Ռուսաստանը պրագմատիկ կարձագանքի ԱՄՆ ոչ բարեկամական քայլերին. Լավրով
Մոսկվան մտադիր է պրագմատիկ պատասխանել Վաշինգթոնի ոչ բարեկամական քայլերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գերմանական:
«Մեր կողմից բոլոր ոչ բարեկամական քայլերին արձագանքելիս այսուհետեւ եւս պրագմատիկ կգործենք: Միաժամանակ, համոզված ենք, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ շահերին կհամապատասխաներ հարաբերությունների առողջացումը ինքնիշխանության, շահերի փոխհարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- նշել է նա:
«Վաշինգթոնում որքան արագ ազատվեն պատրանքներից, որ մեզ կարելի է ստիպել փոխել սկզբունքային դիրքորոշումը՝ ճնշելով տնտեսական սահմանափակումներով կամ ռազմական պոտենցիալի ցուցադրմամբ, այնքան բոլորի համար լավ կլինի»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նաեւ շեշտել է, որ Մոսկվայում լուրջ են ընկալում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերությունները կարգավորելու ցանկությունը, ՌԴ-ն իր հերթին «պատրաստ է անցնել ճանապարհի իր հատվածը երկկողմ հարաբերությունները փակուղուց հանելու համար»:
«Սակայն կառուցողական համագործակցության մեջ գործընկերների իրական շահագրգռվածության մասին կարելի է դատել միայն գործնական քայլերով, որոնք հենց չկան: Իրավիճակը շարունակում է հետեւողականորեն դեգրադացվել հատկապես Վաշինգթոնի քայլերի պատճառով: Եթե նույնիսկ ամերիկացի առաջնորդից ինչ-որ դրական խթաններ են գալիս, ապա դրանք ամբողջությամբ զրոյացվում են ամերիկյան իսթեբլիշմենթի ռուսատյացությամբ, որը մեր երկիրը դիտարկում է որպես ԱՄՆ աշխարհաքաղաքական գերակայության սպառնալիք, հանդես է գալիս Ռուսաստանի համակարգային զսպմամբ՝ միակողմանի պատժամիջոցներ եւ ճնշման այլ գործիքներ օգտագործելով»:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հենց այս պատճառով միջազգային հիմնական հարցերում Մոսկվայի եւ Վաշինգթոնի փոխգործակցությունը տեղապտույտի մեջ է հայտնվում: «Սա բացասաբար է անդրադառնում աշխարհի իրադրության վրա, որտեղ չափից ավելի շատ հարցեր են կուտակվել, որոնք ուղղակի անհնար է լուծել առանց 2 պետությունների համագործակցության»,- ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը: