12.06.2026
Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը զավթելու կոչեր. ՔԿ-ն հայտնել է Ալեն Ղևոնդյանին ձերբակալելու պատճառները

Քիչ առաջ ԶԼՄ-ները գրեցին, որ ձերբակալվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:


ՔԿ֊ից հաստատել են լուրը.


Իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ:


ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել:


Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):


Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:


Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:


Նշենք, որ Տ.Վ.-ն ՀՀԿ-ական ակտիվիստ Տիգրան Վարդանյանն է:


 

Եվս մեկ ընտրատեղամասի ընտրության արդյունքներ ճանաչվել են անվավեր
Հաջորդ նորություն next