Կոմերսանտ. Սերգեյ Գալիցկին ներդրումային հիմնադրամ է ստեղծել
Հայկական ծագումով ռուսաստանցի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) «Մագնիտ» հիպերմարկետների ցանցի բաժնետոմսերը վաճառելուց հետո ներդրումային հիմնադրամ է ստեղծել, որն արդեն դիտարկում է որոշ ակտիվներ սննդամթերքի արտադրության ոլորտում: Այդ մասին հայտնել է «Կոմերսանտը» ֆինանսական շրջանակներում երկու աղբյուրի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել է 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով:
Հիմնադրամի անվանումն ու չափը չի հրապարակվել: 2018-ի հուլիսին Գալիցկին Կրասնոդարում հիմնել է «ՍՆ Կապիտալ» ՍՊԸ-ն, որը հիմնականում ֆինանսական ծառայություններ է մատուցում: Ըստ աղբյուրներից մեկի, հիմնադրամում արդեն թիմ է ձևավորվել: Որպես առաջին ներդրումների օբյեկտ դիտարկվել են սննդամթերքի որոշ արտադրողներ Ռուսաստանի հարավում, բայց դեռևս ընտրված նախագծեր չկան՝ ըստ այլ աղբյուրի:
Նշվում է, որ Սերգեյ Գալիցկու կամ նրա ներկայացուցիչների հետ կապվել չի հաջողվել: