Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի իրական նպատակը գործող իշխանության դիրքերի հետագա ամրապնդումն է, իսկ Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու շուրջ ծավալված քաղաքական բանավեճը՝ հանրության ուշադրությունը փաստաթղթի մյուս, առավել էական փոփոխություններից շեղելու միջոց։ Նման գնահատական է ներկայացրել սահմանադրական իրավունքի մասնագետ Արսեն Թավադյանը՝ Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծին։
Թավադյանի համոզմամբ՝ Անկախության հռչակագրի շուրջ քննարկումները կարող են երկրորդ պլան մղել նախագծի այն դրույթները, որոնք առնչվում են պետական իշխանության կազմակերպմանը, լիազորությունների բաշխմանը և գործող քաղաքական համակարգին։
«Ինչպես և ի սկզբանե ակնհայտ էր, սահմանադրության փոփոխությունների հիմնական նպատակը գործող իշխանության դիրքի էլ ավելի ամրապնդումն է», – գրել է սահմանադրագետը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները կենտրոնացրել են նախաբանի վրա՝ դրանով իսկ ստվերելով փաստաթղթի բովանդակային խնդիրները։
«Եվ ինչպես ի սկզբանե ակնհայտ էր, Անկախության հռչակագրի մասին խոսույթն ընդամենը խայծ է, որ մնացած դրույթների քննադատությունն ուղղակի կորի աղմուկի մեջ», – նշել է Թավադյանը։
Սահմանադրագետը կարծում է, որ հրապարակված փաստաթուղթը բովանդակային առումով լուրջ քննադատության հիմքեր է տալիս, սակայն մտավախություն ունի, որ ընդդիմադիր ուժերը կարող են իրենց ուշադրությունը սահմանափակել միայն Անկախության հռչակագրին վերաբերող փոփոխությամբ։
«Այս սահմանադրությունը շատ հեշտ կարելի է բովանդակային ջախջախվել», – գրել է նա՝ հավելելով. «Միակ ձևը, որով նախագիծը կարող է անցնել` եթե ընդդիմությունն ամբողջ խոսույթն ուղղի նախաբանի փոփոխությանը` մոռանալով բովանդակային լրջագույն խնդիրները»։
Թավադյանը, սակայն, իր այս գրառման մեջ չի մանրամասնել, թե նախագծի հատկապես որ հոդվածներն է համարում գործող իշխանության դիրքերի ամրապնդման միջոց կամ սահմանադրական ինչ խնդիրներ է տեսնում դրանցում։
Ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
Նոյեմբերի 23-ին հրապարակված նոր Սահմանադրության նախագիծը փոփոխություններ է նախատեսում ոչ միայն նախաբանում, այլև պետական իշխանության տարբեր մարմինների ձևավորման և գործունեության կարգում։
Մասնավորապես, առաջարկվում է էապես փոխել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման մեխանիզմը։ Գործող Սահմանադրությամբ խորհրդի տասը անդամներից հինգին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, մյուս հինգին՝ Ազգային ժողովը։
Նոր նախագծով ԲԴԽ-ի բոլոր տասը անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Դատավորների ընդհանուր ժողովը պահպանելու է հինգ դատավոր անդամների թեկնածություններ ներկայացնելու իրավունքը, իսկ դատավոր չհանդիսացող անդամներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ։
Առաջարկվում է նաև ընդլայնել վարչապետի սահմանադրական կարգավիճակը զինված ուժերի կառավարման համակարգում։ Եթե գործող Սահմանադրությամբ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարն է միայն պատերազմի ժամանակ, ապա նոր նախագծում այդ սահմանափակումը բացակայում է։
Փոփոխվում է նաև անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման որոշումներ ընդունելու կարգը։ Նոր խմբագրությամբ վարչապետը նման որոշում կարող է ընդունել առանց պաշտպանության նախարարի պարտադիր առաջարկության, սակայն Կառավարությունը պահպանում է այն վերացնելու իրավունքը։
Սրանք նախագծով նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխություններից մի քանիսն են։ Դրանց հնարավոր ազդեցությունը իշխանության ճյուղերի հավասարակշռության և պետական կառավարման համակարգի վրա առանձին մասնագիտական քննարկման հարց է։
Անկախության հռչակագիրը՝ իշխանության և ընդդիմության վեճի կենտրոնում
Նոր Սահմանադրության շուրջ քաղաքական հակասությունների հիմնական պատճառներից մեկը նախաբանից Անկախության հռչակագրին հղման հեռացումն է։
2015 թվականին ընդունված գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում 1990 թվականի Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին։
Նոր նախագծում այդ հղումն այլևս չկա։ Փոխարենը շեշտադրվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու նպատակը։
Հենց Անկախության հռչակագրին հղման հեռացումն է պահանջում Ադրբեջանը՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Բաքուն պնդում է, որ Հռչակագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հիշատակումը ենթադրում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Հայաստանի իշխանությունները հերքում են, թե սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի ճնշման ներքո։
Նոյեմբերի 23-ին ժողովրդին ուղղված ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ Հայաստանը պետք է հրաժարվի հակամարտության տրամաբանությունից և անցնի «Չորրորդ հանրապետության» կառուցմանը։
Վարչապետը նաև պնդել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո հնարավոր կլինի ոչ միայն ստորագրել և վավերացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, այլև հաստատել տևական ու անշրջելի խաղաղություն։
Ընդդիմությունը համախմբվում է նոր Սահմանադրության դեմ
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերը նոյեմբերի սկզբին հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին։
Նոյեմբերի 4-ի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրեսը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», «Հայաքվեն», «Ապրելու երկիրը» և այլ քաղաքական ուժեր։
Համախմբման առաջնահերթ նպատակներից մեկը ձևակերպվել է որպես «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում»։ Մյուս նպատակների թվում նշվել են խաղաղության հաստատումն առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության ու Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, ինչպես նաև ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնումը։
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ չեն աջակցի նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու իշխանության նախաձեռնությանը։
Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սահմանադրական հանրաքվե նշանակելու համար Ազգային ժողովում պակասում է վեց ձայն։
Փաշինյանը ընդդիմությանը առաջարկել է ապահովել անհրաժեշտ ձայները՝ փոխարենը խոստանալով, որ եթե քաղաքացիները հանրաքվեում մերժեն նոր Սահմանադրությունը, ինքը մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա։ Իսկ եթե փաստաթուղթն ընդունվի, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը մերժել են առաջարկը՝ պնդելով, որ չեն կարող աջակցել իրենց գնահատմամբ Ադրբեջանի պահանջով իրականացվող սահմանադրական փոփոխություններին։
Այս պայմաններում Արսեն Թավադյանը զգուշացնում է, որ նախագծի շուրջ բանավեճը բացառապես Անկախության հռչակագրին հղման վրա կենտրոնացնելը կարող է իշխանություններին հնարավորություն տալ խուսափելու փաստաթղթի մյուս դրույթների բովանդակային քննադատությունից։
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է հանրային քննարկման համար։ Դրա հանրաքվեի անցկացման ժամկետ դեռևս սահմանված չէ։