Ադրբեջանի շանտաժին միացած է Հայաստանում գործող մի ստվար հանրային-քաղաքական զանգված
Մի ստվար զանգված համոզում է հայ ժողովրդին, հայաստանյան հանրությանը, որ «քիթը բնից դուրս հանելը» ոտնձգություն է շրջապատի նկատմամբ եւ ենթակա է շրջապատի ձեռամբ «լեգիտիմ պատժի»:
Ավելին, ոչ միայն այդ հարցում են համոզում հանրությանը, կամ փորձում համոզել, այլ նաեւ համոզում են, որ մեր գործերի մեջ խոթվող շրջապատի քիթը եւս լեգիտիմ է այդ դիրքում:
Պետք է խոստովանել, որ նրանց այդ համոզումները անցնում են ոչ առանց հաջողության: Ինչպիսին է հաջողության մասշտաբը, սա է առանցքային հարցերից մեկը: Ըստ իս, այդ մասշտաբը այսպես ասած՝ «անշրջելի» չէ, բայց այդ կետին հասցնելու ուղղությամբ հետեւողական աշխատանքը իհարկե շարունակվում է:
Ով համարձակվում է խոսել մի որեւէ իրավունքից, որը դուրս է մեր «իրավունքների»՝ շրջապատի գծած սահմանից, անմիջապես պիտակավորվում է կամ ռուսական գործակալ, կամ պատերազմի հրձիգ:
Մենք խոսում ենք Հայաստանի հանդեպ Ադրբեջանի շանտաժից, բայց այդ շանտաժին միացած է Հայաստանում գործող մի ստվար հանրային-քաղաքական զանգված, որը հիշողությունից մինչեւ քաղաքականություն հայ ժողովրդին պիտակավորում է «կոնֆլիկտային»:
Նրանց պատկերացմամբ, կամ նրանց տրված հանձնարարականի համաձայն, «ոչ կոնֆլիկտային» է միայն ինֆանտիլ հայ ժողովուրդը, որի կենսագործունեության ամբողջ իմաստը այդ տրամաբանության շրջանակում հասցված է պարզապես աշխարհաքաղաքական վերակողմնորոշման, որը ոչ մի կապ չունի այն խնդիրների հետ, որ պատմությունը դրել է հայ ժողովրդի առաջ պարտության ու Արցախի կորստի հետեւանքով:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան