Ֆավորիտ ուժերից մեկը քարոզարշավը քաղաքական դիսկուրսի դաշտ է տեղափոխում. Զոհրաբյան
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը հավասար մրցակցային պայմաններ չի ապահովում մասնակից ուժերին, որովհետև ֆավորիտ ուժերից մեկը քարոզարշավը քաղաքական դիսկուրսի դաշտ է փորձում տեղափոխել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, ո նման մոտեցումն անընդունելի է, քանի որ Երևանն ու երևանցին մղվում են հետին պլան և առաջ են քաշվում հետհեղափոխական էյֆորիկ վիճակում հավելյալ դիվիդենտներ քաղելու գայթակղությունը.
«Ես հասկանում եմ, որ մեծ է գայթակղությունը հեղափոխության էյֆորիայի ֆոնին դիվիդենտներ շահեր, բայց աղբի մեջ կորած քաղաքի, մարդասպան վերելակների, մարդու արժանապատվությունը ոտնահարող տրանսպորտի և այլ խնդիրները բոլորինս են՝ լինես հեղափոխական, թե ոչ: Մենք հարգում ենք երևանցուն, որովհետև երևանցու համար կարևոր է իր խնդիրների լուծումը և մեզ համար կատեգորիկ անընդունելի է սևերի և սպիտակների բաժանումը»,- հայտարարեց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ի տարբերությունը մյուս ուժերից հստակ է. իրենք միակ քաղաքական ուժն են, որ ոչ միայն բարձրաձայնում են խնդիրները և առաջարկում լուծումներ, այլև երևանցուն ներկայացնում են կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնք հիմնված են հստակ միջազգային ներդրողների հետ հստակ պայմանավորվածությունների վրա: Այս պահին, ասաց նա, ունեն հստակ ներդրումային ծրագրեր տրանսպորտի ոլորտում, աղբահանության գործընթացի ցիվիլ կազմակերպման համար՝ աղբի մշակման գործարանի բացմամբ, համաշխարհային համբավ ունեցող կազմակերպությունն էլ կզբաղվի բնապահպանական խնդրով:
«Բոլոր պայմանավորվածությունները կան, բանակցություններն ավարտված են և մնում է սեպտեմբերի 25-ին այդ ծրագրերը կյանքի կոչվեն: Սա է մեր տարբերությունը մնացած բոլոր ուժերից: Մենք չենք ասում՝ ընտրեք մեզ և ամեն ինչ լավ կլինի, մենք ասում ենք, որ սրանք են հստակ ծրագրերը, որոնք մենք կիրականացնենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին՝ իսկ եթե չընտրվեն, ապա նշանակում է, որ այս ծրագրերը չե՞ն իրականացվի, քաղաքապետի թեկնածուն ասաց, որ եթե ԲՀԿ-ին չտրվի վստահության առավելագույն քվեն, ապա իրենք ներդրողներին անպայման կհորդորեն, այդուհանդերձ, իրականացնել այդ ծրագրերը, որովհետև դրանք չեն արվում ԲՀԿ-ի կամ «Իմ քայլի» համար, այլ նպատակ ունեն թեթևացնելու երևանցու հոգսերը.
«Բայց ներդրողները իրենք պետք է վստահ լինեն այն միջավայրում, որտեղ մեծ գումարներ պետք է ներդնեն: Որևէ ներդրող երբեք ներդրում չի անի մի երկրում, որտեղ անընդհատ հեղափոխական և հակահեղափոխական են փնտրում: Եթե մենք անձամբ վստահ լինենք, որ նախըտրական քարոզարշավում չի օգտագործվի հետհեղափոխական էյֆորիան, բացահայտ ուղորդում չի լինի «ընտրեք, որովհետև ես եմ տենց ուզում» սկզբունքով մենք կհորդորենք մեր օտարերկրյա գործընկերներ-ներդրողներին իրականացնել այդ ծրագրերը: Բայց որոշողը իրենք են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա քննադատեց այն ուժերին, որոնք փողոցում բղավում են, թե՝ «կգնաք և կընտրեք այս թեկնածուին», նշելով, որ երկար տարիներ Հայաստանում պայքար է մղվել ՀՀԿ- մենաշնորհի դեմ: