28.10.2025
Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է կատարել
prev Նախորդ նորություն

Եվրանեսթ ԽՎ-ն պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

«Բոլորը խաղաղություն են ուզում, բայց այն կարող է տևական լինել միայն արդարության հիման վրա՝ երբ ապահովված և հարգված են բոլոր կողմերի իրավունքներն ու շահերը»,– Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ արդար խաղաղությունը պահանջում է երկուստեք բարի կամք, սակայն Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս հակառակը։ «Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ, միջամտում է մեր ներքին գործերին և նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, ինչը բացահայտ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Բացի այդ, Բաքուն չի դադարեցնում «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործումը»,– ընդգծել է պատգամավորը։


Խաչատրյանը նաև հիշեցրել է Արցախի հայության ճակատագրի մասին․ «Չպետք է լռել Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների և ցեղասպանության մասին։ Այսօր Լեռնային Ղարաբաղում չի մնացել ոչ մի հայ․ ամբողջ բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենի տունը։ Արդյո՞ք Եվրոպան պատրաստ է փակել աչքերը այս հանցագործության վրա և շարունակել երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Մենք պետք է պահանջենք, որ Ադրբեջանը ապահովի տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձը՝ միջազգային մեխանիզմների միջոցով»։


Պատգամավորը նաև կոչ է արել վեհաժողովին հստակ դիրքորոշում ցուցաբերել․


«Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանի ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ Առաջարկում եմ վեհաժողովից ուղերձ հղել Բաքվին՝ ընդգծելով, որ Եվրանեսթը չի հանդուրժի նման անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի կողմից»,– եզրափակել է Արթուր Խաչատրյանը։

Իրավունքների երաշխավորումը ժողովրդավարական կյանքի պայման է. ՄԻՊ
Հաջորդ նորություն next