23.11.2024
Ադրբեջանցիները Վաշինգտոնում լոբբինգ են անում, որ Փելոսիի այցը դարձնեն տարածաշրջանային
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում զոհվածների անունները. հարազատները ֆլեշմոբ են սկսել սոցցանցերում

Ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը թաքցնում Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները:


Այս հարցը օրեր շարունակ բարձրաձայնվում է,  բայց հստակ պատասխան սրան այդպես էլ չի ստացվում: Ըստ ՊՆ-ում VERELQ-ի աղբյուրների, գերատեսչությունը մտադիր է հավաքագրել և վերջնական ցուցակ ներկայացնել, այլ ոչ թե հրապարակել անուններ, որոնցում կարող են տեղ գտնել նաև անճշտություններ:


Սակայն զոհվածների ու այս պահի դրությամբ անհետ կորած զինծառայողների հարազատներին այս դիրքորոշումը չի գոհացնում: Նրանք հիշում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին արդեն իսկ ՊՆ-ն զոհերի ցուցակը հրապարակեց ու բոլոր 44 օրերի ընթացքում նահատակվածների ցուցակ հրապարակում էր: Այլ կերպ ասած, հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվել հիմա, որ պետությունը նման անտարբերության ու մոռացության է մատնել մեր տղաներին:


Իսկ գուցե դա հստակ քաղաքականությո՞ւն է. նման կասկածներ տեղ ունենալ կարող են, քանի դեռ պետական մարմինները լռում են: Իրավասու մարմինները պետք է պատասխանեն, այլապես կասկած կա, որ սա հատուկ քաղաքականություն է:


Եվ ահա սոցցանցերում պատերազմի զոհերի հարազատները ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով հրապարակել հերոսների անունները: Մասնավորապես, հերոս Գևորգ Գասպարյանի քույրը՝ Անի Գասպարյանը, գրում է.


"Ես` հերոս Գևորգ Գասպարյանի քույրս պահանջում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից անհապաղ հրապարակի մեր նոր անմեղ զոհերի անունները, որպեսզի ճանաչենք մեր հերոսներին և պատիվ ունենանք նրանց հրաժեշտ տալու և մայրերի կողքին կանգնելու",- գրել է նա։



Ի դեպ, նշենք, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում էլ, ՊՆ պահանջով, արգելված է լուսանկարելն ու տեսանկարելը, մինչդեռ 44-օրյա պատերազմի օրերին և հետո նման արգելք չի եղել:


Եռաբլուրում նոր հուղարկավորություններ են՝ արդեն մեկ տասնայկից ավելի հերոսներ են հուղարկավորվել այս օրերին: Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ այդ պահի դրությամբ զոհերի թիվը 135 է, սակայն թիվը վերջնական չի: Եռաբլուրում նոր փոսեր են փորվում ու, ցավոք, դրանք դատարկ չեն մնա...