ՄԻՊ կոչ է անում միջազգային կազմակերպություններին արձագանքել Վագիֆ Խաչատրյանի դատապարտմանը
Լաչինի շրջանում ադրբեջանական զորքերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց միջազգային իրավական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված երաշխիքների պահպանման: «X»-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն կատարվածին»,- գրել է նա:
Անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել և Բաքու են տեղափոխել 2023թ. հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ ԼՂ բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։