Արտահերթ ընտրությունը անհրաժեշտություն է. «Ժառանգության» պատասխանը ՀՀԿ-ին
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հարկավոր է անցկացնել օր առաջ:
«Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մեր քաղաքացիները հստակ և աներկիմաստ պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն ուղերձին, որով կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը եղավ ոչ թե որևէ միտինգում բացականչություններով, այլ հստակ քվեարկությամբ:
Որևէ մեկ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ: «Ժառանգություն» կուսակցությունը միշտ նշել է, որ արտահերթ ընտրությունը անհրաժեշտություն է, և որ այն պետք է անցկացնել օր առաջ: Անհրաժեշտությունը առաջին հերթին պետք է պետական շահի տեսանկյունից: Ուստի, բոլորս դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Հիշեցնենք, Նյու Յորքում՝ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով:
Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Նշենք, որ կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է միայն 2709 ձայն կամ 0.75%: