6.10.2025
Լուսանկարը՝ Yerevan Today
prev Նախորդ նորություն

44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր

Լուսանկարը՝ parliament.am
Լուսանկարը՝ parliament.am

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ փաստաթղթի վերաբերյալ որոշումը կայացվել է՝ ելնելով օրենքի պահանջներից և պետական գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունից։ Նրա խոսքերը հնչել են ԱԺ նախագահի և քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի միջև ծավալված հեռակա բանավեճի ֆոնին։


Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ պաշտոնապես պատասխանել է Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն ուղղված գրությանը, և այդ պատասխանն արդեն Աժ նախագահի մոտ է։ Նա հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, և դրա աշխատանքը գաղտնի տեղեկատվության հետ առնչվելու պատճառով ենթադրում է գաղտնիության որոշակի ռեժիմ։


«Փաստաթուղթը պատրաստ է, գտնվում է Ազգային ժողովում, և բոլոր պատգամավորները, որոնք ունեն պետական գաղտնիքին ծանոթանալու թույլտվություն, կարող են ծանոթանալ դրա հետ»,— ասաց Վարդանյանը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։


Անդրադառնալով դիտարկմանը, թե զեկույցի ճակատագիրը կախված է եղել ժամկետների խախտման վերաբերյալ իր դիրքորոշումից, պատգամավորը պարզաբանեց, որ իր հանձնաժողովը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում։ «Ես պատասխանել եմ այնպես, ինչպես թելադրում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Վեճ չի կարող լինել, քանի որ մենք տարընթերցում չունենք»,— հավելեց նա։


Վարդանյանը վերահաստատեց, որ զեկույցը պարունակում է զգայուն տեղեկատվություն, և գաղտնիության ռեժիմը պետք է պահպանվի «սրբորեն»։ «Պետական գաղտնիքը մնում է պետական գաղտնիք իմ, ձեր և բոլորի համար։ Հաշվի առնելով դա՝ այսպիսի մոտեցում է դրսևորվել, և այս լուծումը, կարծում եմ, պետք է բավարարի բոլորին»,— եզրափակեց նա՝ փաստացի հիմնավորելով զեկույցը ԱԺ արխիվ ուղարկելու մասին ավելի վաղ հրապարակված որոշումը։


Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկման չի դրվելու Հայաստանի Ազգային ժողովի լիագումար նիստերում։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ որոշում է կայացվել փաստաթուղթն ուղարկել խորհրդարանի արխիվ

 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր