Ամերիկյան մամուլ. Թրամփի հաղթանակը նշանավորում է status quo–ի խլացուցիչ խորտակում
«Դոնալդ Թրամփի հաղթանակը նշանավորում է status quo–ի խլացուցիչ խորտակում։ Աշխարհի ամենահզոր երկիրն ընտրել է ղեկավարի, որը կառավարությունում աշխատանքի փորձ չունի, ինքնաշեն բռնապետի, որը քամահրում է իր դաշնակիցներին, քաղաքավարի խոսելաոճը ու ժողովրդավարական ավանդույթները։ Եթե նա չփոխի իր անձը, Պրոթեյի նման, նրա հաղթանակը թերեւս մարտահրավեր կդառնա արեւմտյան ժողովրդավարական մոդելի համար: 2016-ին ամերիկացիները նախընտրեցին «Նորից հզորացնենք Ամերիկան» հասարակ կարգախոսով քաղաքական նեոֆիտին, քան կին թեկնածուին, որը եղել է առաջին լեդի, Նյու Յորքի սենատոր ու պետքարտուղար: Այս մասին գրում է The Financial Times–ի հոդվածագիրը։
Եվ այսպես, որո՞նք են Թրամփի նախագահության հեռանկարները։ Լավատեսական հեռանկարում, այդ չարացած, մուսուլմանների հանդեպ բացասաբար տրամադրված թեկնածուն կվերափոխվի՝ հայտնվելով Սպիտակ տանը։ Այս փուլում նման փոփոխությունը անհավանական է թվում։ Դրան կխանգարի Թրամփի խառնվածքը կարծում են The Financial Times–ի վերլուծաբանները։ Բացի դրանից նա կարող է վստահեցնել, ու միանգամայն արդարացիորեն, որ իր մարտավարությունները, որքան էլ արտասովոր լինեն, օգնել են իրեն հաղթել նախագահական ընտրապայքարում։ Նա ուներ հնարավորություն վերադառնալ ավելի ողջամիտ ցենտրիստական դիրքորոշման՝ Հանրապետական կուսակցության հռչակագրից հետո, բայց նա նախընտրել է չանել դա։
Սակայն Թրամփը կարող է մտածել, որ հաղթանակն իրեն երկրորդ շանսն է տվել։ Նա ստիպված կլինի թիմ ստեղծել ու աշխատել Կոնգրեսի հետ, մասնավորապես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանի հետ, որին նա պարբերաբար ծաղրում էր։ Մարդը, որը հպարտանում է նրանով, որ հասկանում է «գործարքի արվեստը», պետք է յուրացնի, որ կառավարության աշխատանքի ընթացքը չի կարող որոշվել անձնական թշնամանքով, իսկ քաղաքականությունը փոխզիջման արվեստ է։
«Աշխարհը նյարդայնացած կարձագանքի Թրամփի առաջին քայլերին,- ասվում է հոդվածում,- Ինչպես եւ ֆինանսական շուկաները, որոնք արդեն դրսեւորել են առաջին ազդակը։ Սա շատ վտանգավոր պահ է։ Թրամփի հաղթանակը «Բրեքսիթի» մասին որոշումից հետո նոր դաժան հարված է ազատական միջազգային կարգերին։ Թրամփը պետք է որոշի, խոսքով կամ գործով, արդյոք մտադիր է ավանդ ներդնել այդ մեծ փլուզման մեջ՝ Արեւմուտքի համար անհամաչափ գնով»,- գրում է պարբերականը։
Իսկ ահա The Washington Post-ը գրում է, որ Թրամփի արտաքին քաղաքականության վերաբերյալ կանխատեսումներ անելը բարդ է ՝ հաշվի առնելով նրա անփորձությունը, սակայն ամենայն հավանականությամբ նա կձգտի անել այն, ինչ խոստացել է իր նախընտրական քարոզչության ընթացքում։Այս մասին գրում է The Washington Post–ի վերլուծաբան Դեւիդ Իգնատիուսը։
«Վերջին մեկ տարում ճամփորդելով արտասահմանում, ես ավելի քան տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից մտահոգություն եմ լսել Թրամփի թեկնածության կապակցությամբ։ Նրան անփորձ ու անհուսալի քաղաքական գործիչ են համարում, որը կարող է խախտել ԱՄՆ-ի ավանդական պարտավորություններն ու դաշինքները»,- գրում է վերլուծաբանը։
Նրա կարծիքով,հիմք ընդունելով Թրամփի հայտարարությունները, նրա արտաքին քաղաքականության կենտրոնում լինելու են ԱՄՆ ազգային իրական շահերը ու արտասահմանում թանկարժեք նախաձեռնություններից հրաժարվելը։
Վերլուծաբանը ներկայացնում է մի քանի փոփոխություն, որոնց հետ կարող է բախվել ԱՄՆ-ն։ Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք հնարավոր է կլավանան։ Ընտրապայքարի ընթացքում Թրամփը ասում էր, որ կարո՛ղ է աշխատել նախագահ Պուտինի հետ, ու համաձայն չէ այն կասկածների հետ, որ ռուս հաքերները միջամտում են ընտրությունների ընթացքին։
Թրամփը նաեւ առաջարկում էր ԻՊ դեմ պայքարում միավորել ջանքերը Ռուսաստանի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Նա նաեւ խոստացել է ուժեղացնել ԻՊ դեմ ամերիկյան պայքարը ու փոխարինել այն գեներալներին, որոնք նրա կարծիքով բավականաչափ ռազմատենչ չեն։
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Թրամփը մտադիր է ճնշում գործադրել եվրոպական դաշնակիցների վրա, որպեսզի նրանք ավելի շատ վճարեն իրենց անվտանգության համար։ Սակայն,ըստ հոդվածագրի, Թրամփը դժվար թե լուծարի ՆԱՏՕ-ն։ Թրամփի հաղթանակը կարող է Եվրոպայում ուժեղացնել աջ ու ազգայնական հայացքներ արտահայտող քաղաքական գործիչների հանդեպ միտումները։
Ասիայում առեւտրի պայմանները փոխելու փորձը, վերանայելով համաձայնագրերն ու ստիպելով Չինաստանին արժեզրկել իր արժույթը, Թրամփի ծրագրերի հաջորդ կետն է։ Բարդ է կանխատեսել, թե ինչ կտա գլոբալիզացման նկատմամբ այս ռազմատենչ մոտեցումը։ Շատ վերլուծաբանների կարծիքով Թրամփի պրոտեկցիոնիստական հռետորաբանության հավանական հետեւանքը գլոբալ տնտեսական անկումն է լինելու, գրում է Իգնատիուսը։
Շատ վերլուծաբանների կարծիքով, այդքան բացահայտ հայտարարելով ամերիկյան շահերի առաջնահերթության մասին՝ Թրամփը կարող է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին դրդել նոր գործարքների համառ դարձած Ռուսաստանի ու աճող Չինաստանի հետ։
«Գլոբալիզացիան չեղարկելը հնարավոր չի թվում, բայց այդ համակարգում Ամերիկայի լիդերությունը խարխլելը բավականին հեշտ կլինի», -ամփոփում է հեղինակը։