Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է կրճատել մայրաքաղաքի Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման հնարավորությունները և ընդլայնել հանրային տրանսպորտի առանձնացված գծերը։ Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքային իշխանությունները, ըստ Ավինյանի, դա համարում են երթևեկության խցանումների դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքում խցանումների հիմնական պատճառը անձնական ավտոմեքենաների թվի շարունակական աճն է, մինչդեռ փողոցների թողունակությունը մեծացնելու հնարավորությունները սահմանափակ են։ «Երևան քաղաքի փողոցները ռեզինից չեն և ավելի լայնացնելու տեղ չունեն»,- հայտարարել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ նույնիսկ նոր ճանապարհների կառուցումը չի կարող ամբողջությամբ լուծել խնդիրը։
Ավինյանը նշել է, որ Երևանում աստիճանաբար կնվազի վճարովի ավտոկայանատեղերի՝ այսպես կոչված «կարմիր գծերի» թիվը։ «Կարմիր գծերը գնալով նվազելու են, որովհետև տարբեր հատվածներում Փոքր կենտրոնի պետք է նվազեցնենք կայանման հնարավորությունը, որպեսզի հոսքը կարողանանք անդադար ապահովել»,- ասել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության կազմակերպման նոր քաղաքականության առանցքում լինելու է հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը։ Այդ նպատակով նախատեսվում է ավելացնել ավտոբուսային առանձնացված գծերը և որոշ հատվածներում սահմանափակել մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը։
Միաժամանակ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաք մուտք գործելու սահմանափակումներ քաղաքացիների համար չեն նախատեսվում։ Նրա պարզաբանմամբ՝ քննարկվող միջոցառումները վերաբերում են ավտոմեքենաների երթևեկության կազմակերպմանը, այլ ոչ թե այլ բնակավայրերից Երևան այցելելու իրավունքին։
Քաղաքապետը կարևորել է նաև ավտոբուսների կանոնավոր երթևեկությունը։ Նրա համոզմամբ՝ հանրային տրանսպորտից օգտվողները պետք է վստահ լինեն, որ ավտոբուսները կանգառ կհասնեն նախապես նշված ժամերին։
Ավինյանը խցանումների առաջացման պատճառներից է համարել նաև ճանապարհատրանսպորտային փոքր պատահարների դեպքում պարեկային ծառայության ծանրաբեռնվածությունը։ Նրա գնահատմամբ՝ երբ բախման հետևանքով մարդիկ չեն տուժել, իսկ վնասը մեծ չէ, դեպքի պարտադիր արձանագրման գործող ընթացակարգերը կարող են անհարկի երկարացնել ավտոմեքենաների՝ ճանապարհին մնալու ժամանակը։
Քաղաքապետն առաջարկել է օրենսդրական փոփոխություններով նվազեցնել նման դեպքերում պարեկների ներգրավվածությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ արդեն քննարկումներ են ընթանում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ։
Երթևեկության կազմակերպման փոփոխությունները քաղաքապետարանի օրակարգում են դեռ նախորդ ամիսներից։ Սեպտեմբերին Ավինյանը հայտարարել էր, որ հիմնական երթուղիներում ավտոբուսային առանձնացված գծերի ստեղծումն այլընտրանք չունի, քանի որ երթևեկության ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հոկտեմբերին քաղաքապետը հայտնել էր, որ առանձին երթուղիներում կատարված հաշվարկները ցույց են տալիս՝ առանձնացված գծերով երթևեկող ավելի փոքր թվով ավտոբուսները կարող են ավելի արդյունավետ սպասարկել ուղևորներին, քան խցանումների մեջ հայտնվող ավելի մեծ շարժակազմը։
Քաղաքապետարանը նախատեսում է առանձնացված գծերի ցանցն ընդլայնել փուլերով՝ սկսելով փողոցների աջակողմյան հատվածներից և կիրառելով տեսահսկման համակարգեր։ Հետագայում, անհրաժեշտության դեպքում, հնարավոր են նաև ճանապարհային ենթակառուցվածքների ավելի լայնածավալ փոփոխություններ։
Հունիսին Ավինյանը ներկայացրել էր նաև քաղաքի մուտքերի մոտ խոշոր ավտոկայանատեղեր ստեղծելու գաղափարը, որպեսզի մարզերից եկող վարորդները կարողանան այնտեղ թողնել իրենց ավտոմեքենաներն ու ճանապարհը շարունակել հանրային տրանսպորտով։
Թե Փոքր կենտրոնի որ փողոցներում և ինչ ժամկետներում կկրճատվեն ավտոկայանատեղերը, քաղաքապետը նոյեմբերի 9-ի ճեպազրույցում չի հստակեցրել։