Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը, տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու երկրի աճի հնարավորությունները քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ամերիկացի ճանաչված տնտեսագետ, Սպիտակ տան նախկին տնտեսական խորհրդատու Սունգ Վոն Սոնի (Sung Won Sohn) հանդիպմանը։
Քննարկմանը մասնակցել է նաև վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նոյեմբերի 23-ին Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական մոդելին, դրա զարգացման հնարավորություններին, տնտեսական քաղաքականության մշակման մոտեցումներին և երկրի տնտեսության երկարաժամկետ հեռանկարներին։
Քննարկումների առանցքում եղել են Հայաստանի տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։ Սակայն նախարարությունը չի մանրամասնել, թե մասնակիցներն ինչ առաջարկություններ են ներկայացրել, ինչ գնահատականներ են հնչեցրել գործող տնտեսական մոդելի վերաբերյալ կամ արդյոք հանդիպման արդյունքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
Սունգ Վոն Սոնը միջազգային ճանաչում ունեցող կորեա-ամերիկացի տնտեսագետ է, որն ունի երկարամյա մասնագիտական փորձ պետական կառավարման, բանկային համակարգի, ֆինանսների և ակադեմիական ոլորտներում։
Նա աշխատել է ԱՄՆ Սպիտակ տանը՝ նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդում, զբաղեցրել է «Wells Fargo» բանկի գործադիր փոխնախագահի և գլխավոր տնտեսագետի, ինչպես նաև «Hanmi Financial Corporation»-ի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները։
Ներկայում Սոնը Լոս Անջելեսի Լոյոլա Մերիմաունթ համալսարանի ֆինանսների և տնտեսագիտության պրոֆեսոր է, ինչպես նաև ղեկավարում է «SS Economics» տնտեսական խորհրդատվական ընկերությունը։
Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են մակրոտնտեսական զարգացումները, միջազգային առևտուրը, ֆինանսական շուկաները և նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության վրա։
Ամերիկացի տնտեսագետը Հայաստան է ժամանել Հայաստանի նորարարության հիմնադրամի հրավերով։
Նոյեմբերի 19-ին Սունգ Վոն Սոնը Երևանի պետական համալսարանում հանդես էր եկել «Ֆիզիկական արհեստական բանականություն. երբ բանականությունը մարմին է ստանում» թեմայով հանրային դասախոսությամբ՝ անդրադառնալով արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի զարգացման տնտեսական հետևանքներին։
Դասախոսության ընթացքում նա ընդգծել էր, որ արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի համադրությունը կարող է դառնալ արտադրողականության աճի նոր շարժիչ ուժ՝ իր ազդեցությամբ համեմատելի արդյունաբերական հեղափոխության հետ։
«Մեծ լեզվական մոդելներն ապահովում են ուղեղը, իսկ ռոբոտատեխնիկան՝ մարմինը։ Դրանք գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ»,- հայտարարել էր տնտեսագետը։
Սոնի գնահատմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծումը դեռ բավարար չէ տնտեսական առաջընթաց ապահովելու համար։ Կարևոր է նաև դրանց գործնական կիրառումը, արտադրական գործընթացներում ներդրումը և հասարակության համար հասանելի դարձնելը։
«Գլխավոր խոչընդոտը տեխնոլոգիան չէ։ Դա մենք ենք»,- ընդգծել էր նա՝ խոսելով նորարարությունները իրական տնտեսական արդյունքի վերածելու անհրաժեշտության մասին։
ԵՊՀ-ում անցկացված հանդիպման ավարտին տնտեսագետը պարգևատրվել էր համալսարանի ոսկե մեդալով՝ արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտներում գիտելիքների զարգացման ու տարածման, ինչպես նաև համալսարանի հետ գիտակրթական համագործակցության համար։
Պապոյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում, սակայն, չի նշվում՝ արդյոք քննարկվել են նաև արհեստական բանականության, նորարարությունների կամ տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ Հայաստանի տնտեսական քաղաքականության կոնկրետ նախաձեռնությունները։