Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է արմատապես փոխել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման կարգը՝ դրա բոլոր տասը անդամների ընտրության իրավասությունը վերապահելով Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ խորհրդի անդամների կեսին ընտրում են դատավորները, մյուս կեսին՝ խորհրդարանը։ Նոր նախագծով փոխվում են նաև ԲԴԽ անդամների պաշտոնավարման ժամկետները, նրանց ընտրության պահանջները և դատավորների լիազորությունների դադարեցման ընթացակարգը։
Միաժամանակ նախատեսվում է ընդդիմադիր խմբակցություններին վերապահել խորհրդի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին հրապարակած նոր Սահմանադրության նախագծի 58-րդ հոդվածը նվիրված է Բարձրագույն դատական խորհրդի կարգավիճակին, կազմավորման կարգին և լիազորություններին։
Նախագծով ԲԴԽ-ն պահպանելու է անկախ պետական մարմնի կարգավիճակը, սակայն դրա ձևավորման գործող համակարգը էապես վերանայվում է։
«Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգը դատավոր անդամներ են, մյուս հինգը՝ դատավոր չհանդիսացող անդամներ: Խորհրդի անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով»,- ասվում է նախագծում։
Դատավորներն այլևս ուղղակիորեն չեն ընտրի ԲԴԽ անդամներին
Սա գործող սահմանադրական կարգավորումների համեմատ ամենաէական փոփոխություններից է։
2015 թվականին ընդունված Սահմանադրության 174-րդ հոդվածով ԲԴԽ-ի հինգ անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ առնվազն տասը տարվա դատավորի փորձառություն ունեցող անձանցից։ Խորհրդի մյուս հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։
Նոր նախագծով, սակայն, դատավոր անդամների ընտրության իրավասությունը նույնպես փոխանցվում է խորհրդարանին։
Դատավորների ընդհանուր ժողովը պահպանելու է թեկնածուներ ներկայացնելու իրավունքը, սակայն վերջնական որոշումն ընդունելու է Ազգային ժողովը։
Ընդ որում, նախագծում սահմանվում է, որ դատավոր անդամները պետք է ունենան առնվազն տասը տարվա իրավաբանի մասնագիտական փորձառություն։ Գործող Սահմանադրությամբ պահանջվում է առնվազն տասը տարվա փորձառություն հենց դատավորի պաշտոնում։
Այսպիսով, փոխվում են ոչ միայն ԲԴԽ-ի ձևավորման ընթացակարգերը, այլև դատավոր անդամներին ներկայացվող մասնագիտական պահանջները։
Նոր համակարգում բոլոր տասը անդամների ընտրությունը կախված կլինի խորհրդարանական քվեարկությունից, մինչդեռ գործող կարգով դատական իշխանության ներկայացուցիչներն ինքնուրույն են ընտրում խորհրդի կազմի կեսին։
Ընդդիմությանը վերապահվում է մեկ անդամի թեկնածություն առաջադրելու իրավունք
Մյուս կարևոր նորամուծությունը վերաբերում է խորհրդարանական ընդդիմության մասնակցությանը ԲԴԽ-ի ձևավորմանը։
Նախագծի 58-րդ հոդվածով սահմանվում է, որ դատավոր չհանդիսացող հինգ անդամներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ։
Գործող Սահմանադրությունը նման պարտադիր պահանջ չի նախատեսում։
Այս փոփոխությամբ ընդդիմադիր խմբակցություններն առաջին անգամ սահմանադրական մակարդակով ստանում են ԲԴԽ-ի անդամի թեկնածություն առաջադրելու առանձին իրավունք։
Սակայն թեկնածուի ընտրության համար պահպանվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդի պահանջը։ Այսինքն՝ ընդդիմության առաջադրած թեկնածուն նույնպես պետք է ստանա խորհրդարանի համապատասխան մեծամասնության աջակցությունը։
Փոփոխվում են նաև դատավոր չհանդիսացող անդամներին ներկայացվող պահանջները։
Գործող Սահմանադրությամբ նրանք պետք է ունենան առնվազն 15 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն։ Նոր նախագծով այդ շեմը նվազեցվում է մինչև տասը տարի։
Միաժամանակ պահպանվում են Հայաստանի բացառապես քաղաքացի լինելու, ընտրական իրավունք ունենալու և բարձր մասնագիտական որակների պահանջները։
ԲԴԽ անդամների պաշտոնավարման ժամկետը հինգ տարուց կդառնա յոթ տարի
Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է երկարաձգել Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը։
Եթե գործող Սահմանադրությամբ նրանք ընտրվում են հինգ տարի ժամկետով, ապա նոր տարբերակում այդ ժամկետը սահմանվում է յոթ տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։
Հստակեցվում է նաև ԲԴԽ նախագահի ընտրության կարգը։
Նախագծով խորհուրդն իր կազմից նախագահ է ընտրելու երեք տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու են դատավոր և դատավոր չհանդիսացող անդամները։
Գործող Սահմանադրությունը նույնպես նախատեսում է ԲԴԽ նախագահի ընտրությունը հերթագայության սկզբունքով, սակայն նրա պաշտոնավարման կոնկրետ ժամկետը թողնում է Դատական օրենսգրքի կարգավորմանը։
Նոր նախագծով ավելացվում են նաև խորհրդի անդամների պաշտոնավարման ընթացքում կարիերային առաջխաղացումը սահմանափակող դրույթներ։
Մասնավորապես, դատավոր անդամը չի կարող ընդգրկվել դատավորների առաջխաղացման ցուցակում, նշանակվել Վճռաբեկ դատարանի դատավոր կամ զբաղեցնել դատարանի նախագահի պաշտոն։ Դատավոր չհանդիսացող անդամն էլ իր պաշտոնավարման ընթացքում չի կարող ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում կամ նշանակվել դատավոր։
Դատավորների լիազորությունների դադարեցման հարցում դերակատարություն է ստանում նախագահը
Նոր նախագծով փոփոխվում է նաև դատավորների լիազորությունների դադարեցման ընթացակարգը։
Գործող Սահմանադրության 175-րդ հոդվածով ԲԴԽ-ն ինքն է լուծում դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։
Նոր խմբագրությամբ, սակայն, խորհուրդը համապատասխան առաջարկությամբ դիմելու է Հանրապետության նախագահին։
«Բարձրագույն դատական խորհուրդը [...] դատավորների լիազորությունների դադարեցման առաջարկությամբ դիմում է Հանրապետության նախագահին», – նախատեսվում է նախագծի 58-րդ հոդվածով։
Նախագծի 61-րդ հոդվածն էլ սահմանում է, որ համապատասխան դեպքերում դատավորի լիազորությունները դադարեցվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ԲԴԽ առաջարկությամբ։
Այսպիսով, դատավորների լիազորությունների դադարեցման ընթացակարգում ներգրավվում է ևս մեկ սահմանադրական մարմին՝ Հանրապետության նախագահը։
Միաժամանակ ԲԴԽ-ն պահպանում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու, ինչպես նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ցուցակները հաստատելու լիազորությունները։
Նոր նախագծի մեկ այլ դրույթով Սահմանադրական դատարանին իրավունք է վերապահվում քննել դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների դեմ ներկայացված բողոքները։
ԲԴԽ-ն պետք է հետևի նաև պաշտոնյաների հայտարարություններին
Նոր Սահմանադրության նախագծում ընդլայնվում է ԲԴԽ-ի սահմանադրական առաքելության նկարագրությունը։
Գործող Սահմանադրության 173-րդ հոդվածով խորհուրդը բնորոշվում է որպես անկախ պետական մարմին, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։
Նոր նախագծով այդ գործառույթին ավելացվում է նաև դատարանների և դատավորների գործունեության արդյունավետության ապահովումը։
Բացի այդ, խորհուրդը պետք է նպաստի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության պահպանմանն ու ամրապնդմանը։
Առանձին դրույթով ամրագրվում է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողություններին հետևելու պարտականությունը։
«Բարձրագույն դատական խորհուրդը հետևում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է խաթարել դատարանների անկախությունը կամ հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ», – ասվում է նախագծում։
Սա նշանակում է, որ ԲԴԽ-ի սահմանադրական գործառույթների թվում հստակ ամրագրվում է նաև դատական իշխանության անկախության վրա հնարավոր ազդեցություն ունեցող պաշտոնական հայտարարությունների նկատմամբ ուշադրությունը։
Միևնույն ժամանակ այս դրույթն ինքնին չի սահմանում նման հայտարարությունների համար պատժամիջոցներ կամ դրանց կիրառման ընթացակարգ։
Նախագծով նախատեսվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեության վերաբերյալ ամենամյա հաղորդում պետք է ներկայացնի Ազգային ժողովին։
Դատական իշխանության անկախության նոր մոդել
Այսպիսով, նոր Սահմանադրության նախագծով ԲԴԽ-ի տասը անդամների հարաբերակցությունը պահպանվում է՝ հինգ դատավոր և հինգ դատավոր չհանդիսացող անդամ։ Սակայն դրա ձևավորման մեխանիզմը էապես փոխվում է։
Նախկինում դատական իշխանությունն ինքնուրույն էր ընտրում խորհրդի կազմի կեսին, մինչդեռ առաջարկվող համակարգում բոլոր անդամների ընտրությունը կենտրոնացվում է Ազգային ժողովում։
Միաժամանակ նախագծով նախատեսվում են խորհրդարանական ընդդիմության մասնակցության երաշխիք, անդամների պաշտոնավարման ավելի երկար ժամկետ և դատավորների կարիերային առաջխաղացման լրացուցիչ սահմանափակումներ։
Փոփոխությունները նոր հարցեր են առաջացնում դատական իշխանության ինքնակառավարման և խորհրդարանի մասնակցության հավասարակշռության վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկման առարկա կարող է դառնալ այն, թե բոլոր անդամների ընտրությունը խորհրդարանին վերապահելը որքանով է համատեղելի ԲԴԽ-ի՝ որպես դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի առաքելության հետ։
Նոր Սահմանադրության նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոյեմբերի 23-ին՝ հատուկ ստեղծված yourconstitution.am հարթակում։
Իշխանությունները նախատեսում են նախագիծը ներկայացնել հանրային քննարկման, որից հետո այն կարող է դրվել հանրաքվեի։ Մինչ այդ շարունակում են գործել 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ սահմանված կարգավորումները։