9.05.2025
Ռոհանին՝ Սարգսյանին. Չպետք է ջանքեր խնայենք Պարսից ծոցն ու Սև ծովը միավորելու համար
26.01.2016
Ռոհանին՝ Սարգսյանին. Չպետք է ջանքեր խնայենք Պարսից ծոցն ու Սև ծովը միավորելու համար

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են նախորդ կիրակի ՀՀ և Իրանի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի որոշ մանրամասները: Մասնավորապես, ինչպես հայտնում է MehrNews-ը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը, որպես մահմեդական և քրիստոնյա ազգեր, աշխարհում հանդես են գալիս որպես լավ հարաբերությունների խորհրդանիշ: Ռոհանին բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի շնորհավորանքը, որը նա հղել էր միջուկային ծրագրի իրագործման վերաբերյալ՝ հաստատելով երկու երկրների միջև սերտ կապերը, որոնք չնայած կրոնական տարբերությանը, աշխարհում կարող են ընկալվել որպես իդեալական օրինական: Ռոհանին վստահություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման մասին՝ ընդգծելով, որ համատեղ տնտեսական հանձնաժողովի որոշումները պետք է իրականացվեն: «Իրանի Իսլամական Հանրապետությունն ու ՀՀ-ը պետք է առկա ներուժն ամբողջությամբ իրացնեն՝ երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար»,-նշել է նա: «Պատժամիջոցների չեղարկումից հետո ընկած ժամանակաշրջանում տնտեսական համագործակցության ուղին բաց է: Մենք չպետք է ջանքեր խնայենք Պարսից ծոցն ու Սև ծովը միավորելու համար»,-նշել է Ռոհանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհավորել է իրանական ժողովրդին և կառավարությանը միջուկային համաձայնագրի իրականացման կապակցությամբ: Նշենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ խոսակցության մանրամասներ չէին հաղորդվում: Առկա էին միայն ընդհանուր ձևակերպումներ: Սև ծովի ու Պարսից ծոցի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը քննարկվել էր ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի Թեհրան կատարած այցի ընթացքում: