Երևանում խցանումները նվազեցնելու համար մարդատար ավտոմեքենաների համար սահմանվելու են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին հունիսի 12-ի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստին, քաղաքապետի աշխատանքների մասին զեկուցելիս, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, որն իր հերթին հանգեցրել է ավտոմեքենաների քանակի կտրուկ ավելացման, գրում է CivilNet-ը։
«Որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, որը մենք տարիների ընթացքում անընդհատ իրականացրել ենք, հանրային տրանսպորտն իր ժամանակացույցով չի կարող աշխատել, եթե մենք չունենանք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար»,- ասել է Ավինյանը։
Նա ընդգծել է, որ ավտոմեքենաների համար «վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ», իսկ դրանք պետք է փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված, ամբողջական ուղեգծերով։ Քաղաքապետի համոզմամբ՝ նման ծրագիր է իրականացվելու Երևանում, ինչպես եվրոպական բոլոր քաղաքներում, սակայն՝ արդեն կոնկրետ թվերի հիման վրա։
Ըստ Ավինյանի՝ որոշումները հիմնվելու են Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի վրա. այս հիմնարկը ստեղծվել է թվային լուծումներ ներդնելու և վերլուծություններ կատարելու նպատակով։ Քաղաքապետը նշել է, որ կենտրոնն արդեն սկսել է կոնկրետ արդյունքներ տալ և ներկայում մրցութային փուլում է. իրականացվում է փորձնական ծրագիր, որով չափվելու է մայրաքաղաքի մուտքերում ավտոմեքենաների հոսքը։ Այս հաշվարկների հիման վրա էլ տարվա ընթացքում ներկայացվելու է փոփոխությունների ծրագիրը։
Քաղաքապետը պարզաբանել է, որ փորձնական ծրագրի արդյունքում հստակ պատկեր կունենան, թե այս պահին քանի ավտոմեքենա է մուտք գործում Երևան, ինչ ծավալի կայանատեղեր պետք է ստեղծվեն քաղաքի մուտքերի մոտ ու քաղաքի ո՛ր հատվածներում, ինչ տեսակի սահմանափակումներ են մտցվելու մարդատար ավտոմեքենաների համար, և ո՛ր հատվածներով են անցնելու ավտոբուսային ու տրոլեյբուսային առանձնացված գծերը։
«Հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իսկ իրականացնելու ենք 2027-ին»,- ասել է Ավինյանը։