28.10.2025
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք
prev Նախորդ նորություն

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:

Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել և խնդրել տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին, ովքեր իրենց հերթին գումարները կանխիկացրել և տրամադրել են Ն.Պ.-ին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները:

Բացի դրանից՝ հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել, իբր, մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են նաև վերջիններիս պատկանող մորթված անասունները:

Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափն ընդհանուր կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում Ն․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (105 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 


 

Եվրանեսթ ԽՎ-ն պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Հաջորդ նորություն next