23.11.2024
Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և ոչ մի երաշխիք չկա. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ինչ են քննարկել Եվլախում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Եվլախում Ադրբեջանի եւ Արցախի պատվիրակության երեկվա հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց. «Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման եւ Ադրբեջանի սահմանադրության եւ օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»: Մեր տեղեկություններով, հիմնականում հումանիտար հարցեր են քննարկվել, ամենակարեւոր՝ արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցերին անդրադարձ չի եղել։ Ըստ Բաքվի՝ բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն տրամադրել՝ պարենային ապրանքների եւ վառելիքի տեսքով։ Ըստ Արցախի աղբյուրների, առաջնահերթ քննարկվել են վերջին օրերի զոհերի դիակների դուրսբերման եւ հարազատներին հանձնելու հարցերը, ինչպես նաեւ՝ հումանիտար խնդիրների հետ կապված տեսական հարցեր։


Արցախում կարծում են, որ Ադրբեջանը կարեւոր խնդրին չի անդրադարձել` մի պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջիկա ժամերին պետք է քննարկվեր Արցախի հարցը։ Նշենք, որ Ադրբեջանից հանդիպմանը մասնակցել են Ալիեւի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամին Մամեդովը, Բաշիր Հաջիեւը եւ Իլկին Սուլթանովը։ Արցախի պատվիրակության կազմում են եղել Սերգեյ Մարտիրոսյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, ով նախկինում էլ է Արցախի կողմից բանակցողը եղել եւ ռուս խաղաղապահների հետ սերտ կապեր ունի: Նրա որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է, ինչպես նաեւ ԱԺԿ պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ի սկզբանե որոշել են պետնախարար Արթուր Հարությունյանին ուղարկել բանակցելու, սակայն Ադրբեջանը մերժել է նրա թեկնածությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը։


«Հրապարակ» թերթը գրում է. Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, մյուսները` համոզված, որ նրա մնալու դեպքում մենք նորանոր կորուստներ ենք ունենալու, փորձում են նրան իշխանությունից հեռացնել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ուղիղ եթերով փորձեց իրավիճակը հանդարտեցնել: Նրա «լայվը» հազիվ 15 հազար մարդ էր դիտում` հետհեղափոխական 300 հազարի փոխարեն: Մարդիկ նրանից սպասելիքներ չունեն եւ չեն հանդարտվում` Արցախի վիճակը եւ այն կցկտուր տեղեկատվությունը, որը հասնում է մեզ, թույլ չի տալիս «տուն գնալ»: Երեկ նորից փողոցներ էին փակել, հանրահավաք եւ բողոքի ակցիա էին անում: Մարդիկ փորձում էին Արցախին ինչ-որ բանով օգնել, բայց հայտնի չէ, թե հաջորդ օրն ինչ նոր աղետ է մեզ սպասվում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել, որոնց գործուղում են Հանրապետության հրապարակ՝ հանուն Արցախի բողոքի ակցիաների ժամանակ սադրանքներ հրահրելու, ոստիկանների նկատմամբ բռնության կոչեր եւ գործողություններ գեներացնելու համար։ Հաշվարկն այն է, որ հարամեն ակցիաները, տպավորություն ստեղծեն, թե ջարդարար խուլիգանների բանդա է հավաքվում՝ այլ քաղաքացիների վանելով ցույցերից: Բացի այդ, մարդկանց վախեցնելու, զանգվածային ձերբակալություններ իրականացնելու հիմքեր ստեղծեն։ Նախօրեին շշերից բացի, քարեր նետվեցին ոստիկանական պատի ուղղությամբ, երեկ իրավապահները հաղորդեցին, որ 28 անձ ձերբակալվել է՝ «զանգվածային անկարգություններ կատարելու» կասկածանքով։ Իրավապահները եռանդով աշխատում են ցուցարարների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, բերման ենթարկելու ուղղությամբ, այն, ինչը տարիներ առաջ կիրառվում էր Նիկոլ Փաշինյանի եւ այլ ընդդիմադիրների դեմ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի հարցով բանակցություններն ամբողջովին տապալելուց եւ Արցախը վերջնական հանձնելուց հետո ՔՊ-ականներն ընդհատակ են անցել: Չկան ո’չ ԱԺ-ում, ո’չ իրենց նախընտրական շտաբներում, ո’չ էլ վարչության նիստեր են անում: Նիկոլ Փաշինյանը երբեմն ուղիղ եթեր է մտնում, փորձում է ինչ-որ արդարացումներ բերել Արցախի հարցը ձախողելու համար, իսկ ՔՊ-ականներն էլ սահմանափակվում են միայն ինքնիշխանության պահպանման մասին պաթետիկ գրառումներ անելով: Ինչպես Նիկոլ Փաշինյանին եւ իր մյուս թիմակիցներին է բնորոշ, ցանկացած փոքր վտանգ զգալու դեպքում անհետանում են, մտնում ապահով վայրեր: Իշխանականներն այնքան են վախեցած, որ երեկ՝ Հայաստանի անկախության օրն անգամ չհամարձակվեցին Եռաբլուր ոտք դնել. «խիզախել» էին գնալ միայն տարեց ՔՊ-ականները՝ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը, որոնք մեր քաղաքացիների ցասումին արժանացան, անգամ ապտակ ստացան ու հեռացվեցին Եռաբլուրից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ ներսում իսկապես ահ ու սարսափ է տիրում, իշխանականներից շատերն անգամ վախենում են տանից դուրս գալ: Իրականում ՔՊ-ականները լավ գիտակցում են, որ շատ վտանգավոր է այս գերլարված իրավիճակում հանրության մեջ դուրս գալը, այն էլ՝ վշտի մեջ գտնվող որդեկորույս ծնողների, բայց կարծել են, թե հանրությունը որեւէ հատուկ վերաբերմունք չունի Աղազարյանի եւ Ասլանյանի նկատմամբ, ուստի ուղարկել են նրանց «առաջնագիծ», իսկ վերջիններս ձախողեցին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թափանցիկ աշխատելու մասին բարձրաձայնող և այն կարևոր համարող ՀՀ իշխանությունները շարունակում են հակառակ գործելաոճը որդեգրել։ Օրինակ՝ կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 32 հարց, սակայն այդ հարցերից միակն մեկն է զեկուցվող, մյուս բոլոր հարցերը չզեկուցվող են և պարզապես տեղադրված են հարթակում, սակայն քննարկման այդպես է չեն ենթարկվի։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, Արցախում ստեղծված իրադարձությունների ֆոնին, ՀՀ իշխանությունները ստանդարտ նախագծեր են քննարկելու։ Այսինքն՝ չկա որևէ նախագիծ, որը հրատապ է, իրավիճակին լուծում տալուն միտված կամ կարող է վերաբերել, օրինակ, արցախցիներին ինտեգրելուն, փախստականներին օգնելուն։ Եվ դա՝ այն դեպքում, երբ Արցախի բազմաթիվ վայրերից քաղաքացիներ են տեղահանվել և սպասում են Հայաստան տեղափոխվելուն:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին երեկ մի լավ նախատել են` Եռաբլուր այցի համար։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դաստիարակչական աշխատանքներ է տարել նրանց հետ, թե` ինչու եք գնացել, սադրել իրավիճակը: Մոտավորապես այսպես, թե՝ դուք ումի՞ց եք լավ տղա. եթե ՔՊ-ն չէր գնում, դուք ինչո՞ւ էիք գնում։ Նրանց բացատրել են, որ հիմա պատեհ պահը չէ ժողովրդական խաղալու, պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը։ Հիշեցնենք, որ երեկ այս 2 պատգամավորներն ինքնագլուխ այցելել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների շիրիմներին, ու հայտնվել էին 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների ցասումի կիզակետում: Հովիկ Աղազարյանն անգամ ապտակ էր ստացել։ Դեռ նախորդ գիշերվանից ծնողները հերթապահել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի եւ այլ իշխանականների մուտքը Եռաբլուր՝ հայտարարելով, որ իրենց տղաներն արյուն թափեցին հանուն հայրենիքի, իսկ Փաշինյանը հայրենիքը նվիրեց Ալիեւին։ Թերեւս սա էր պատճառը, որ իշխանությունից ոչ ոք այս տարի չայցելեց Եռաբլուր, անգամ՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Միջադեպից ժամեր անց հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, ձերբակալել են՝ Հովիկ Աղազարյանին հարվածելու համար։ «Եթե ինձ հարվածողը զոհվածի հարազատ է, ուրեմն ես բողոք չունեմ, կասեմ, որ ազատ արձակեն»,- մեզ հետ զրույցում ասաց Աղազարյանը` նշելով, որ ինքը չի դիմել ոստիկանությանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեկ տարուց ավել արդեն մամուլում պետական պաշտոնյաների եւ Ն.Փ-ի միջոցով պտտվում է այն դեզինֆորմացիան, թե, իբր, Ռուսաստանը, վերցնելով ՀՀ-ից զենքի մատկարարման համար գումարը, չի մատակարարել համապատասխան զենք-զինամթերքը: ՀՀ-ի եւ ՌԴ-ի մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական АО «НПО “Сплав”» գործարանի միջեւ պայմանագիր է կնքվում, համաձայն որի՝ ռուսական գործարանը ստանում է գումար և արտադրում է ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ: Այնուհետև տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ին, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, և կարող են ուղարկել ՊՆ-ի մասնագետներին ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո 1 տարի 3 անիս ՀՀ ՊՆ-ն չի կարողանում ապրանքը տեղափոխել Հայաստան: Ապրանքը վերցնելու համար АО «НПО “Сплав”» գործարանը 3 անգամ դիմում է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում:


Այսքան դիմումներից հետո ՀՀ ՊՆ-ն չի կազմակերպում ապրանքի տեղափոխումը: Այնուհետև սկսվում է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործում է այդ հրթիռները: Միանշանակ այդպես կվարվեր յուրաքանչյուր պատերազմող երկիր: Չնայած պատերազմական վիճակին՝ ՌԴ-ն տեղեկացնում Է ՀՀ ՊՆ-ին, որ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքը կմատակարարվի խմբաքանակներով:


Մեզ հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարելու 1 մլրդ $ ԱՄՆ և 400 մլն $ԱՄՆ զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն $ ԱՄՆ արդեն հաստատված է եղել, և պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 միլիարդին մնացել էին հաշված օրեր երկու երկրների կառավարություններում, ֆինանսների նախարարություններում հաստատելու համար: Հանկարծակիորեն, սակայն, Հայաստանը հրաժարվում է այս պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքում Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն $ ԱՄՆ եւ մինչև այժմ չստանալով այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվում նաև այլ երկրների արտադրանքների հները, չեն համեմատում այլ արտադրատեսակների հետ: Մեր տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ ավելի թանկ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ մեկնաբանության համար, որտեղից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր: Գրավոր հարցումը ուղարկված է. սպասենք պաշտոնական պատասխանին։


Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին։ Հարուստ կենսագրական ունեցող Սահակյանը 2018 և 2020 թվականներին գնել է բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Հազար խոշոր հարկատուների մեջ նախկինում մտնում էր նաև ՏՏ ոլորտը, սակայն, 2022 թվականին ընդունված օրենքի համաձայն, ՏՏ հավաստագիր ունեցող կազմակերպությունները ստացան հարկային արտոնություններ՝ 0% շահութահարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի զուտ եկամտի 20% -ի փոխարեն) և 10% աշխատողների եկամտային հարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի 23% -ի փոխարեն): Սա այն ոլորտն է, որը կարող էր ստեղծել կայուն եկամուտ և ահռելի գումարներ ավելացնել պետբյուջե։ Այս արտոնյալ նախարարության փոխնախարարը հայտարարագրել է նաև մեքենա՝ 2010 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի։


Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 791 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ և 2 500 դոլար։ Նրա՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 625 հազար դրամ, որից 14 մլն 588 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 1 մլն 321 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական համալսարանից, իսկ 2 մլն 716 հազար դրամը փոխնախարարը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից բնակարանի հիփոթեքը մարելու համար եկամտահարկի վերադարձի սկզբունքով։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 423 հազար դրամ, որից 21 մլն 397 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Փոխնախարար Սահակյանը վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 834 հազար դրամ։