Պաղեստինա-իսրայելական հակամարտության գեոէկոնոմիկան. Վահե Դավթյան
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
"Ս.թ. սեպտեմբերին G20 շրջանակներում ընդունվում է կոմյունիկե ՛՛Մերձավորարևելյան միջանցքի՛՛ մասին, որը պետք է կապի Հնդկաստանը Եվրոպայի հետ՝ իր լոգիստիկ երթուղում ներառելով նաև իսրայելական Հայֆան:
Դրան հաջորդում է Անկարայի կոշտ արձագանքն առ այն, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ իրականացնել որևէ տրանսպորտային նախագիծ Եվրոպա-Ասիա կամ ավելի լայն՝ Արևելք-Արևմուտք ռազմավարության շրջանակներում: Մի փոքր ավելի ուշ Անկարան հայտարարում է Չինաստանի հետ Սինոպի ԱԷԿ-ի կառուցման մասին՝ ցույց տալով, որ եվրասիական էներգատրանսպորտային ճարտարապետության ձևավորման գործում Թուրքիայի ու Չինաստանի շահերը կարող են համընկնել: Եվ ՛՛Մերձավորարևելյան միջանցքի՛՛ հեռանկարի համատեքստում դա իսկապես այդպես է, քանի որ նախագիծը փաստացիորեն կոչված է այլընտրանք ձևավորել չինական ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ մեգառազմավարությանը:
Պաղեստինա-իսրայելական նոր պատերազմն առնվազն հարցականի տակ է դնում ՛՛Մերձավորարևելյան միջանցքում՛՛ Իսրայելի ներգրավումը: Ու, առհասարակ, անորոշ ժամանակով հետաձգում է նախագծի իրագործումը: Ուստի, գեոտնտեսական տեսանկյունից պատերազմի շահառուներից կարող է դիտարկվել նաև Պեկինը, որի ազդեցության աճը Մերձավոր Արևելքում վերջին շրջանում որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում",- գրել է Դավթյանը: