Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հրապարակել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որի նախաբանում այլևս չկա հղում Անկախության հռչակագրին։ Հենց այդ հղման հեռացումն է Ադրբեջանը պահանջում Հայաստանից՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, մինչդեռ հայաստանյան ընդդիմությունը դեմ է փոփոխությանը՝ այն համարելով Բաքվի պահանջի կատարում։
Հատուկ ստեղծված yourconstitution.am կայքում հրապարակված նախագծի նախաբանը էապես տարբերվում է 2015 թվականին ընդունված Սահմանադրության գործող խմբագրությունից։
Գործող Սահմանադրության նախաբանը սկսվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։ Դրան հաջորդում են հղումներ ինքնիշխան պետության վերականգնմանը, հայրենիքի հզորացմանը, սերունդների ազատությանը և համամարդկային արժեքներին։
Իշխանությունների առաջարկած տարբերակում նախաբանը շարադրված է նոր սկզբունքներով.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Նախաբանում ավելացվել է նաև երկրորդ պարբերությունը. «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Այսպիսով, գործող Սահմանադրության «Հայ ժողովուրդը» ձևակերպումը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» ձևակերպմամբ, իսկ Անկախության հռչակագրով ամրագրված համազգային նպատակների փոխարեն շեշտադրվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, խաղաղությունն ու պետականության շարունակականությունը։
Այս փոփոխությունը վերջին ամիսներին իշխանության և ընդդիմության միջև ծավալված քաղաքական բանավեճի առանցքային հարցն է։
1990 թվականի Անկախության հռչակագիրը հղում է կատարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ գործող Սահմանադրության նախաբանում այդ փաստաթղթին հղումը տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ և խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Թեև Հայաստանի իշխանությունը հերքում է այդ մեղադրանքը` նշելով, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին գործն է, սակայն նաև հայտարարում, որ Անկախության հռչակագրում առկա դրույթները երկիրը պահում են հակամարտության տրամաբանության մեջ։ Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրությունը պետք է ամրագրի խաղաղության և պետականության պահպանման սկզբունքները։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մերժում են այս մոտեցումը։ Նրանք իշխանություններին մեղադրում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը փոխելու մեջ և հայտարարում, որ չեն աջակցի նախագիծը հանրաքվեի դնելուն։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել Ազգային ժողովում անհրաժեշտ վեց պատգամավորական ձայնը՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար։ Դրա դիմաց նա խոստացել էր հանրաքվեում նախագծի մերժման դեպքում մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում հաջորդ խորհրդարանական ընտրություններում չառաջադրվել վարչապետի պաշտոնում։
Ընդդիմությունը մերժել է առաջարկը՝ վերահաստատելով, որ չի աջակցի Ադրբեջանի պահանջի հետ կապվող սահմանադրական փոփոխություններին։
Նոր Սահմանադրության նախագիծը դեռ պետք է անցնի հանրային քննարկումների փուլը։ Այն հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի առնվազն 70 պատգամավորի աջակցությունը, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պակասում է վեց ձայն։