Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է ընդլայնել վարչապետի լիազորությունները զինված ուժերի կառավարման համակարգում՝ նրան վերապահելով գերագույն հրամանատարի կարգավիճակ՝ անկախ պատերազմական կամ խաղաղ իրավիճակից։ Գործող Սահմանադրությամբ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարն է միայն պատերազմի ժամանակ։
Նախագծով վերանայվում են նաև բանակի կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման կարգը, պաշտպանության նախարարի լիազորությունները և Ազգային ժողովի վերահսկողական գործառույթները։
Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծում զինված ուժերի գործունեությանն ու կառավարմանը վերաբերող հիմնական դրույթներն ամրագրված են 9-րդ և 57-րդ հոդվածներում։
Նախագծի 57-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։
Ի տարբերություն գործող Սահմանադրության՝ այստեղ գերագույն հրամանատարի կարգավիճակը պայմանավորված չէ պատերազմի առկայությամբ։
2015 թվականին ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն՝ «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։
Այսպիսով, առաջարկվող կարգավորմամբ վարչապետի գերագույն հրամանատարի սահմանադրական կարգավիճակը կտարածվի նաև խաղաղ ժամանակահատվածի վրա։
Վերանայվում է պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի դերը
Նախագծով զինված ուժերը շարունակելու են գտնվել Կառավարության ենթակայության ներքո, սակայն միաժամանակ ամրագրվում է, որ դրանց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովը։
«Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ», – ասվում է նախագծի 57-րդ հոդվածում։
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է պաշտպանության նախարարի լիազորություններին։ Նոր խմբագրությամբ սահմանվում է, որ «Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը»։
Գործող Սահմանադրությամբ, մինչդեռ, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, իսկ պաշտպանության նախարարը զինված ուժերը ղեկավարում է այդ ուղղությունների շրջանակներում։
Նոր նախագծի համապատասխան հոդվածում Անվտանգության խորհուրդն այլևս չի հիշատակվում։ Իշխանությունները նախատեսում են հրաժարվել այդ կառույցից՝ պաշտպանության և անվտանգության հարցերով որոշումների ընդունման լիազորությունները կենտրոնացնելով Կառավարության շրջանակում։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդն առավելապես բնորոշ է նախագահական և կիսանախագահական կառավարման համակարգերին։ Նրա համոզմամբ՝ խորհրդարանական կառավարման պայմաններում առանձին նման կառույցի անհրաժեշտություն չկա, քանի որ Կառավարությունն ինքն է իրականացնում համապատասխան գործառույթները։
Գլխավոր շտաբի պետի նշանակման կարգը հիմնականում պահպանվում է։ Ինչպես գործող Սահմանադրությամբ, այնպես էլ նոր նախագծով զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին վարչապետի առաջարկությամբ նշանակելու է Հանրապետության նախագահը։
Սակայն նոր տարբերակում գլխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարին ենթակայությունը սահմանվում է առանց խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանների տարանջատման։
Վարչապետը կկարողանա անհետաձգելի որոշում ընդունել առանց պաշտպանության նախարարի առաջարկության
Էական փոփոխություններ են առաջարկվում նաև զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշումների ընդունման ընթացակարգում։
Գործող Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի կիրառման որոշումն ընդունում է Կառավարությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում այդ որոշումը կարող է ընդունել վարչապետը, սակայն միայն պաշտպանության նախարարի առաջարկությամբ։
Նոր նախագծում պաշտպանության նախարարի նման առաջարկության պարտադիր պահանջն այլևս նախատեսված չէ։
57-րդ հոդվածի յոթերորդ մասի համաձայն՝ «Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը, բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի»։
Միաժամանակ սահմանվում է, որ վարչապետը պարտավոր է իր որոշման մասին անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին։ Կառավարությունն իր հերթին կարող է վերացնել վարչապետի որոշումը կամ չեղարկել դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը։
Եթե Կառավարությունը չի վերացնում որոշումը կամ չի չեղարկում նախատեսված միջոցառումները, ապա, նախագծի համաձայն, հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն, որից հետո գործում են Սահմանադրության 47-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները։
Այսպիսով, վարչապետը կստանա անհետաձգելի իրավիճակներում զինված ուժերի կիրառման վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու ավելի լայն սահմանադրական հնարավորություն, սակայն Կառավարությունը կպահպանի այդ որոշումը վերացնելու իրավասությունը։
Բանակն արտերկիր ուղարկելու համար նախատեսվում է խորհրդարանի համաձայնությունը
Նոր նախագծով առանձին կարգավորվում է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն արտերկիր ուղարկելու հարցը։
57-րդ հոդվածի համաձայն՝ մարդասիրական կամ բնապահպանական օգնության, զորավարժությունների և խաղաղության դիտորդական առաքելությունների նպատակով զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու վերաբերյալ որոշումն ընդունում է Կառավարությունը։
Ընդ որում, նախագծի վեցերորդ մասով սահմանվում է, որ նման որոշման համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։
Բացառություն են կազմում այն դեպքերը, որոնք նախատեսված են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով։
Այս դրույթով զինված ուժերն արտերկիր ուղարկելու գործընթացում խորհրդարանի մասնակցությունը հստակ ամրագրվում է սահմանադրական մակարդակով։
Միաժամանակ վարչապետի՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշում ընդունելու լիազորությունը չի տարածվում զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու դեպքերի վրա։
Զինված ուժերի հիմնական առաքելությունը՝ պետության տարածքի և ինքնիշխանության պաշտպանություն
Նոր Սահմանադրության 9-րդ հոդվածով սահմանվում է զինված ուժերի հիմնական նպատակը։
«Զինված ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և անվտանգությունը պաշտպանելն է», – ասվում է նախագծում։
Գործող Սահմանադրության 14-րդ հոդվածը նույնպես ամրագրում է երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման գործառույթները։
Նոր տարբերակում, սակայն, առանձին շեշտադրվում է նաև ինքնիշխանության պաշտպանությունը։
Անփոփոխ է մնում զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը։
Միաժամանակ գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի երրորդ մասը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունը՝ օրենքով սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի պաշտպանությանը։ Նոր նախագծի 9-րդ հոդվածում այս դրույթը ներառված չէ։ Դա, սակայն, ինքնին չի նշանակում պաշտպանության մասնակցության կամ զինվորական ծառայության պարտավորության վերացում. այդ հարցի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև նախագծի մյուս հոդվածներն ու համապատասխան օրենսդրությունը։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է նոյեմբերի 23-ին՝ հատուկ ստեղծված հարթակում։ Իշխանությունների հայտարարության համաձայն՝ փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել հանրային քննարկման, որից հետո այն կարող է դրվել հանրաքվեի։
Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով, շարունակում է ուժի մեջ մնալ մինչև սահմանադրական փոփոխությունների հնարավոր ընդունումը։