22.10.2026
Արման Սարոյանը պարտվեց Կաթողիկոսին
prev Նախորդ նորություն

Գործադիրը 148,5 մլն դրամ կհատկացնի հայկական մատյանները հայրենիք վերադարձնելու համար

Լուսանկարը` matenadaran.am
Լուսանկարը` matenadaran.am

Հայաստանի կառավարությունն ավելի քան 370 հազար եվրո է հատկացրել եվրոպական մասնավոր հավաքածուից երկու եզակի միջնադարյան մատյաններ հայրենիք վերադարձնելու համար՝ ազդարարելով մշակութային ժառանգության փրկության համահայկական նոր արշավի մեկնարկը։


Հոկտեմբերի 22-ին գործադիրը որոշում է կայացրել պետական բյուջեի պահուստային ֆոնդից 148,5 միլիոն դրամ տրամադրել Մատենադարանին։ Այս միջոցներն ուղղվելու են «INLIBRIS» ընկերությանը պատկանող Ջեսելսոնի հավաքածուից 1353 թվականին Կիլիկիայում և 1695 թվականին Նոր Ջուղայում ստեղծված բացառիկ ձեռագրերի ձեռքբերմանն ու տեղափոխմանը։


Գործարքին նախորդել են տևական բանակցություններ։ 2026 թվականի օգոստոսին Վիեննայում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է հավաքածուի սեփականատեր Հյուգո Վեցչերեկի հետ։ Արդյունքում հաջողվել է հինգ հայկական ձեռագրերի ընդհանուր արժեքը նախնական 600 հազարից նվազեցնել մինչև 505 հազար եվրոյի, ինչպես նաև վեց ամսով ապահովել առաջնահերթ գնորդի կարգավիճակ։


Կառավարության միջոցներով գնվող առաջին՝ 250 հազար եվրո գնահատված ձեռագիրը 1353 թվականին Դրազարկում Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որն աչքի է ընկնում կազմին ամրացված չուսումնասիրված փղոսկրե հարթաքանդակով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մատյանի բացառիկությանը, նշել է. «Ձեռագիրն ունի նաև պատառիկ պահպանակներ, որոնք պարունակում են հատվածներ Ղուկասի ավետարանից»։


Երկրորդ մատյանը 1695 թվականին Ազարիա գրիչի կողմից ընդօրինակված Ավետարանն է՝ գնահատված 95 հազար եվրո։ Այն համարվում է Նոր Ջուղայի դպրոցի լավագույն նմուշներից մեկը՝ շնորհիվ իր հարուստ գունային լուծումների և նուրբ գծանկարչության։


Մնացյալ երեք մատյանները՝ 1586 թվականի Մաշտոցը, ինչպես նաև 17-րդ դարի Աստվածաշունչն ու Ավետարանը ձեռք բերելու նպատակով Մատենադարանը նախատեսում է մեկնարկել «Մատյանների տունդարձը» համահայկական դրամահավաքը։ Նախագծի հեղինակները վստահ են, որ պետության օրինակը խթան կհանդիսանա հանրային աջակցության համար։


Խոսելով մշակութային արժեքների պահպանման պետական քաղաքականության մասին՝ նախարար Անդրեասյանն ընդգծել է վերջին տարիներին արձանագրված աննախադեպ առաջընթացը։ «2025 թվականին պետական բյուջեից 332 միլիոն դրամ է ուղղվել մշակութային արժեքների ձեռքբերմանը։ Այս ցուցանիշը 2024-ի համեմատ 29 անգամ ավելի է»,- հայտարարել է նախարարը։

 Լուսանկարը` primeminister.am
22.10.2026
Փաշինյանը մեկնաբանել է ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների զեկույցն ու կանխատեսումները