VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեի ուշ գիշերին, երբ հազարավոր քաղաքացիներ Արցախի փրկության համար բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը ՔՊ իր նեղ կռուգին հավաքել է եւ ողջ գիշերը միասին են անցկացրել։ Նա թիմին տեղեկացրել է, գուցե՝ ոչ ուղիղ տեքստով, որ ոչ մի դեպքում չի հանձնելու իշխանությունը, ամեն գնով պահելու է։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ հրապարակում ոստիկանները բիրտ ուժ եւ լուսաձայնային նռնակներ էին կիրառում քաղաքացիների դեմ։ Ինքն իր ընտանիքն ուղարկել էր Սեւանի ամառանոց՝ բնականաբար ուժեղացված հսկողության ներքո։ Մյուս ընտանիքներն էլ էին դուրս եկել, բայց երբ ընդդիմությունը երկար ընդմիջում հայտարարեց՝ մինչեւ երեկ երեկոյան ժամը 19-ը, հանդարտվեցին՝ հասկանալով, որ վտանգ չի սպառնում։ Ճիշտ է՝ երեկ ավելի մեծ ոստիկանական զորքեր էին բերվել Հրապարակ, բայց կատարվածի առաջին ալիքը հանդարտվել էր եւ վստահ էին, որ ոչ մի լուրջ միջադեպ չի արձանագրվելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 75 463 ձայն, որը, մեծ հաշվով, պետական ռեսուրսներով հավաքված ձայներ էին: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ին քվեարկել են միայն իրենց իսկ օգտագործած վարչական ռեսուրսներով բերված մարդիկ: Խոսենք թվերով․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատում է գրեթե 35 հազար մարդ, դրա մեջ մտնում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոշ կրթական եւ մշակութային կենտրոններ։ Այս թվին ավելացնում ենք նաեւ Հայաստանի ոստիկանական ջոկատները, Ներքին զորքերին ենթակա խմբերը, Պարեկային ծառայությունը եւ նմանատիպ այլ ուժային կառույցներ, որոնք ենթարկվում են եւ՛ վարչապետին, եւ՛ քաղաքային իշխանություններին։ Այս կառույցների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների, նրանց բարեկամների թիվը կազմում է գրեթե 25 հազար մարդ։ Եվս 15 հազար այն մարդիկ են, որոնք կա՛մ սատարում են ՔՊ-ականներին, կա՛մ այլ երկրի քաղաքացիներ են, որոնք մտնում են «բերված» մարդկանց մեջ։
Հիշեցնենք նաեւ այն փաստը, որ ընտրությունից առաջ հայտարարվում էր, որ մեկնարկել է պարեկային ծառայություն անցնելու դասընթացների նոր փուլ։ Այսինքն՝ իշխանական ուժերը, տեղեկանալով, որ այս իրավիճակում դժվար թե 2018 թվականի հեղափոխության մասնակիցները, այսինքն՝ նրանց սատարողները ընտրեն ՔՊ-ին, իշխանությունները համալրում էին ներքին զորքերի անձնակազմը, հաստիքներ էին ստեղծում՝ տեղակալի տեղակալի տեղակալ, քարտուղարի քարտուղար եւ այլն։ Իրենք իրենց ապահովագրված չհամարելով՝ հաշվի են առել, որ գոնե պետական գերատեսչությունները կընտրեն հենց իրենց։ Նրանք, սակայն, հաշվի չէին առել, որ իրենց ջանքերը գուցե չբավականացնեն, եւ հաշվի չէր առնվել նաեւ, որ փաստացի ընդդիմությունն ավելի շատ ձայներ հավաքեց, քան այն իշխանությունը, որը վարչական ռեսուրս բերելու եւ հաղթանակած ընտրություններ ունենալու համար ծախսել է 263 մլն դրամ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախը պայքարում է լինել-չլինելու համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մարտեր մղել՝ յուրաքանչյուր քվեաթերթիկի համար, որ Երեւանում իշխանություն զավթի։ Ավագանու ընտրություններից հետո հանձնաժողովների իշխանական անդամների պահանջով մասշտաբային վերահաշվարկ է սկսվել, որը կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում փոփոխություններն այնքան շատ չեն, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն։ Այնպես որ մի տեղ ծալված, մյուս տեղում անվավեր ճանաչված մի քանի քվեաթեթիկ վավեր ճանաչելով հարցը հնարավոր չի լինելու լուծել եւ ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության օգտին մանդատ չի ավելանա։ Վերահաշվարկի մոտ 80 տոկոսն արվել է եւ տարբեր ուժերի ձայները մի քանի հատ քվեով են ավելացել կամ պակասել։ Դիցուք՝ Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի երեք տեղամասերում հաշվարկի արդյունքում «Հանրային ձայն» կուսակցության ձայներն են մեկով ավելացել, մնացած ուժերի դեպքում փոփոխություն չի եղել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ Արցախի իշխանությունները հարկադրված էին ծանր զիջումների գնալ, որպեսզի կրակը դադարի եւ կյանքեր փրկվեն, սակայն, ինչպես արցախցի մեր հայրենակիցներից մեկն ասաց՝ դրանով գողգոթան չի ավարտվել։ Բոլորը սպասելու են այսօրվա բանակցություններին, որոնք կայանալու են Եվլախում․ արդյոք Ադրբեջանն առանց նախապայմանների հումանիտար միջանցք կտա, որ արցախցիները հեռանան իրենց հայրենի հողից, թե արյուն տեսած գազանի նման նոր պահանջներ կդնի՝ պատանդի կարգավիճակում հայտնված վիրավոր Արցախից։ Նշենք, որ երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել «վերաինտեգրման և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը քննարկեն սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը»։ Արցախի մեր հայրենակիցներից շատերը կասկածներ ունեն, որ տղամարդկանց անվանելու են ռազմական գործողություններին մասնակից «հանցագործներ» եւ թույլ չեն տալու հեռանալ Արցախից, որ արցախցիների հպարտ, հերոս գենը ոչնչացնեն։ Դա կնշանակի, որ «ցուցակում» հայտնված հերոսների, պետական գործիչների ընտանիքներն էլ ստիպված կլինեն մնալ եւ ապրել Ադրբեջանի օրենքներով։ Բանն այն է, արցախցիներին Հայաստան տեղափոխելու մեծ ցանկությամբ չի տառապում նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախում կասկածներ ունեն, որ այս սցենարն էլ է նրա հետ Ալիեւը համաձայնեցրել։ Տեղահանված եւ Հայաստան ժամանակ արցախցիները ռումբ են նրա իշխանության տակ՝ պատրաստ ընդվզելու։
Այս անձանց Արցախում պահելը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որն Արցախում մնալու լեգիտիմ հնարավորություն կստանա։ Բայց Արցախում քչերն են պատրաստ ապրել Ադրբեջանի լծի ներքո եւ սպասում են այնտեղից ժամ առաջ հեռանալուն։ Երեկ Փաշինյանն իր ուղերձում նման ակնարկ էլ արեց․ «Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ հայության անվտանգության հարցն է, և տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և այլևս առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու և ապրելու արժանապատիվ և անվտանգ: Իմ ընկալումն այն է, որ այս հայտարարությամբ նաև այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020 թվականի նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ըստ էության դրված է ՌԴ խաղաղապահ առաքելության վրա»։ Թե ովքեր են լինելու բանագնացները, երեկ մեզ չհաջողվեց պարզել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ գործընթաց է սկսվել: ՊԵԿ-ը նրան պատկանող «Նիկոլյան» ՍՊԸ-ի մասով արձանագրություն է կազմել եւ որոշում կայացրել։ Ի դեպ, այս որոշումը եղել է Ադրբեջանի դրոշը վառելուց հետո: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա էլ ՊԵԿ-ի որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում: Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը չցանկացավ խոսել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, որի հետ Արամ Նիկոլյանը չի համաձայնել եւ դիմել է դատարան: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Դեպքից հետո խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել էր վարույթ, սակայն գործն ընթացք չստացավ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքում իսկական քաոս ու բարձիթողի վիճակ է տիրում: Կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը ամուսնանալուց հետո սկսել է աշխատանքի չգալ, իսկ քաղաքի իշխանությունը փաստացի անցել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի ձեռքը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տևական ժամանակ է՝ Դիանա Գասպարյանն ընդհանրապես քաղաքի խնդիրներով չի զբաղվում. վերջինս երեխայի է սպասում, դրա համար էլ իշխանությունը հանձնել է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանին ու ինքն անհետացել է: Ի դեպ, Արսեն Պետրոսյանն ամենաակտիվ ՔՊ-ականներից է, որը սոցցանցերում աչքի է ընկնում ընդդիմադիրների հասցեին սուր քննադատական հայտարարություններով: Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս էլ պարզ է դառնում, որ բարձրագույն կրթություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար Էջմիածնի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ ամբողջ քաղաքը աղբի ու փոշու մեջ կորած է, փողոցները քանդել են, որ կառուցեն, բայց այդպես էլ քանդված մնացել են փողոցները, որևէ աշխատանք չի տարվում։ Նախկինում՝ գրեթե ամեն շաբաթ, տարբեր տոնական միջոցառումներ էին անցկացվում, սակայն հիմա դրա մասին մոռացել են։ Այլ կերպ ասած, Հայաստանի երբեմնի գեղեցիկ եւ ամենատուրիստական քաղաքներից մեկը հիմա անմխիթար վիճակում է գտնվում: Էջմիածնի քաղաքապետարանում էլ կառավարման քաոս է, մարդիկ դիմումներ են ներկայացնում ու ամիսներով պատասխան չեն ստանում, մի իրավասու պաշտոնյա չկա ողջ Էջմիածնում, որին կարողանան դիմել քաղաքացիները:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է այս խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Դիանա Գասպարյանից, սակայն նրա հեռախոսահամարն առհասարակ անհասանելի է, քաղաքապետարանից նույնպես չկա արձագանքող: Փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, Դիանա Գասպարյանն ամեն օր գալիս է աշխատանքի և կատարում է իր գործառույթները. «Ինչ վերաբերում է աղբի խնդրին, նման հարց իրոք կա Էջմիածնում։ Կառավարության աջակցությամբ մրցույթը կայացել է, նոր մեքենաներ և աղբարկղներ ենք ձեռք բերելու: Միջոցառումների մասով էլ կասեմ հետևյալը. հատկապես միջմշակութային միջոցառումներ միշտ էլ ունեցել ենք, տարբեր համերգներ և միջոցառումներ լինում են, ուղղակի համաքաղաքային մասշտաբի մեծ միջոցառումներ, վերջին դեպքերով պայմանավորված, չեն լինում, հետաձգվում են կամ չեղարկվում»,- ասաց նա: