VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ: Նախընտրական քարոզարշավն ու ԱԺ նիստերը չհաշված, ընդամենը մեկ հանդիպում՝ Արցախի կորստից հետո, հիմնականում նեղ կազմի հետ է հանդիպում եւ քննարկում հարցերը, նրանց միջոցով էլ շարքայիններին է փոխանցում ասելիքը։ Մինչդեռ Արցախի հանձնումից առաջ ամենշաբաթյա ռեժիմով «Նախաձեռնող խմբի նիստեր» ֆորմատով հանդիպում էր կուսակցության տարբեր շերտերի հետ, քննարկում ամենատարբեր հարցեր, հիմնականում՝ արտաքին քաղաքականությանը եւ Արցախին վերաբերող։ Այդ հանդիպումներին մասնակցող շարքային կուսակցականներն էլ նախապես հերթագրվում էին եւ գալիս կուսակցության կենտրոնական գրասենյակ, որի մոտակա փողոցով այդ օրերին անցնել հնարավոր չէր: Կուսակցության աղբյուրներն ասում են, որ, ըստ էության, առաջնորդը ՔՊ-ի ներսում էլ էր դրանով «նախապատրաստում» նման հանգուցալուծում: Այսպես ասած՝ կուսակիցների գլուխները լվանում, որ ներքին ընդվզում չլինի, եւ սրանք տեղերում էլ աշխատանքներ տանեն: Հիմա, երբ խնդիրը «լուծված» է, այլեւս կուսակիցների հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա։ Չնայած դրան՝ մեր աղբյուրը վստահեցնում է, որ առաջիկայում ինչ-որ ձեւաչափով վերսկսվելու են կուսակցական հավաքները, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ հանրային այս հանդարտությունը միայն թվացյալ է` դժգոհություններն ավելի քան կուտակվում են եւ մի օր պայթելու են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ՔՊ-ականներն Արցախի կազմալուծումը փորձում են գցել Արցախի 17 օրական իշխանությունների եւ նրանց շնորհավորած հայաստանյան ընդդիմության «գրպանը», սակայն չեն պատրաստվում հավանություն տալ «Հայաքվեի» նախագծին, որով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որեւէ այլ երկրի կազմում։ Տրամաբանությունը հուշում էր, որ ՔՊ-ն պետք է կողմ քվեարկի նախագծին, քանի որ պնդում է, որ Արցախը հանձնվել է արցախյան իշխանությունների ձեռքով՝ «կապիտուլյացիոն» որոշմամբ: Սակայն իրենք լավ են հասկանում, որ սա Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայի պայմանավորվածությունների եւ հետագա հայտարարությունների հետեւանքն է, որով փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում: Եվ առաջիկայում էլ այդ ամենը կփաստաթղթավորվի «խաղաղության» պայմանագրով։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ «Հայաքվեի» նախագծի վերաբերյալ հատուկ փակ քննարկում է լինելու, որ հասկանան, թե ՔՊ-ն մերժումն ինչ «կռուտիտով» հրամցնի հանրությանը։ Ի դեպ, ՔՊ-ում հակված չեն նախագիծը քննարկել արագընթաց կարգով, այն, հավանաբար, օրակարգ կբերվի դեկտեմբերի վերջերին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, եւ ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Այսպիսով, Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին գործընթաց է գնում ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի դիմումի հիման վրա, բայց դեռ որեւէ ազդեցություն չկա: «Որեւէ արդյունք մինչ այժմ չունենք. ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավական առումով դժվար է հարցի կարգավորումը: Ամեն դեպքում, տարբեր ուղղություններով փորձ արվում է»,- ասաց նա: Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործընթացն իրականացնում է ադրբեջանցի փաստաբան Աֆատ Գազիեւան, հայազգի կամ միջազգային փաստաբաններ ներգրավված չեն: «Ադրբեջանի, ինչպես նաեւ մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց էր ունեցել կնոջ հետ: Այն մասին, թե զրույցում ինչ է պատմել Վարդանյանը, Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ կարճատեւ հեռախոսազրույց է եղել, Վարդանյանը տեղեկացրել է, որ առողջությունը բավարար վիճակում է. այլ մանրամասներ հայտնի չեն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են` Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները: Պարզվում է` ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ «տուլիկ» են փոխանցում` ինչպես բերդում գտնվողներին են սննդի որոշակի քանակ փոխանցում: Մեր աղբյուրը կատակեց՝ Ստեփանակերտում բոլոր տները հիմա նրանցն են, ոնց էլ լինի՝ սառնարաններում ուտելիք մնացած կլինի, սոված չեն մնա: Քաղաքում ադրբեջանցի ոստիկաններ են հսկում, բայց հատուկենտ բնակիչների հետ նրանք շփում չունեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, եւ դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։ Բաքոյանի դեմ հայց է ներկայացրել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, քանի որ Բաքոյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել զրպարտության եւ վիրավորանքի համար։ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ ընթացող նիստում դատարանն ապացուցման բեռի բաշխում է կատարել՝ Բաքոյանին պարտավորեցնելով, որ ապացուցի Էդգար Ղազարյանի թմրամոլ լինելը, ինչի մասին նա հայտարարել է ԱԺ նիստում։ Նույն այդ նիստում Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ում դեմ եւս Ղազարյանը դատական հայց է ներկայացրել: Բացի այդ, Ղազարյանը հաղորդում է ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազություն` ՔՊ-ականները սպառնացել էին ականջը կտրել: Նա վարչական դատարան էլ է դիմել` բողոքարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի ընտրությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, նախկին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը մոտ 1 ամիս առաջ դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտքի վիզա ստանալու համար: Մեր աղբյուրներով՝ վերջինս թեեւ երկրից մշտական մեկնելու մտադրություն չունի, բայց հաճախ է լինում ԱՄՆ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լեւոն Հովհաննիսյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ ասելով, թե անձնական տվյալ է: «Ես տարբեր դեսպանատներ անձնական կամ աշխատանքային հարցերով դիմում եմ, բայց ես համարում եմ դա անձնական տվյալ, չեմ ուզում մեկնաբանել: Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն, բնականաբար, չունեմ, բայց ոչ ԱՄՆ -ի, ոչ էլ մյուս երկրների մասով չեմ ուզում մեկնաբանել. դա համարում եմ անձնական տվյալ: Տարբեր դեսպանատների հետ աշխատանքային կարգով, լինում է, որ դիմում եմ աշխատանքային վիզայի համար»,-ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել: Վերջին թարմ օրինակը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի դեպքն է, եւ կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը պետք է վերականգնվի այդ պաշտոնին, այսինքն՝ նախարարը պարտվել է դատարանում։ Մինչ այդ Ծաղիկ Վարդանյանն էր հաղթել նախարարին եւ վերականգնվել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Ստացվում է՝ իրավաբան-նախարարը չի կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնց համար հետագայում չհայտնվի դատարաններում։ Մյուս կողմից՝ նրա վրա կենտրոնացել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որքան էլ Ավանեսյանը փորձում է կառավարության նիստերին կամ առհասարակ ակտիվ լինել, հայտնվել ամենուր, որտեղ լինում է Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատանքից դժգոհ են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ասում են, որ այժմ քաղաքական իշխանություններն առողջապահության նախարար են փնտրում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ միջադեպ է գրանցվել Ախուրյանի համայնքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն Լեւոն Գեղամյանին կասկածել են կոռուպցիոն գործարքների մեջ, որով զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ, ու իրավապահները ուսումնասիրություններ են սկսել մարզադպրոցում։ Այս բացահայտումից հետո համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանը դպրոցում իրականացնում է կազմակերպչական փոփոխություններ, ինչը դուր չի գալիս Լեւոն Գեղամյանին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վախենալով իր կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների բացահայտումից եւ զբաղեցրած պաշտոնից զրկվելուց՝ Լեւոն Գեղամյանը Ախուրյանի համայնքապետարանի մուտքի մոտ եղբոր հետ հարձակվում է Ախուրյան համայնքի ՔՊ-ական ղեկավար Զավեն Մանուկյանի եւ ԲՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Սերգոյանի վրա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպին ականատես են եղել համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ, որոնց ջանքերով հարթվել է իրավիճակը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արտյոմ Սմբատյանը հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել հեղափոխությունից հետո 31 մլն 244 հազար դրամով «Սահակյանշին» ՓԲԸ-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքում։ Սմբատյանը պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, ձեռք է բերել 2016 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախագահ Սմբատյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 670 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 392 հազար դրամ, որից 18 մլն 946 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Եկամտի մյուս մասը՝ 446 հազար դրամը, Սմբատյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ըստ երեւույթին, որպես եկամտահարկի վերադարձ հիփոթեքի մայր գումարի մարման համար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 20 մլն 344 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի գումարի մնացորդն է։ Արտյոմ Սմբատյանը հանգստի համար ծախսել է 6 մլն 590 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Սմբատյանը նախկինում աշխատել է առողջապահական ոլորտում, 2019 թվականին եղել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ ԱՆ գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի համար մրցույթին չի մասնակցել, քանի որ չի համապատասխանել օրենքով նախատեսված պահանջներին։ Ստացվում է, որ Սմբատյանը 9 ամիս ապօրինի զբաղեցրել է այս հաստիքը։ Արտյոմ Սմբատյանը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է եղել եւ այդ պաշտոնում նշանակվել էր նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նա եղել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ապա՝ 2021 թվականի օգոստոսից՝ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, եւ անցել է Տիգրան Ավինյանի շրջապատ:
Մինչ այս, ըստ պաշտոնական կենսագրականի, նա 2012-2019 թվականներին համատեղ աշխատանք է կատարել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում։ Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից էլ, որպես աշխատանքի եկամուտ, ստացել է 4 մլն 908 հազար դրամ, որն էլ եղել է ամբողջ տարվա միակ եկամուտը։ Նա 2021 թվականին գնել է 2016 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա։ Նախկինում մամուլը գրել էր, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հաշվապահ զոքանչի՝ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Ընդ որում՝ Սմբատյանի զոքանչի ունեցվածքի ընդլայնումը տեղի է ունենում նրա փեսայի՝ պետական համակարգի օղակներով վերեւ սլանալուն համընթաց։ Եւ այսպես, Սմբատյանի կնոջ մայրը՝ Կարինե Համբարյանը, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող չորս հիմնարկներում աշխատում է որպես հաշվապահ։ Նա Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի հաշվապահն է։
Համբարյանը հաշվապահ է նաեւ Երեւանի Ա. Ցիցիկյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում եւ 2021-ի հունվարից, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, ընդգրկվել է նաեւ դպրոցի կառավարման խորհրդում՝ որպես քաղաքապետի ներկայացուցիչ։ Համբարյանը «Զարթոնք» գեղագիտական դաստիարակության ՀՈԱԿ-ում եւ Երեւանի 49-րդ մանկապարտեզում եւս որպես հաշվապահ է ձեւակերպված։