Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ազատության» հարցին՝ Հանրապետականը պատրա՞ստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, ինչի մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանը արձագանքեց․
«Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց մենք, ինձ թվում է, Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրությունները Ընտրական օրենսգիրքը մենք պետք է բարելավենք: Եվ ինձ թվում է, որ մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը»:
Հարցին՝ այսինքն, չե՞ք բանակցի Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների շուրջ, Բաղդասարյանը նշել է.
«Չենք ստացել նման առաջարկ, երբ որ նման առաջարկ կստանանք, մենք դրա մասին կմտածենք: Մենք առաջարկ չենք ստացել և քննարկում չենք կազմակերպել: Մենք այժմ աշխատում ենք Ընտրական օրենսգրքի վրա: Երբ որ Ընտրական օրենսգիրքը մենք կհասցնենք իր ավարտուն տեսքին, նոր այդ ժամանակ եթե․․․ Մենք հիմքեր չենք տեսնում, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների»:
Հիշեցնենք, Նյու Յորքում՝ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով: «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը», - ասել է Հայաստանի վարչապետը: «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», - ընդգծել է Փաշինյանը:
Ավելի վաղ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ վերադառնալուն պես սկսելու է խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ: