25.11.2024
Բրյուսելում պահանջում են, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
prev Նախորդ նորություն

Միասին ընտրենք Հայրենիքը՝ չմերժելով ոչ մեկի, բացի հայրենին մերժողից. Րաֆֆի Հովհաննիսյան

Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք եւս մեկ քայլով: Եվ իրականություն դարձավ աներեւակայելին, բայց այն, ինչի ահազանգը հնչեցնում էինք ամիսներ շարունակ: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ:


«Ակներեւ էր, որ պարտված գերագույն գլխավորի զոռով շարունակվող իշխանության օրոք Հայրենիքն աստիճանաբար, ինքնակամ դավադրությամբ հանձնվելու է մաս-մաս՝ բարձունք առ բարձունք, բնագիծ առ բնագիծ: Պետությունը տեւապես զիջելու է իր ինքնիշխանությունը, եւ մեր Երկրի ոսկե սերունդը տալու է հերթական նահատակները հանուն այդ հանցավոր աթոռապաշտի անփառունակ հարատեւման:


Համահայկական ջանքով ու ոգով բացված Հայաստան-Արցախ կենաց ճանապարհը՝ Բերձորը, Աղավնո գետն ու գյուղը ներառյալ, դարձավ պատմություն՝ մեր իսկ սերնդի վկայությամբ, մասնակցությամբ, թողտվությամբ ու ձեռամբ: Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք եւս մեկ քայլով:


Քանի դեռ ուխտադրուժ նախկին հրամանատարը մնում է որպես արդի հայոց պատմության եւ հայ ժողովրդի բնականոն ընթացքի ճամփան փակած ժեռ ապառաժ, պետությունն ու ազգը փրկության որեւէ հույս կամ հնարավորություն չեն ունենա:


Ցավալի, անգամ ողբերգական հավասարում է, բայց կամ ինքն է, կամ՝ Հայրենիքը:


Երիցս ցավալի է, բայց թվում է՝ աթոռի, փողի եւ փոխկապակցված այլ գործոններից ելնելով, իր ընտանիքն ու կուսակիցները (գոնե ինձ հայտնիները) ընտրել են իրեն՝ ընդդեմ Հայրենիքի:


Պետական պատկան մարմինները նույնպես՝ իրենց սահմանադրական պարտականություններն անտեսած, պաշտպանում են գործող ոմն պաշտոնամոլի անվտանգությունը եւ ոչ թե Հանրապետության սահմանադրական կարգն ու քաղաքացիների իրավունքները:


Քիչ ժամանակ է մնացել վերանայման եւ քավության ելք որոնելու համար:


Ապաշխարանքի ու զղջումի այս ուղին վերաբերում է հավասարապես նախկին իշխանություններին:


Այսօրվա կանգառը, սակայն, բոլորիս հրամայականն է:


Պետք է միասին դուրս գանք մեր ներքին հիասթափությունից, անտարբերությունից, չարությունից, նեղվածությունից, վախից ու ճակատագրապաշտությունից: Պետք է դուրս գանք առանձին ճակատների եւ շարժումների բարի նպատակների տիրույթներից: Պետք է մեկ անգամ ապավինենք միացյալ մի մոտեցման՝ ստեղծարար, արժեքային ու թիրախամետ հայաստանակենտրոն լուծումներով:


Միասին պետք է ընտրենք Հայրենիքը՝ չմերժելով ոչ մեկի, բացի հայրենին մերժողից:


Նրա ինքնիշխանությունը, ամբողջականությունը, արժանապատվությունը անսակարկելի են: Եվ՝ անբեկանելի:


Կա՛նգ առ, Հայաստան»: