28.10.2025
ՀՆԱ աճը կազմել է 5.6 տոկոս. նախարար
prev Նախորդ նորություն

ԲՏԱ նախարարությունը նախատեսում է 2026 թ. իրականացնել 4 ծրագիր՝ 16 միջոցառումներով

ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին շարունակվել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը:


«Նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար 2026 թվականին հատկացվող 31.2 մլրդ դրամի սահմաններում նախատեսվում է իրականացնել 4 բյուջետային ծրագիր՝ 16 միջոցառումներով»,- նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:


Նախարարը մանրամասնել է 2026 թվականին նախատեսվող ծրագրերը:


«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգաման» ծրագրի գծով 2026 թվականին նախատեսվել է հատկացնել 21.1 մլրդ դրամ: Նախարարն անդրադարձել է ծրագրի շրջանակում իրականացվող բյուջետային միջոցառումներին՝ ընդգծելով. «2026 թվականից «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառումը կվերանվանվի «Տեխնոլոգիական կարողությունների եւ հմտությունների զարգացում», որն իրականացվելու է 4 ուղղություններով»:


Ըստ գերատեսչության ղեկավարի՝ առաջին ուղղության շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության տրամաբանությամբ ֆինանսավորում կտրամադրվի տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին ծրագրերի իրականացման համար: Բաղադրիչի բյուջեն կկազմի 30 մլն դրամ: Երկրորդ ուղղությամբ կիրականացվեն դասընթացներ ՀՀ մարզերում տեղեկատվական անվտանգության եւ արհեստական բանականության գործիքների վերաբերյալ: Բյուջեն կկազմի 100 մլն դրամ: Երրորդ ուղղության շրջանակում կկազմակերպվի 2 «Հաքաթոն» փառատոն: Միջոցառման ժամանակ թիմերը կմրցեն իրենց գաղափարներով, նախագծերով եւ արտադրանքներով: Այս բաղադրիչի իրականացման նպատակով կպահանջվի 60 մլն դրամ: Չորրորդ ուղղության շրջանակում, ըստ Մխիթար Հայրապետյանի, կֆինանսավորվի «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի գործունեության ապահովման, ՏՏ դասընթացների կազմակերպման» ծրագիրը: 2026 թվականին ծրագրով նախատեսվում է վերապատրաստել 550 մասնագետ: Ծրագրի յուրաքանչյուր տարվա բյուջեն կազմում է 13 մլն դրամ: 2026 թվականին 10 մլն դրամ կտրամադրվի ծրագրի հանրայնացման նպատակով: Միջոցառման ընդհանուր գումարը կկազմի 213 մլն դրամ:


Անդրադառնալով «Շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցություն» միջոցառմանը՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ գերատեսչության կողմից ընտրվում են ոլորտային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներ եւ աջակցություն է ցուցաբերվում հայկական ոլորտային ընկերություններին ու միություններին: Նախարարի խոսքով միջազգային ցուցահանդեսներին հայկական ընկերությունների միասնական տաղավարով մասնակցության աջակցությունը պայմանավորված է նախեւառաջ հայկական ապրանքանիշերի, ընկերությունների ճանաչելիության զգալի պակասով, ինչը խանգարում է միջազգային շուկաներում առաջխաղացմանը: 2026 թվականին միջոցառման իրականացման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 345 մլն դրամ:


«Հեռահաղորդակցության ապահովում» ծրագրով 964.3 մլն դրամի հաշվին կիրականացվեն «Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգում», «Թվային հեռուստահեռարձակման ապահովման ծառայություններ», «Տվյալների փոխանակման միջգերատեսչական կապի ապահովում» եւ «Տեսալսողական մեդիա ոլորտի կարգավորում» միջոցառումները:


Վերջին՝ չորրորդ ծրագիրը, «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումն» է, որով 2026 թվականին նախատեսվում է հատկացնել ավելի քան 8 մլրդ դրամ: Այն կուղղվի «Տեղեկատվական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման եւ զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացում» եւ «Միասնական թվային միջավայրի ձեւավորում» միջոցառումներին:


Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են արհեստական բանականության ուղղությամբ իրականացվող ծրագրերին, տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ այլ խնդիրների:

Կոչուբաեւի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, փաստաբանը դիմել է դատախազին
Հաջորդ նորություն next