23.11.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
prev Նախորդ նորություն

Զուրաբյանը նոր Սահմանադրության նախագիծն անվանել է «Ալիևի նախագիծ»

Լուսանկարը` sputnik
Լուսանկարը` sputnik

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը քննադատել է նոյեմբերի 23-ին հրապարակված Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ իշխանությունները շրջանցել են փաստաթղթի մշակման համար իրենց իսկ սահմանած ընթացակարգերը, իր բնորոշմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները հնարավորինս արագ կատարելու նպատակով։


Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստաթուղթը քաղաքական առումով «Ալիևի նախագիծն է»։


Ֆեյսբուքյան իր գրառումը Զուրաբյանը վերնագրել է «Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը»՝ կասկածի տակ դնելով ինչպես նախագծի մշակման ընթացակարգը, այնպես էլ դրա քաղաքական նպատակները։


Նա հիշեցրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի աշխատակարգը նախատեսում էր առաջարկությունների քննարկում և դրանց ընդունում քվեարկությամբ։ Սակայն, ըստ Զուրաբյանի, երբ խորհրդի ներսում նախագծի վերաբերյալ առարկություններ են հնչել, իշխանությունները որոշել են շրջանցել սահմանված ընթացակարգը։


«Բայց երբ խորհրդում դիմադրություն առաջացավ, որոշեցին շրջանցել հենց իրենց սահմանած ընթացակարգը և հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու չգիտես ինչու դա կոչվում է «քո սահմանադրությունը»»,- գրել է ՀԱԿ փոխնախագահը։


Զուրաբյանը նախագծի հրապարակման շտապողականությունը կապել է Ադրբեջանի ճնշումների հետ՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են հնարավորինս արագ կատարել Բաքվի պահանջը։


«Իմ գնահատմամբ՝ Ալիևի ճնշման տակ նրա պահանջը հնարավորինս արագ կատարելու համար արդեն խոչընդոտ են համարում անգամ իրենց ստեղծած խորհրդի քննարկումներն ու քվեարկությունները», – նշել է նա։


Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարել է, որ նախագծի մշակման, դրա նպատակների սահմանման և անհրաժեշտության հիմնավորման գործընթացին հասարակական ու քաղաքական լայն շրջանակներ չեն մասնակցել։


«Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է։ Հենց սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի», – ընդգծել է Զուրաբյանը։


Նոր Սահմանադրության մշակման ընթացակարգի շուրջ տարաձայնություններ ավելի վաղ արձանագրվել էին նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Նոյեմբերի 13-ի նիստում խորհրդի մի շարք անդամներ դեմ էին արտահայտվել նախագիծն առանց լրացուցիչ քննարկումների հրապարակելուն։ Մասնավորապես, քննարկումների մասնակիցները մատնանշել էին, որ փաստաթղթի որոշ դրույթներ դեռ համաձայնեցված չեն, իսկ նախաբանը խորհուրդը չէր քննարկել։


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հրապարակվող տեքստը նախնական նախագիծ է, որը կարող է փոփոխվել հանրային քննարկումների արդյունքում։ Նա նաև մերժել էր ընդդիմության այն պնդումները, թե նոր Սահմանադրությունը մշակվում է Ադրբեջանի պահանջով։


Իշխանության և ընդդիմության հիմնական տարաձայնությունները


Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, որի նախաբանից հանվել է 1990 թվականի Անկախության հռչակագրին հղումը։


Գործող Սահմանադրության նախաբանը հիմնվում է Հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Նոր նախագծում, փոխարենը, շեշտադրվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու հանձնառությունը։


Հենց Անկախության հռչակագրին հղման հեռացումն է պահանջում Ադրբեջանը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Բաքուն պնդում է, որ Հռչակագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հիշատակումը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։


Հայաստանի իշխանությունները հերքում են, թե սահմանադրական փոփոխությունները կատարվում են արտաքին ճնշումների ներքո։ Նոյեմբերի 23-ի ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումը կնշանավորի հրաժարում հակամարտության տրամաբանությունից և «Չորրորդ հանրապետության» կառուցման սկիզբը։


Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն կստորագրեն ու կվավերացնեն խաղաղության պայմանագիրը, այլև կհաստատեն տևական և անշրջելի խաղաղություն։


Միաժամանակ Փաշինյանը կրկնել է խորհրդարանական ընդդիմությանն ուղղված իր առաջարկը՝ ապահովել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։ Նա խոստացել է նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում չառաջադրվել վարչապետի պաշտոնում հաջորդ խորհրդարանական ընտրություններում։


Ընդդիմադիր ուժերը, սակայն, մերժում են առաջարկը՝ պնդելով, որ Սահմանադրությունը չպետք է փոխվի Ադրբեջանի պահանջով։


Լևոն Զուրաբյանն ու նրա ներկայացրած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նույնպես միացել են ընդդիմադիր ուժերի համազգային համախմբման նախաձեռնությանը, որի ձևավորման մասին հայտարարվել էր նոյեմբերի 5-ին։


Նախաձեռնությանը միացած ուժերի թվում են նաև «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և այլ կուսակցություններ ու քաղաքական միավորումներ։


Համախմբման հռչակագրում առաջնային նպատակներից մեկը ձևակերպված է որպես «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում»։ Մյուս նպատակներն են խաղաղության հաստատումն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության ու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնումը։


ՀԱԿ-ը նախկինում ևս հանդես էր եկել նոր Սահմանադրության դեմ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու առաջարկով՝ պնդելով, որ սահմանադրական փոփոխությունները չպետք է հանգեցնեն Անկախության հռչակագրին հղման վերացմանը։

 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան