ՌԴ-ն երկընտրանքի առաջ է՝ կամ բարձրացնել ՀՀ և Արցախի անվտանգության մակարդակը, կամ հեռանալ
Ռուսաստանի համար Հայաստանում լավագույն ժամանակները չեն, և ամեն օր ավելի ու ավելի մեծ է լինելու հավանականությունը, որ Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի կանգնել տարածաշրջանը լքելու երկընտրանքի առջև։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:
"Դրանում բացի այն, որ կա հստակ և նպատակաուղղված քարոզչություն` հասարակական տրամադրություններ ստեղծելու, այնպես էլ օբյեկտիվ իրականություն առ այն, որ Հայաստանի քաղաքացիների համարում շոշափելի անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցում որպես դաշնակից պետություն, Ռուսաստանն այլեւս ունի սիմվոլիկ ազդեցություն ողջ արևելյան սահմանների և հարավ-արևմտյան սահմանների երկայնքով։
Հայաստանի իշխանություններն ամեն ինչ իհարկե անում են, որպեսզի արտաքին քաղաքականության վեկտորի շրջադարձը լինի հիմնավորված հողի վրա, օգտագործելով նաև ստեղծված իրավիճակը և դրանով պայմանավորված սպառնալիքների ամենօրյա աճը, որի հարցում ադրբեջանական ցեղասպան և ծավալապաշտական քաղաքականությունը լրացուցիչ փաստարկ է։
Ռուսաստանն արդեն այսօր ունի հստակ երկընտրանք` կամ շոշափելի ազդեցություն ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման և կանխատեսելի, կայուն ռազմաքաղաքական իրավիճակի ստեղծման վրա, կամ պատրաստ լինել բախվելու տարածաշրջանից դուրս գալուն և ռազմավարական պարտություն կրելուն Հարավային Կովկասում։
Իհարկե կան այլ սցենարներ, որոնք հղի են նոր ու արնաքամ ելքերով, բայց հույսը այն է, որ վերջապես Ռուսաստանը կկատարի իր ռազմավարական ընտրությունը հօգուտ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո հենց ՌԴ նախագահն էր ողջունում օրվա իշխանությունների վերընտրությունը։
Անհարմար ճշմարտություններին ո՛չ միայն մենք, այլև ռուսները ստիպված են բախվել",- գրել է Պողոսյանը։