Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, գրում է Ա1 պլյուսը։ Դիմումատուն այսօր արդեն Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը։ Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017թ ։ Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «փողերի լվացման» գործով։ Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։ Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007-ի սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։ Արզումանյանը, ըստ հայցի, համարում է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։ 2007թ-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում և, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»: Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։