23.11.2024
Մամուլ. Արա Այվազյանն արդեն հրաժեշտ է տվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ «կամանդիրն» այդ որոշումը հեշտ չի կայացրել՝ ընկերները տեւական ժամանակ համոզում էին, որ հաղթած պատերազմի հրամանատարը պետք է դուրս գա քաղաքականությունից, սակայն իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միքայելյանի հրաժարվելու պատճառը շատ կենցաղային է․ նա ցանկացել է իր փոխարեն ավագ որդուն՝ Մեխակին մտցնել ընտրացուցակ, սակայն մերժում է ստացել Փաշինյանի կողմից, ավելի ճիշտ՝ տեղի մասով է եղել անհամաձայնությունը։ Միքայելյանն էլ նեղացել է ու հայտարարել, որ չի առաջադրվի։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ հնարավոր է որդուն տեղավորի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում, եւ ԵԿՄ-ականներն էլ դուրս կգան անհարմար վիճակից՝ հանուն Սասունի ստիպված չեն լինի Արցախը հանձնածին ձայն տալ եւ միահամուռ կաշխատեն Վազգենի եղբոր՝ Արամի համար։ Թեեւ նրա շանսերը բարձր չեն գնահատվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ օրից լրանում է ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ԿԸՀ պետք է ներկայացնեն հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքական ուժերը որոշել են մինչեւ վերջին պահը չբացել փակագծերը։ Այս պահին նախընտրական ցուցակները վերջին խմբագրումներին են ենթարկվում։ Իշխանության ցուցակը, որոշ տեղեկություններով, էականորեն փոխվել է՝ մոտ մեկ ամիս առաջվա տեսքը չունի։ Հայտնվել են նոր անուններ, որոնք «Քաղպայմանագրի» անդամ չեն, հիմնականում տնտեսագետներ են, բիզնեսի ներկայացուցիչներ։ Չի բացառվում, որ ցուցակի առաջին կնոջ հարցում էլ տեղափոխություն լինի Լենա Նազարյանի եւ Լիլիթ Մակունցի միջեւ։ Թեեւ ընտրությունից անմիջապես հետո Մակունցը մեկնելու է ԱՄՆ, քանի որ դեսպանի ագրեմանն արդեն ստացվել է։ Ճիշտ է՝ «Իմ քայլի» վերարտադրությունն օրեցօր ավելի է բարդանում, բայց Փաշինյանն այս օրերին ապագա պորտֆելների բաշխմամբ է զբաղված։ Մինչեւ ցուցակը կազմելը նա հերթով իր մոտ էր կանչում իմքայլական պատգամավորներին, հետաքրքրվում, թե ով իրեն որտեղ է տեսնում՝ հասկացնելով, որ դրսում չեն մնա, եթե անգամ ցուցակում չընդգրկվեն։ Այդ հանդիպումներին էլ թիմը փոխանցել է, որ Լենա Նազարյանից մեծ դժգոհություն կա, որ նա ոչ միայն պասիվ է, այլեւ թայֆաների ձեւավորմանն է նպաստում։ Դժգոհություն կա նաեւ Արարատ Միրզոյանից, եւ չի բացառվում, որ նա էլ պատվավոր թոշակի մեկնի՝ որեւէ երկրում ՀՀ դեսպանի կարգավիճակով։ Դեսպան կարող է նշանակվել նաեւ Տիգրան Ավինյանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, քանի որ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի առջև պետական բարձր պաշտոնում։ Այդ իսկ տրամաբանությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը նա չէ գլխավորում: Միևնույն ժամանակ, երրորդ նախագահը նշել էր, որ ակտիվորեն մասնակցելու է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական: «Փաստ» թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ինտենսիվ ներգրավված է դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքներում: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, այս օրերին իսկական եռուզեռ է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, որտեղ կուսակցության ղեկավարն ընդունում է բազմաթիվ մարդկանց՝ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, շարքային քաղաքացիների: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ բացի գրասենյակային աշխատանքից, Սերժ Սարգսյանը սկսել է մարզային այցեր կատարել: Ի մասնավորի, մեր հավաստի տեղեկություններով, անցած հանգստյան օրերին նա եղել է մարզերում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ամբողջ նախընտրական ժամանակահատվածում նա ակտիվ այցելությունների, ինչպես նաև խորհրդակցությունների ու հանդիպումների մեջ է լինելու: Ասում են՝ դրանցից շատերը գուցե նաև չլուսաբանվեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «2 ընդդիմադիր ռադիկալ դաշինքները՝ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ»-ն ու Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը», այս օրերին զբաղված են նախաքարոզչական այցերով ու հանդիպումներով։ Եթե «Պատիվ ունեմ»-ը որդեգրել է տնետուն, դռնեդուռ գնալու, գյուղերով շրջելու մարտավարություն, որ ծանոթանան քաղաքացիների խնդիրներին, ապա «Հայաստանն» ավելի շատ ակումբային, փակ հանդիպումների կողմնակից է։ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ հանդիպումներ է սկսել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ 2 օր առաջ հանդիպել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, երեկ Արմավիրի մարզի ակտիվի հետ է հանդիպել։ Ի դեպ, եռյակի մյուս անդամները՝ Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, չեն մասնակցում։ Մեզ ասացին՝ դերերը բաշխված են, ամեն մեկն իր թիմով եւ առանձին ուղղություններով է աշխատում։


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած լուրերի համաձայն` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրական այս շրջանում գտել է իր համար քաղաքական հենարան: Թեպետ տեւական ժամանակ շրջանառվում էր, որ Ա. Սարգսյանը հույսը դրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ձեւավորած քաղաքական ուժի վրա, բայց վերջապես հասկացել է, որ անհույս է: Ուստի` ՀՀ նախագահի համար միակ ընդունելի ուժը դարձել է «Լուսավոր Հայաստանը»: Թերեւս` Էդմոն Մարուքյանի մեջ է տեսնում Ա. Սարգսյանն այն պոտենցիալը, որը կարող է դառնալ իր խոսափողը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ ընդամենը մեկ օր է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտերը լրացնելուն, բայց արի ու տես, որ որոշ քաղաքական ուժերում անգամ ընտրություններին մասնակցող ցուցակները դեռ չեն կազմվել: Ավելին` «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, կան պատգամավորի թեկնածուներ, որոնք միայն երեկ գիշեր են իմացել, որ տեղ են գտնելու ցուցակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուռճացնում է պետական ապարատը․ նոր հաստիքներ է բացում՝ երբեմն անօրինական, աշխատանքի է տեղավորում բոլոր այն շրջանակների ներկայացուցիչներին, որոնցից վտանգ է սպասում, որոնք պոտենցիալ ընդդիմություն են։ Օրերս գրեցինք, որ Սամվել Բաբայանի խոսնակ Անուշ Դոլուխանյանը, չունենալով ոլորտի փորձառություն, նշանակվել է Արցախի փոխարտգործնախարար, դեռեւս չեն հայտարարել, բայց Դոլուխանյանը մեզ հետ զրույցում հաստատել է։ Երեկ մեկ այլ նշանակման մասին տեղեկացանք, կրկին՝ պաշտոնական հրամանագիրը դեռեւս չկա։ Խոսքն Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի եղբորը՝ Լյովա Մայիլյանին, ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին է։ Այս դեպքում նա գոնե համակարգի աշխատող է եղել, նույն պաշտոնն է զբաղեցրել 2000-ականներին։ Թեեւ մի կողմից պաշտոնների տեղավորվելու հրմշտոց կա, մյուս կողմից գնալով մշուշոտ է դառնում Արցախի ապագան, եւ ոչ միայն շարքային արցախցիներն են սկսում մտածել արտագաղթելու մասին, այլեւ որոշ բարձրաստիճաններ։ Լուրեր կան, որ հնարավոր է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախ արձակուրդ մեկնի, ապա հեռանա ոչ միայն պաշտոնից, այլեւ՝ Արցախից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանության վախերն ու անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ու չնայած երկրի գլխին իրենց պատճառով կախված մութ ամպերին, իշխանությունները ակտիվորեն լծված են նախընտրական կամպանիայի կազմակերպման գործընթացին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ «վերևներում», թե՛ տեղերում նախընտրական աշխատանքների պատասխանատու պաշտոնյաները հաճախ անգամ աշխատանքի չեն ներկայանում, քանի որ նրանց համար ընտրարշավն այսօր թիվ մեկ օրակարգում է՝ հաշվի առնելով, որ գնալով «քայլողների» օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների թիվը կտրուկ նվազում է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ այս օրերին առանձնահատուկ աշխատանքներ են տարվում ՏԻՄ ղեկավարների հետ։ Խոսքը հատկապես այն համայնքապետերին է վերաբերում, որոնք հաստատ չեն աջակցում գործող իշխանություններին, ինչպես նաև նրանց, որոնց դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի ու իր մերձավոր շրջապատի համար կասկածելի է կամ անորոշ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին մոտ երկու տասնյակ համայնքապետեր կանչվել են իրավապահ մարմիններ։ Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը, որպես կանոն, բավականին վաղեմություն ունեցող ինչոր մանր-մունր գործերի մասին է, հիմնականում՝ արհեստական։ Հաճախ անգամ գործի հետ կապված ոչ մի քննչական աշխատանք չի էլ տարվում, հիմնական նպատակը նրանց՝ տվյալ կառույցներ ներկայանալու հանգամանքն է։ Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս կերպ համայնքապետերին փորձում են հոգեբանորեն ճնշել և «ակնարկել», թե առաջիկա ընտրություններին իրենց ինչպես պետք է պահեն, ինչը, սակայն, պարզապես զվարճացրել է համայնքապետերից շատերին»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Իրանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ միջանցքի հայկական հատվածի օգտագործման հեռանկարով։ Այդ հարցի շուրջ հայկական կողմի հետ քննարկումներ ունենալու համար երեկ Հայաստան է ժամանել Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։ Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Ներկայումս ՀՀ ՏԿԵ նախարարությունն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է նախաձեռնել, որով նախատեսում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը եւ դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։ Աներկբա է, որ այս տարանցիկ տրանսպորտային միջանցքը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ հնարավորություն կտա շրջանցել Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը։ Սա այլընտրանք, հետեւաբար լրացուցիչ հնարավորություն է նաեւ Իրանի համար։ Միեւնույն ժամանակ, Իրանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ է պաշտպանել ավելի վաղ հայտարարած «կարմիր գիծը»։ Առավել եւս հիմա, երբ տնտեսական շահի անվան տակ Թուրքիան փորձելու է տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, Պարսից ծոց-Սեւ ծով երթուղու գործարկումը կյանքի ճանապարհ է լինելու մեզ համար։ Այս դեպքում կոմունիկացիոն կապերի խորացումն ու զարգացումն ունեն ոչ միայն երկկողմ կարեւորություն, այլեւ տարածաշրջանային նշանակության խաղաքարտ են»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նաիրիտ» քիմիական գործարանի հետ առնչվող ցանկացած իրադարձություն «Փաստի» ուշադրության կենտրոնում է: Տարբեր հարցադրումներով փորձում ենք ստանալ պատասխաններ ինչպես պետական գերատեսչություններից, այնպես էլ «Նաիրիտի» նախկին և ներկա աշխատակիցներից: Պաշտոնական հարցումներից մեկով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից մեզ տեղեկացրել էին, որ «գործարանի պարտատերերի նիստում որոշում է կայացվել գործարանի վաճառքն իրականացնել մեկ լոտով, հետևաբար գործարանի սարքավորումների ապամոնտաժում և առանձին վաճառք չի կարող տեղի ունենալ»: Պատասխան հարցման մեջ փոխվարչապետի գրասենյակին խնդրել էինք տրամադրել այդ որոշման պատճենը: Օրերս ստացանք պատասխան, որ հայցվող տեղեկատվության տնօրինողը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն: «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի հետ զրույցում անդրադարձել ենք գործարանը մեկ լոտով վաճառելու որոշմանը, ինչպես նաև այլ հարցերի: Օրերս աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետությունը վճարի իրենց աշխատավարձի պարտքերը: Իսրայել յանը նշում է՝ վաղ թե ուշ, աշխատավարձերի պարտքը պետությունը պետք է վճարի, բայց ինչպե՞ս է դա անելու, այս գործընթացի հետ կապված մի շարք մտավախություններ կան:


«Նախկին կառավարությունը ժամանակին որոշում ընդունեց, որ գործարանի տեխնիկական անվտանգությունը պետք է ապահովեր ԱԻՆ-ը: Կառավարությունը բյուջեով նախատեսել էր, որ «Նաիրիտի» աշխատակիցները պետք է սրա համար աշխատավարձ ստանան, սակայն հետո նրանց ազատեցին աշխատանքից: Հիշեցնեմ, որ երբ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց, բարձրացվեց գործարանում առկա հրդեհավտանգ նյութերի անվտանգությունն ապահովելու հարցը։ 2017 թ.-ին ԱԻՆ-ը պայմանագիր կնքեց գործարանի 116 աշխատակցի հետ։ Աշխատավարձերի վճարման պարտավորությունը դրվեց սնանկության կառավարչի վրա: Պետությունը մեզ հավաստիացնում էր, որ գործարանն իր համար շատ կարևոր է, ուրեմն նա պետք է ամեն ինչ աներ, որ աշխատողների աշխատավարձի վճարումը չկապվեր գործարանի վաճառքի հետ, քանի որ սնանկության կառավարիչն ուրիշ միջոցներ չուներ աշխատավարձ վճարելու: Կառավարությունը և գործարանի համակարգող խումբը ժամանակին ստորագրել էին փաստաթուղթ, որ գործարանը պետք է վաճառվի մեկ լոտով: Այդ մասին ձեզ հայտնել էր նաև Ավինյանի գրասենյակը: Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը պաշտոնական որևէ ուժ չունի կամ այն առհասարակ չկա, հակառակ դեպքում այն կհրապարակվեր: Կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս է կազմված այդ փաստաթուղթը: Տեղեկություններ ունեմ, եթե, իհարկե, այդ որոշումը եղել է, դրանից հետո գործարանում աճուրդներ են կազմակերպվել, գույք է օտարվել, որը կարևոր է գործարանի հետագա աշխատանքի համար: Ստացվում է, որ եթե նման որոշում է կայացվել կառավարության կողմից, սնանկության կառավարիչը խախտել է այն, սնանկության խորհուրդը հետևողական չի եղել իր արձանագրության կատարման մասով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսրայելյանը: Նշում է, որ սնանկության կառավարչի մասով կար հարուցված քրեական գործ, որտեղ նշված էին կառավարչի՝ իր գործունեության ընթացքում կատարված մի շարք խախտումներ: «Բայց մի քանի ամիս առաջ հատուկ քննչական ծառայությունից գրություն ստացա, որ այդ գործը կարճվել է: Գործի մեջ որպես խախտում ութ կետ էր նշված, դրանցից գոնե երեքի դեպքում սնանկության կառավարիչը խախտում է թույլ տվել»,-ընդգծում է գործարանի նախկին տնօրենը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կամ բարձր գների պահպանումը շարունակվում է: Սա մտահոգիչ է այն առումով, որ չեն աճում մարդկանց եկամուտները, կա անգամ նվազման միտում: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հիշեցնում է՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, տարեկան գնաճը կազմում է 5,8, իսկ սննդի դեպքում՝ 7,4 տոկոս, բայց եթե իրական գնաճի մասին ենք խոսում, ապա այն տասը-տասնհինգ տոկոսից պակաս չէ: «Շատ հիմնավոր կասկածներ ունենք և համարում ենք, որ այս ինֆորմացիան արժանահավատ չէ: Գնաճը պետք է ուսումնասիրվի առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում, ոչ թե այն տարբերակով, ինչպես անում են մեզ մոտ: Վերցնում են 470 անուն ապրանք, ուսումնասիրում գները և միջինացված թիվ ներկայացնում: Ես բազմիցս առաջարկել եմ՝ առանձնացրեք տասնհինգ-քսան ապրանք, հաշվարկեք գները և այդ դեպքում հստակ կհասկանանք, թե ինչ չափերի է հասնում գնաճը, օբյեկտիվ պատկեր կունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը: Նշում է՝ պետք է հաշվի առնել, որ կան ապրանքներ, որոնք մարդիկ ձեռք են բերում, ասենք, քսան, անգամ երեսուն տարին մեկ անգամ, ուստի այդ ապրանքի թանկացումը մեծ հաշվով նշանակություն չունի մարդու ընտանեկան բյուջեի վրա: Հետաքրքրվում ենք՝ այդ դեպքում վիճակագրություն իրականացնող պետական կառույցը գնաճն ուսումնասիրելիս ինչո՞ւ չի գնում առաջարկվող ուղիով՝ ուսումնասիրել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գները և այդ դեպքում հասկանալ գնաճի կամ գուցե գնանկման իրական պատկերը: «Քաղաքական ուժին միշտ էլ հարմար է ցույց տալ մի թիվ, որը «ժողովուրդը» հեշտ կմարսի, հատկապես, երբ երկրում հուսահատ տրամադրություններ են»,-պատասխանում է մեր զրուցակիցը:


Պողոսյանն ասում է՝ քաղաքական անկայուն վիճակն, իհարկե, ազդում է տնտեսության վրա, և երբեմն այս թվերն ասվում են մարդկանց հանգստացնելու համար: «Ոչ մեկ անգամ եմ ասել, որ հինգ-վեց տոկոսանոց գնաճը վատ բան չէ, բայց դրան զուգահեռ առաջանցիկ տեմպով պետք է աճեն մարդկանց եկամուտները, ինչպես Արևմուտքում: Գները բարձրանում են հինգ-վեց, բայց եկամուտներն աճում են, օրինակ՝ յոթ-ութ տոկոսով, այդ պատճառով շատերն անգամ չեն նկատում գնաճը: Իսկ ե՞րբ են վերջին անգամ մեր երկրում աճել մարդկանց եկամուտները: Երբ տասը տոկոսով թոշակնե՞րը բարձրացան, բայց դա զավեշտ է, անգամ վիրավորանք»,-ընդգծում է Պողոսյանը: Շուկայում գնաճի, գնանկման, որակի ստուգման առումով շատ կարևոր է, որ ակտիվ գործեն հասարակական կազմակերպությունները: Այդ դեպքում թերևս պետական գերատեսչությունները կզգան հասարակական սեկտորի «ճնշումը»: «Մեր երկրում գնաճին հետևում է երկու գերատեսչություն՝ Կենտրոնական բանկը և Վիճակագրական կոմիտեն: Մենք ժամանակին մասնակցում էինք խանութներում իրականացվող շրջայցերին, գների ուսումնասիրությանը: Հետո, չգիտեմ թե ինչու, քիչ-քիչ մոռացանք դրա մասին: Մյուս հասարակական կազմակերպությունների մոտ էլ ես այդ ձգտումը չեմ տեսնում: Այս գործընթացը երկկողմանի է: Մի կողմից պետությունը ցանկություն չունի ներգրավվելու, մասնակից դարձնելու հասարակական սեկտորին, մյուս կողմից էլ հասարակական սեկտորն է պասիվ: Անկասկած է նաև մեկ բան, որ բավականին սուղ են ՀԿ-ների ֆինանսական միջոցները և աշխատուժը, բայց առաջնային խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու դեպքում ամեն ինչ էլ կարելի է հայթայթել»,- նշում է ՀԿ-ի նախագահը: