Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի եւ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Նա ընդգծել է հայերի միասնականությունը ինչպես օրեր շարունակ երկրում ընթացող բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ, այնպես էլ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Ֆուտբոլիստը նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը եւ զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը՝ կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ: