9.05.2025
Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է. Մատվիենկո
19.07.2017
Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը, երկու երկրների ղեկավարների կողմից վարվող քաղաքական երկխոսությունը: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:  Նրա խոսքով` երկու երկրների նախագահների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս լուծելու կոնկրետ խնդիրներ, երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում մշակվում են նաեւ միջխորհրդարանական համագործակցության նոր սկզբունքներ: «Հայաստանը եղել եւ վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն: Տիկին Մատվիենկոն կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը: Իր հերթին Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի ավանդական ջերմ ու բարեկամական կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը եւ այս տարիների ընթացքում երկու երկրները դաշնակցային գործակցության որակական նոր մակարդակի են հասել: «Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մեր ակտիվ մասնակցությամբ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում ընդլայնվում է համագործակցությունը առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում»,- փաստել է Արա Բաբլոյանը: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: