ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 28-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2026 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 19 ծրագիր եւ 105 միջոցառում, որոնց համար նախատեսված է հատկացնել 395 մլրդ դրամ, որից 235 մլրդ դրամը կապիտալ բնույթի, իսկ 160-ը՝ ընթացիկ ծախսերն են:
Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 130,3 մլրդ դրամ, որի շրջանակում իրականացվելու է 3 ծրագիր, 29 միջոցառում, էներգետիկ ոլորտին` 87,1 մլրդ? 4 ծրագրի 11 միջոցառման համար, ջրային ոլորտին` 35,3 մլրդ? 5 ծրագրի 34 միջոցառման համար, տարածքային կառավարման ոլորտին` 142 մլրդ դրամ, որի շրջանակում իրականացվելու է 7 ծրագիր 31 միջոցառումով:
Նախարարի խոսքով տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 126,5 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը, որից 113 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են:
Մասնավորապես 2026 թվականին 60 մլրդ դրամի շրջանակում վարկային միջոցների հաշվին նախատեսված է ավարտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կմ եւ շահագործման ընդունել Լանջիկ-Գյումրի 25,2 կմ ճանապարհահատվածը: Կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը:
Դավիթ Խուդաթյանի տեղեկացմամբ 2026 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 66,5 մլրդ դրամ:
Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 3,6 մլրդ դրամ: «Այս տարի առաջին անգամ պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն ուղեւորներին նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններ»,- ասել է նախարարը: Շուրջ 3 մլրդ դրամ նախատեսված է սուբսիդավորում իրականացնելու համար:
Երկաթուղու համար 2026 թվականին նախատեսված է 247 մլն դրամ:
Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 87,1 մլրդ դրամ: Խոշոր ծրագիրն էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է, որին էլ ուղղված է հատկացման հիմնական մասը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: