: 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի տված՝ «Մարտի 1»-ը բացահայտելու խոստումը չի կատարվել, չնայած նա տարբեր առիթներով շարունակում է ասել, թե այն, իր կարծիքով, բացահայտված է: Ոչինչ էլ թերեւս չի բացահայտվել: