23.11.2026
Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք. Սամվել Կարապետյանն արձագանքել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հրապարակել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հանրությանն է ներկայացրել նոր Սահմանադրության նախագիծը՝ մեկնարկ տալով դրա շուրջ հանրային քննարկումների գործընթացին։


Փաստաթուղթը հրապարակվել է հատուկ ստեղծված yourconstitution.am կայքում, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ նախագծին և ներկայացնել իրենց առաջարկությունները։


«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը», – գրել է Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում։


Վարչապետի խոսքով՝ առցանց հարթակի նպատակն է քաղաքացիների համար հնարավորինս դյուրին դարձնել նախագծի ուսումնասիրությունն ու դրա վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։


«Սա քո՛ Սահմանադրությունն է», – իր հրապարակումն ամփոփել է Փաշինյանը։


Կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ այսօր` նոյեմբերի 23-ին, ժամը 10։00-ին ուղիղ եթերում ուղերձով կդիմի Հայաստանի քաղաքացիներին։


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները։


Նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությունը քաղաքական սուր տարաձայնությունների պատճառ է դարձել իշխանության և ընդդիմության միջև։ Հիմնական վեճը վերաբերում է գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղմանը։


Փաշինյանը պնդում է, որ նոր Սահմանադրությունում այդ հղումը չպետք է պահպանվի, քանի որ Հռչակագիրը, մասնավորապես, անդրադառնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը։ Ադրբեջանի իշխանությունները դրանում տարածքային պահանջներ են տեսնում և Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ նոր Սահմանադրության ընդունումը երկրի ներքին օրակարգն է։


Ընդդիմադիր ուժերը սահմանադրական փոփոխությունները համարում են Բաքվի պահանջով իրականացվող գործընթաց և հայտարարում, որ չեն աջակցի դրան։ Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանում պակասում է առնվազն վեց ձայն։


Նոյեմբերի 19-ին Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել հանրաքվեի անցկացմանը՝ խոստանալով, որ եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա, իսկ եթե ընդունեն, հաջորդ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվի վարչապետի թեկնածու։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները չեն ընդունել առաջարկը՝ վերահաստատելով իրենց առարկությունները սահմանադրական գործընթացի նկատմամբ։

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան