ԱԺ արտահերթ նիստում, որը մեկնարկեց կեսօրին, քննարկման է դրվել ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որի հիմքում ընկած է ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը: Սակայն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնողները պնդում են՝ այն պետք է ստեղծվի արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:
Հարցը բավականին բուռն քննարկման ընթացք ստացավ: Այդպես, ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ օրերս համացանցում հրապարակված գաղտնալսված զրույցը շատ հարցեր է առաջացրել իրենց մոտ, բայց Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել են ոչ թե կոնկրետ հանգամանքը կամ հարաբերությունները, այլ բոլորովին այլ խնդիր.
«Հարցն ավելի գլոբալ է, քանի որ ստեղծված իրավիճակը բոլորիս մոտ հիմնավոր կասկածների տեղիք է տալիս, որ եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, ապա դա նշանակում է, որ սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը առնվազն վտանգված է», - նշեց նա:
ՀՀԿ-ական ատգամավորի խոսքով, կատարվածը վտանգի տակ է դնում ոչ միայն իրավական անվտանգությունը, այլ նաև առնվազն կասկածի տակ է առնում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։
Սակայն «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հուշեց ՀՀԿ-ական գործընկերոջը, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել այն դեպքում, երբ նույն հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Իսկ գաղտնալսման փաստով, հիշեցրեց նա, արդեն կան այդպիսի գործեր հարուցված՝ երկուսը:
«Հետևաբար Ազգային ժողովը չի կարող այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս է դա վրիպել ձեր աչքից», - նկատեց Մարուքյանը։ Բայց Կոստանյանը չհանձնվեց՝ պնդելով, որ չի վրիպել և եհնց այդ պատճառով էլ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել են ավելի լայն հասկացություն: Մարուքյանը ևս չհանձնվեց՝ չէ որ, հակադարձեց նա, կոնկրետ այս հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնության հիմքում դրել են կոնկրետ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցը, այլ գաղտնալսման փաստեր ներկայացվա չեն: Հետևաբար....
ՀՀԿ-ական պատգամավորն էլ ասաց, որ եթե տեքստի ձևակերպումն է խնդիր, ապա իրենք կարող են փոխել այն։
«Խոսքը չի կարող վերաբերել կոնկրետ հանգամանքներին, այլ նրան, որ այս խոսակցությունները հիմք են հանդիսանում, որ մենք ուսումնասիրության առարկա դարձնենք գլոբալ՝ հեռախոսային խսակցությունների գաղտնիության և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հանգամանքները», -հավելեց նա:
Քննարկումները շարունակվում են: