Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։ Բայրամովը, մասնավորապես, մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը և անվանել այն բեկումնային․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչությանը»,- շեշտել է նա։Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ Բայրամովը նշել է, որ այն հնարավոր է իրականություն դարձնել արդեն այս տարի, եթե Հայաստանը կամք դրսևորի ու հայտարարություններ անելու փոխարեն նաև գործնական քայլեր ձեռնարկի. "Եթե Հայաստանը պատրաստ չլինի դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել",- ասել է Բայրամովը։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: