Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք. ցավոք, մեղավորներն իրենց մեղավոր չեն համարում
Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի» 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Հիմա էլ ցինիկ դիտավորությամբ հրապարակել են անօգնական վիճակում գտնվող մարդու տատապանքի կադրեր այդ հոգեվիճակը, հուսահատությունը նրա ընտանիքում, հայ հասարակության մեջ տարածելու համար: Ակնհայտ է, թե ինչ պայմաններում է Վագիֆ Խաչատրյանը գտնվում այս 4 ամիսների ընթացքում հեռու ընտանիքից, հայրենիքից, վախի մթնոլորտում, ադրբեջանական գերության մեջ դատապարտված տառապանքների:
Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն համարում:
Պետք էր ամեն ինչ անել, որ Վագիֆ Խաչատրյանն ու մեր մյուս հայրենակիցները չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, չլինեն այսպիսի նվաստացած վիճակում, որ Ադրբեջանն էլ դրանից հրճվանք ապրեր: Հայաստանի քաղաքացին, հայը պետք է զգա Հայաստանի պետության պաշտպանությունը:
Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու ենք գտնվել վտանգի տակ:
Նրանց հանցավոր արարքները շարունակվելու են, քանի որ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացակայությունը»,- գրել է Թաթոյանը: