Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին, ներկայացնելով նոր Սահմանադրության նախագիծը, հայտարարել է, որ դրա ընդունմամբ երկիրը կհրաժարվի Անկախության հռչակագրում ամրագրված, իր բնորոշմամբ, հակամարտության տրամաբանությունից և կանցնի «Չորրորդ հանրապետության» կառուցմանը։
Նա նաև խոստացել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի, իսկ խաղաղությունը կդառնա տևական և անշրջելի։ Միաժամանակ վարչապետը կրկնել է ընդդիմությանն ուղղված իր առաջարկը՝ աջակցել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը՝ դրա արդյունքից կախված պարտավորվելով հեռանալ իշխանությունից։
Ժողովրդին հղած ուղերձում Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագծի հիմնական գաղափարական դրույթները՝ ընդգծելով, որ այն պետք է փոխի պետության և քաղաքացու հարաբերությունների հիմքում ընկած տրամաբանությունը։
Նոր Սահմանադրության նախաբանը, ի տարբերություն գործողի, այլևս հղում չի պարունակում 1990 թվականի Անկախության հռչակագրին։ Փոխարենը սահմանվում է, որ Հայաստանի ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ առաջնորդվելով միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու հանձնառությամբ։
«Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»,- ասվում է նախագծի նախաբանում։
Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև քաղաքացիների և երկրում գործող իրավակարգի միջև վստահության ու փոխադարձ պատկանելության զգացում ձևավորելու նպատակով։
Փաշինյանը պնդել է, որ Հայաստանի նախկին սահմանադրությունները չեն ընդունվել քաղաքացիների ազատ կամարտահայտության պայմաններում, քանի որ, ըստ նրա, դրանց ընդունման հանրաքվեների արդյունքները կեղծվել են։ «Մեզ անհրաժեշտ է նոր սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ քաղաքացին պետք է Սահմանադրությունը, իրավակարգն ու պետությունն ընկալի որպես իրենը։
Նա հատուկ անդրադարձել է նախագծի այն դրույթին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է, իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
«Չորրորդ հանրապետություն»՝ հակամարտության տրամաբանությունից դուրս
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը ներկայացրել է որպես պետականության զարգացման նոր փուլի՝ «Չորրորդ հանրապետության» ձևավորման հիմք: Մի գաղափար, որի մասին նա խոսել էր դեռևս ամիսներ առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին։ «Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում Չորրորդ հանրապետություն»,- հայտարարել է վարչապետը։
Նրա բնորոշմամբ՝ Երրորդ և Չորրորդ հանրապետությունների հիմնական տարբերությունը պետք է լինի հակամարտության տրամաբանությունից հրաժարումը։
Փաշինյանը պնդել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել է ոչ թե քաղաքացիների անվտանգության, բարեկեցության և իրավունքների պաշտպանության, այլ հակամարտության նպատակով։ Որպես իր գնահատականի հիմնավորում՝ նա վկայակոչել է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը։
«Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով»,- հայտարարել է վարչապետը՝ այդ քաղաքականությունը համարելով նաև Հայաստանից արտագաղթի պատճառներից մեկը։
Նա կոշտ քննադատության է ենթարկել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև նախկին իշխանությունների հետ կապվող մի շարք գործիչների՝ նրանց մեղադրելով պետական ռեսուրսների յուրացման և հակամարտության օրակարգը սեփական շահերին ծառայեցնելու մեջ։
Վարչապետի խոսքով՝ գործող սահմանադրական համակարգը նաև բավարար պայմաններ չի ապահովում անկախ և վստահելի արդարադատության համար։ «Այս սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունը օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը»,- ասել է Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ եթե 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, ապա նոր Սահմանադրության ընդունմամբ պետք է ժողովրդին վերադարձվեն պետությունն ու խաղաղությունը։
Փաշինյանը խոստանում է խաղաղության պայմանագրի ստորագրում
Վարչապետը առանձնացրել է նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածը, որով Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ է սահմանվում խաղաղության ապահովումը։ «Սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից», – հայտարարել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն իրականացվում արտաքին ճնշումների ներքո կամ այլ պետությունների շահերից ելնելով։
«Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար», – ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն ապահովելն է, երկիրը «ֆորպոստի տրամաբանությունից» դուրս բերելը և «Խաղաղության խաչմերուկ» դարձնելը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումը հնարավորություն կտա վերջնականապես ամրապնդել խաղաղությունը։
«Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն», – հայտարարել է վարչապետը։
Նա այս հեռանկարը պատմական է համարել՝ ընդգծելով, որ Հայաստանը հնարավորություն է ստանում միաժամանակ ունենալու և՛ խաղաղություն, և՛ անկախ պետականություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսին՝ Վաշինգտոնում։ Սակայն Բաքուն դրա վերջնական ստորագրումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ՝ պնդելով, որ Անկախության հռչակագրին հղումը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Հայաստանի ընդդիմությունը, մինչդեռ, սահմանադրական փոփոխությունները համարում է ադրբեջանական պահանջի կատարում։ Իշխանությունները մերժում են այդ մեկնաբանությունը՝ պնդելով, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարցն է։
Փաշինյանը կրկնել է ընդդիմությանը՝ իշխանությունից հեռանալու իր առաջարկը
Ուղերձի ավարտին Փաշինյանը կրկին դիմել է խորհրդարանական ընդդիմությանը՝ առաջարկելով ապահովել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ վեց ձայնը։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64 պատգամավորական մանդատ, մինչդեռ սահմանադրական հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։
«Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե», – հայտարարել է Փաշինյանը։
Նա վերահաստատել է իր քաղաքական պարտավորությունները հանրաքվեի երկու հնարավոր արդյունքների դեպքում։
«Եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրությանը... ես հրաժարական կտամ։ Իսկ եթե դուք, այսինքն՝ ժողովուրդը կողմ քվեարկի սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական թե արտահերթ, այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու», – ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ Սահմանադրության ընդունման դեպքում մինչև հաջորդ ընտրությունները կշարունակի ղեկավարել կառավարությունը՝ զբաղվելով խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնական ամրապնդմամբ։
Վարչապետը նաև քննադատել է ընդդիմությանը՝ իր առաջարկը մերժելու համար, պնդելով, թե ընդդիմադիր ուժերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։
«Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին։ Հույս ունեմ՝ ընդդիմությունը ետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից», – հայտարարել է նա։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մինչ այդ մերժել էին վարչապետի առաջարկը՝ պնդելով, որ չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանի պահանջների հետ կապվող սահմանադրական փոփոխություններին։
Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագիծը տեղադրվել է հատուկ ստեղծված առցանց հարթակում։ Ըստ վարչապետի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաթղթին և ներկայացնելու իրենց առաջարկությունները։ Նախագծի հանրաքվեի անցկացման ժամկետ դեռևս սահմանված չէ։